‘Դեւիդ Բեքհեմը հեռանում է Լոս Անջելեսից’

638

Դեկտեմբերի 1-ին Ամերիկայի ֆուտբոլային լիգայի (MLS) եզրափակիչ հանդիպումը՝ «Դինամո Հյուսթոնի» հետ, վերջինը կլինի «Լոս Անջելես Գելաքսի» թիմի եւ Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմի համար, հաղորդում է կալիֆորնիական թիմի պաշտոնական կայքը:

«Ես «Լոս Անջելես Գելաքսիի» կազմում անհավանական երկար ժամանակ անցկացրեցի սակայն այժմ կցանկանայի իմ խաղային կարիերայի վերջում նոր էջ բացել: Ես սա չեմ դիտարկում որպես ամերիկյան լիգայի հետ իմ հարաբերությունների վերջ, ես կարող եմ ապագայում MLS-ի մասնիկը լինել»,- ասել է Բեքհեմը:

Բեքհեմը «Գելաքսիի» կազմում հանդես է գալիս 2007 թվականից: Վեց մրցաշրջանի ընթացքում նա թիմի կազմում անցկացրել է 98 հանդիպում, խփել 18 գնդակ եւ դարձել 40 գոլային փոխանցման հեղինակ: Երեք անգամ մասնակցել է Բոլոր Աստղերի հանդիպմանը: «Գելաքսիի» կազմում Բեքհեմը նվաճել է 2011թ. ԱՄՆ-ի չեմպիոնի կոչումը: MLS-ի ներկայիս եզրափակիչը նրա համար կլինի երրորդը:

Մի քանի օր առաջ ավստրալիական մամուլում տեղեկություն է տարածվել, որ Բեքհեմը կարող է երկարաժամկետ պայմանագիր կնքել այդ երկրի ակումբներից մեկի հետ: Ամենահավանական ակումբներ են համարվում «Բրիսբեն Ռորը» եւ «Վեսթերն Սիդնեյ Ուոնդերերսը»:

Նախորդ հոդվածը‘Լ.Զուրաբյան. Եթե կա համախմբման շանս, ապա ինչո՞ւ պետք է հրաժարվենք ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. ՄԻԱՎ վարակակիրների թիվը շարունակաբար նվազում է ‘