‘Եվրոպական ֆուտբոլի ամենաուշագրավ հանդիպումները` բացի «սուպերկլասիկո»-ից’

1513

Ակումբային ֆուտբոլում, ազգային հավաքականների հանդիպումներով պայմանավորված դադարից առաջ, բացի «սուպերկլասիկո»-ից՝ շաբաթ և կիրակի օրերին կկայանան բազմաթիվ հետաքրքիր հանդիպումներ:  iLur.am-ը բոլոր այն ֆուտբոլասերներին, որոնց համար ֆուտբոլը չի սահմանափակվում «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հակամարտությամբ, առաջարկում է հետևել շաբաթ և կիրակի օրերին կայանալիք հանդիպումներից ամենաարժանիներին:

«Նյուքասլ»«Մանչեսթեր  Յունայթեդ»

Կիրակի ժ. 19:00

Այս թիմերի միջև վերջին հանդիպումը տեղի ունեցավ ընդամենը ութ օր առաջ, Լիգայի գավաթի շրջանակներում, որտեղ երկու թիմերն էլ դուրս էին բերել ոչ լիարժեք հիմնական կազմեր: Այդ խաղում հաղթանակից հետո Ֆերգյուսոնի սաները պարտություն կրեցին տանը` «Տոտենհեմ»-ից, և դժվարին հաղթանակ տարան ՉԼ-ում: Արդեն հիմա մրցաշրջանի մեկնարկին «Մանչեստեր Յունայթեդ»-ը շատ մեծ կախվածություն ձեռք բերեց Ռոբին վան Պերսիի գոլերից, առանց որոնց թիմն ընդամենը մեկ հաղթանակ է տարել Պրեմիեր լիգայում: Շաբաթվա ընթացքում խոսակցություններ տարածվեցին նաև Ֆերգյուսոնի և Նանիի կոնֆլիկտի մասին: Ալան Պարդյուի սաները թեև անցած մրցաշրջանի խաղամակարդակին դեռ չեն հասել, բայց շարունակում են առաջատարների համար մնալ «պինդ ընկույզ»: Հինգշաբթի օրը «Բորդո»-ի նկատմամբ տարած հաղթանակը միայն լավ լիցքեր է հաղորդել նրանց, և մանկունյանցիներից միավորներ խլելն այդքան էլ անհավանական չի թվում:  

«Հանովեր 96» «Բորուսիա Դորտմունդ»

Կիրակի ժ. 19:30

Հանովերցիներն անցած շաբաթվա ավարտին Համբուրգից կրած պարտությունից հետո՝ հինգշաբթի օրը, վերականգնեցին սեփական երկրպագուների հավատը՝ հաղթանակ տանելով Եվրոպայի Լիգայի դժվարին դասավորվող «Լևանտե»-ի դեմ խաղում և երկրի չեմպիոնի հետ դիմակայությունում պետք է փորձեն հաստատել իրենց լուրջ հավակնությունները «Բունդեսլիգա»-ում: Դորտմունդցիները, իրենց հերթին, Մյուխենգլադբախի «Բորուսիա»-ի ջախջախումից հետո ևս մեկ փայլուն հանդիպում անցկացրին՝ այս անգամ ՉԼ-ի շրջանակներում «Մանչեստեր Սիթի»-ի դեմ, որտեղ միայն Ջո Հարտի վստահ խաղը խանգարեց նրանց արժանիորեն վաստակել հերթական երեք միավորը:

Յուրգեն Կլոպի թիմում Մարկո Ռոյսը աստիճանաբար վերածվում է իսկական առաջատարի, իսկ կիսապաշտպանությունում իր հասուն խաղով աչքի է ընկնում Գյուդոգանը, ում կարծես թե հաջողվում է մոռացության մատնել Նուրի Շահինին:

