‘ԵԴ-ն ՀՀ կառավարությանը Ջհանգիրյան եղբայրների գործով բազմաթիվ հարցադրումներ է արել’

1475

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի և նրա եղբոր` Վարդան Ջհանգիրյանի գործով դիմումների քննությունը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ գործի փաստերը վերաբերում են 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 22-ին, Ազատության հրապարակում Գագիկ Ջհանգիրյանի հայտնի ելույթին և դրան հետևած իրադարձություններին: Այդ ելույթում Ջհանգիրյանը անդրադարձել էր 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված կեղծիքներին, բռնություններին, նաև խոսել էր հոկտեմբերի 27-ի գործի մասին` նշելով, որ կազմակերպիչներին հայտնաբերելու նպատակով բուն գործից անջատված մասով քրեական գործի վարույթը ապօրինի կարճվեց: Ջհանգիրյանը, դիմելով Ազատության հրապարակում հավաքվածներին, ասել էր, որ եթե ժողովուրդը «օգնի ընտրված նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա գործն ամբողջությամբ կբացահայտվի»:

Այս ելույթից հետո` հենց հաջորդ օրը, Գագիկ Ջհանգիրյանը եղբոր հետ միասին Արգավանդի խաչմերուկից ապօրինի զենք կրելու համար բերման ենթարկվեց: Այնուհետև փաստաբանի փոխանցմամբ` նրանք բռնությունների ենթարկվեցին, ապա ապօրինի կալանավորվեցին և դատապարտվեցին ոչ թե ապօրինի զենք կրելու, այլ ոստիկանի նկատմամաբ բռնություն գործադրելու համար: 3 տարվա ազատազրկման դատապարտված նախկին դատախազը անազատության մեջ մնաց 1 տարի 4 ամիս, ապա համաներմամբ ազատ արձակվեց:

«Ընդ որում Արգավանդի խաչմերուկում բռնություն էր գործադրվել նրա եղբոր նկատմամբ, կրակոցներ էին արձակվել և նրա եղբայրը և երկու ոստիկաններ հրազենային վնասվածքներ էին ստացել ոստիկանի կողմից արձակված կրակոցների հետևանքով: Այնուհետև ոստիկանության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչություն բերման ենթարկվելուց հետո նրանք բռնության էին ենթարկվել, Ջհանգիրյանի եղբորը ցույց չէր տրվել պատշաճ բժշկական օգնություն. նա արյունահոսել էր և բժշկական օգնություն չէր ստացել: Բացի դրանից նրանք ապօրինի ձերբակալվել էին, նրանց նկատմամբ ապօրինի կալանքը ընտրվել էր որպես խափանման միջոց և հետագայում երկուսն էլ անօրինական էին դատապարտվել: Եվ այս ամբողջը կապված էր Գագիկ Ջհանգիրյանի ելույթի հետ», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Փաստաբանի փոխանցմամբ` Եվրոպական դատարան ներկայացված դիմումում իրենք հիմնավորվել էին, որ Գագիկ Ջհանգիրյանի դեմ իրականացված քրեական հետապնդումը և հետագայում դատապարտումը պայմանավորված էր Ազատության հրապարակում նրա ելույթով, և որ նա միանշանակ ենթարկվել է քաղաքական հետապնդման իր հայացքների համար: Եվրոպական դատարանը անցած ամիս արդեն իսկ սկսել է քննել այս գործով դիմումները և Հայաստանի կառավարությանը բազմաթիվ հարցադրումներ է արել: Սահակյանը հատկապես ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանը որոշակի կապ է տեսնում Ջհանգիրյանի` Ազատության հրապարակում ելույթի և նրան քրեական հետապնդման միջև: Մասնավորապես, դատարանը Հայաստանի կառավարությանը հետևյալ հարցադրումներն է անում` արդյոք դիմողը իր քաղաքական հայացքների հիմքով խտրական վերաբերմունքի զոհ չի հանդիսացե՞լ, արդյոք քրեական հետապնդումը և հետագայում նրա դատապարտումը չեն հանգեցրե՞լ նրա ազատ արտահայտվելու իրավունքի և խաղաղ հավաքների իրավունքի միջամտությանը:

«Միանշանակ է, որ Եվրոպական դատարանը կապ տեսել է նրա` Ազատության հրապարակում ելույթի և հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդման և դատապարտման միջև: Եվ ակնհայտ է, որ այս հարցադրումներից հետո պետությունը չի ունենալու ոչ մի պատասխան, որպեսզի կարողանա Եվրոպական դատարանին բավարարել և նշել, որ իրականում նրա խոսքի ազատությունը և հավաքների ազատությունը սահմանափակված չեն եղել և նրա նկատմամբ չի եղել խտրական վերաբերմունք», — ասում է փաստաբանը:

Դատարանը հարցադրումներ է անում նաև Ջհանգիրյանին ազատությունից զրկելու օրինականության հետ կապված, և թե արդյոք դիմողի ձերբակալումը հիմնված էր ողջամիտ կասկածի վրա: Ուշագրավ է, որ Եվրոպական դատարանը հարցադրում է արել նաև դատարանի կողմից արդար դատաքննության և անկողմնակալության վերաբերյալ: Մասնավորապես, դատարանը հարցնում է, թե արդյոք դատաքննությունը նախագահող Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների դատավորի անկողմնակալության մասին լեգիտիմ կասկած չի հարցում այն հանգամանքը, որ հենց այդ դատավորի որդին հանդիսացել է Գագիկ Ջհանգիրյանի դեմ քրեական գործի նախաքննություն իրականացրած քննչական խմբի անդամ:

Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը առանձին հարցադրումներ է արել նաև Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործով: Կառավարությունը բոլոր այդ հարցերին պետք է պատասխանի մինչև ապրիլի 9-ը:

Նախորդ հոդվածը‘Ընկեր Մուկուչյան, սիրուն չի 2’
Հաջորդ հոդվածը‘Վահե Հովհաննիսյան. Արդյո՞ք կա բանական փաստարկ, որը ստիպում է տարածաշրջանի պետություններին փակ պահել «աբխազական» երկաթգիծը ‘