‘Գնդապետ Բուդաղյանը առանց փամփուշտի էր գնացել Սյունիքի մարզպետի տան մոտ’

1118

Այունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 19-ամյա Տիգրան Խաչատրյանի և նրա թիկնապահ՝ 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին հուլիսի 24-ի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում: «Ազատություն» ռադիոկայանին այս տեղեկությունը փոխանցել է Խաչատրյանի և Նիկողոսյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը: 

Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով Նուբարաշենի մեկուսարանում գտնվող Խաչատրյանը և Նիկողոսյանը ձերբակալվել էին հունիսի 1-ին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության կապակցությամբ: Սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը երկու օր առաջ բողոքարկել է քննիչի՝ ավելի վաղ կայացրած որոշումը: 
Քննիչը հուլիսի 22-ին որոշել էր մերժել Արտակ Բուդաղյանի պաշտպանի միջնորդությունը՝ Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Ըստ Հայկ Ալումյանի՝ օրենքով սպառնալիք կարող է համարվել այն դեպքը, երբ այդ սպառնալիքն իրականացնելու իրական հնարավորություններ են եղել: Տվյալ դեպքում Բուդաղյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հուլիսի 9-ի որոշման մեջ քննիչ Ղազարյանը գրել էր, թե Արտակ Բուդաղյանը, իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նույն օրը ժամը 23-ի սահմաններում մեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, և իր անվանմամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: Բայց Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը վկայակոչում է ապացուցողական նշանակություն ունեցող հանգամանքը, ըստ որի՝ Բուդաղյանի զենքի մեջ փամփուշտ չի եղել․- «Ես իմ միջնորդությունը հենց այդ հիմքով էի ներկայացրել, որ իրական հնարավորություն չի եղել իրականացնելու նման սպառնալիք, որովհետև զենքը լիցքավորված չի եղել, այդ զենքը կիրառելու որևէ հնարավորություն չի եղել»:
Պաշտպանը վստահեցրել է, որ այդ տվյալները հստակ կան, քննիչը չի էլ վիճարկում, բայց ուրիշ պատճառաբանությամբ է մերժել միջնորդությունը, ասելով, թե կարևոր չէ՝ իրական հնարավորություն ունեցել է, թե ոչ, կարևորն այն է, թե «տուժողը» ինչպես է գնահատել նրա սպառնալիքները՝ որպես իրակա՞ն, թե՞ ոչ:

 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Հայաստանում հրատարակչական գործի զարգացման հեռանկարները’
Հաջորդ հոդվածը‘Մահացած զինծառայողի մայրը խնդրում է գտնել իրական հանցագործին’