‘
Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը, ընդմիջումից հետո նիստը չվերսկսվեց, քանի որ դատարանի դահլիճում չէին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները: Պարզվեց՝ նրանց չեն թողնում մտնել դատարանի շենք, քանի որ վերջիններս հրաժարվում էին անձնական իրերի զննություն անցնել՝ պատճառաբանելով, որ մի քանի քաղաքացիական հագուստով անձանց առանց զննելու են ներս թողել: Դատարանի աշխատակիցներից մեկն ասել էր, թե՝ «մերոնք են, թող անցնեն»: Դատավորը ստիպված եղավ երկու անգամ ընդմիջում հայտարարել, որից հետո տուժողի իրավահաջորդները դատավորի կարգադրությամբ առանց զննություն անցնելու մտան նիստերի դահլիճ:
Երբ դատական նիստը վերսկսվեց, պարզվեց, որ ամբաստանյալ Արման Խաչատրյանը պաշտպան չունի, և այդ պայմաններում նիստը չէր կարող շարունակվել: Դատավոր Դավիթ Հարությունյանը Արման Խաչատրյանին առաջարկեց խորհրդակցել հարազատների հետ փաստաբան ընտրելու հարցում:
Հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 24-ին, ժամը 15-ին:
‘