‘Եվրամիությունը «Հեզբոլլահը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն’

631

Եվրամիության երկրների կառավարությունները հուլիսի 22-ին որոշում են կայացրել «Հեզբոլլահ» շիա արմատական կազմակերպության ռազմական թևը (Լիբանան) հայտարարել ահաբեկչական կազմակերպություն, հաղորդում է Reuters-ը: Ըստ Reuters-ի աղբյուրների հայտարարության՝ այս կազմակերպությունը շուտով կընդգրկվի հատուկ «ահաբեկչական» ցուցակում, որից հետո նրա նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կկիրառվեն:

Ֆրանսիան, որ քաղաքական և տնտեսական շահեր ունի Լիբանանում, երկար ժամանակ  հանդես էր գալիս նման որոշման դեմ՝ չցանկանալով «Հեզբոլլահին» դուրս մղել օրինական դաշտից: Իրադրությունը էապես փոխվեց անցյալ տարի Բուլղարիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի կազմակերպման մեջ Սոֆիան մեղադրեց լիբանանյան արմատականներին: Չնայած «Հեզբոլլահի» առարկություններին՝ փորձագետների մեծ մասն այն կարծիքի է, որ այդ կազմակերպությունն զբաղված է Եվրամիության տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելով: Բացի այդ՝ Ֆրանսիայի վերաբերմունքը «Հեզբոլլահի» կարգավիճակի նկատմամբ կտրուկ փոխվեց նաև այն բանից հետո, երբ լիբանանյան գրոհայինները սկսեցին մասնակցել Սիրիայի ռազմական գործողություններին, որտեղ նրանք բացահայտորեն կանգնեցին Բաշար Ասադի վարչակարգի կողքին:

«Հեզբոլլահը» ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու փաստը կնշանակի նրա հաշվեհամարների սառեցում եվրոպական բանկերում, նրա անդամների ուղևորությունների արգելք Եվրամիության անդամ երկրներ, ինչպես նաև՝ նրա ղեկավարների ձերբակալություն, եթե նրանք հայտնվեն Եվրոպայում: Ավելի վաղ այս կազմակերպությունն ահաբեկչական էր ճանաչվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից: Բացի այդ՝ նրա դեմ պատժամիջոցներ էին մտցրել Պարսից ծոցի արաբական հարուստ երկրները, որոնք լիբանանյան շիաներին համարում էին Թեհրանի գործակալներ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կիմ Չեն Ինի կրտսեր քույրը՝ Կորեայի աշխատանքային կուսակցության արարողակարգի ծառայության ղեկավար’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիա. Ֆրանցիսկոս պապի առաջին արտասահմանյան ուղևորությունը’