‘Դի Կապրիոյի օսկարյան անեծքը’

1157

Լեոնարդո Դի Կապրիոյի մասին դատողությունները հստակ բաժանվում են սեռային հատկանիշներով. տղամարդիկ՝ առաջ նա ինձ բացարձակապես դուր չէր գալիս, բայց ժամանակի ընթացքում ավելի ուշադիր հետևեցի ու սկսեցի հասկանալ, որ նա լավ դերասան է…. կանայք՝ պաշտում եմ նրան, Լեոն սուպեր է, սիրո՜ւն, և այլն…

Եթե ուշադիր նայենք, ապա պարզ կդառնա, որ Դի Կապրիոն և՛ «նախկինում», և՛ հիմա, երբ լրացել է նրա 40 տարին, եղել և մնում է այդ սերնդի ամենատաղանդավոր դերասաններից մեկը:

Ինչպես և նրա շատ տաղանդավոր գործընկերները՝ Սքարլեթ Յոհանսոնից մինչև Էլայջա Վուդ, Լեոն նույնպես լուսարձակների տակ է կանգնել երկամյա հասակում: Ապագա կինոաստղի ծնողները, որ ապրում էին արևավառ Կալիֆոռնիայում, հիպիների կյանք էին վարում, իսկ հայրն ընտանիքից հեռացել էր որդու ծնունդից անմիջապես հետո: Հարաբերությունները, սակայն չէին խզվել, և Դի Կապրիո-ավագը որդուն տարել էր մանկական հեռուստաշոուի՝ երեխային ապագա փառքի պատվաստում կատարելով դեռևս անգիտակից հասակում:

1993 թ. Դի Կապրիոն, Ջոնի Դեփի հետ, նկարահանվում է  «Ինչն է մտատանջում Հիլբերտ Գրեյփին» ֆիլմում: Հիլբերտի եղբոր՝ մտավոր թերություն ունեցող Առնիի դերակատարման համար 19 տարին չլրացած դերասանն առաջին անգամ ներկայացվում է թե՛ «Ոսկե գլոբուսի» և թե՛ «Օսկարի»: Դրանից հետո դերասանի կարիերան կտրուկ վերելք է ապրում:

1995 թ. Արթյուր Ռեմբոյի և Պոլ Վեռլենի սիրավեպի մասին պատմող ֆիլմում Դի Կապրիոյի դերակատարումը մինչև այսօր էլ քննադատները համարում են նրա դերասանական կարիերայի գագաթնակետը: Քանի որ «Կատարյալ խավարում» ֆիլմում ծավալվում է համասեռ սիրո թեման, երիտասարդ Դի Կապրիոն այդ ֆիլմից հետո սկսում է սիրավեպեր հաստատել բացառապես թոփ-մոդելների հետ՝ իրար հետևից փոխելով նրանց, որպեսզի ցրի համասեռականության կասկածները: Ու մինչ օրս նա ոչ ընտանիք ունի, ոչ երեխաներ, ու մնում է Հոլիվուդի ամենացանկալի փեսացուներից մեկը:

Հարկ է նշել, որ Դի Կապրիոյի կարիերայի ևս մի հանգրվանն է դառնում 2002 թ. նրա ծանոթությունը Մարտին Սկորսեզեի հետ: Մինչ Դի Կապրիոյին հանդիպելը՝ այս ռեժիսորի սիրած դերասանը Ռոբերտ Դե Նիրոն էր, բայց նա արդեն տարիքն առել է, ու «Նյու Յորքի բանդաները» ֆիլմից սկսած՝ Սկորսեզեի բոլոր ֆիլմերում նկարահանվում է Դի Կապրիոն: Ընդ որում, այդտեղ էլ դարձյալ վրա է հասնում «օսկարյան անեծքը». Սկորսեզեն ինքն իր կարիերայի ընթացքում միակ «Օսկարը»  ստանում է2007 թ. «Ուրացողներ» ֆիլմի համար, իսկ Դի Կապրոյին, որ այդ ֆիլմում իր լավագույն դերերից մեկն է կատարել, դարձյալ ուշադրության չեն արժանացնում: Դրան հետևում են Սկորսեզեի նկարահանած այլ ֆիլմեր, որոնք սիրված դերասանի համար արձանիկ ձեռք բերլու նպատակին էին միտված ՝ «Ավիատոր», «Անիծյալների կղզին», «Գայլը Ուոր-Սթրիթից»: Սակայն ամերիկյան կինոակադեմիան անողոք է ու, թերևս, այն կարծիքին է, որ «ոչ օսկարակիր» քառասնամյա դերասանը դեռևս չի խաղացել իր լավագույն դերը:

Ըստ lenta.ru-ի:

Նախորդ հոդվածը‘Ալբանիայի և Սերբիայի վարչապետները վիճաբանել են Կոսովոյի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Սեւամորթներին հրավիրում են կու-կլուքս-կլան’