Հանդիպումը ազդրի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել դորթմունդցիների կենտրոնական պաշտպան Մատս Հյումելսը, դրան համադրելով «Հանովեր»-ի հարձակվող Սաբոլչ Հյուստի լավ մարզավիճակը՝ էլ ավելի են մեծանում գոլառատ հանդիպման ակնկալիքները: Այս թիմերի միջև կայացած վերջին հինգ հանդիպումներում միջին հաշվով գրանցվել է չորս գոլ:

«Միլան»«Ինտեր»

Կիրակի ժ. 22:45

Ընդամենը երկու- երեք տարի առաջ միլանյան «դերբի»-ն դիտարկվում էր գրեթե նույն հարթության վրա, ինչ իսպանական «սուպերկլասիկոն», սակայն 2010-ին «Ինտեր»-ի ՉԼ-ում հաղթանակից հետո շատ բան է փոխվել, և այս մրցաշրջանում դժվար է միլանյան ակումբներից լուրջ մրցակցություն ակնկալել Յուվեի դեմ պայքարում:

Խայտառակ մեկնարկից հետո Ալեգրիի թիմը դանդաղորեն վերագտնում է իր խաղը, որտեղ բազմաթիվ խնդիրների կողքին հիանալի է հանդես գալիս Էլ Շարավին: Ստրամաչիոնի թիմում հիմնական խնդիրները կապված են վնասվածքների հետ, որոնց պատճառով դերբին բաց կթողեն առանցքային փորձառու խաղացողներ Կիվուն, Ստանկովիչը, Սնեյդերը և Պալասիոն: Ստրամաչիոնիի խոսքերով՝ չորեքշաբթի օրը Պետերբուրգում տարած կարևոր հաղթանակից հետո «Միլան»-ը հանդիպման ֆավորիտն է: Պետք է ընդգծել նաև, որ Ստրամաչիոնին Եվրոպայի Լիգայի Բաքվի «Նեֆթչի»-ի դեմ խաղում չկարողացավ կազմն ամբողջովին ռոտացիայի ենթարկել, և հիմնական խաղացողների մի մասը հանգստի ընդամենը մեկ օր կունենա:

«Նապոլի»«Ուդինեզե»

Կիրակի ժ. 22:45

Նեապոլցիները, հիմնականում՝  Կավանիի շնորհիվ, միակ թիմն են, որ դեռևս կարողանում են «Ա Սերիա »-ում դիմանալ Յուվեի ռիթմին, փոխարենը Նեապոլում կարծես թե ընդհանրապես չեն կարևորում Եվրոպայի Լիգան,  ինչը չի թաքցնում նաև Վալտեր Մաձարին: Գվիդոլինիի թիմը, հակառակը, ՉԼ-ի որակավորումից դուրս մնալուց հետո շատ ավելի լավ է հանդես գալիս Եվրոպայի Լիգայում, որտեղ հինգշաբթի օրը հյուրընկալվելիս կարողացավ հաղթել «Լիվերպուլ»-ին, իսկ առաջնությունում վեց հանդիպումներից հաղթանակով է ավարտել ընդամենը մեկը: Չնայած անհաջող մեկնարկին՝ «Ուդինեզե»-ն ունակ է պայքարել ՉԼ-ի ուղեգրի գոտու համար: Հանդիպումը հետաքրքիր է թվում նաև տակտիկական առումով, քանի որ երկու ակումբների մարզիչներն էլ նախընտրում են հանդես գալ Իտալիայում լայն տարածում գտած «3-5-2» մարտավարությամբ:

«Օլիմպիկ Մարսել»«ՊՍԺ»

Կիրակի ժ. 23:00

Հերթական «կլասիկոն»` այս անգամ ֆրանսիական: Մարսելցիները, հրաժեշտ տալով Դիդյե Դեշամին, ով գլխավորում էր ազգային հավաքականը, ամռանը անակնկալ կերպով գլխավոր մարզչի դերը վստահեցին Էլյի Բոպին, ում վերջին ակումբը՝ «Նանտ»-ը Բոպի գլխավորությամբ լքեց առաջին լիգան: Բոպի սաները  լավ սկսեցին առաջնությունը և մինչև «Վալենսյեն»-ից կրած խոշոր՝ 4-1 հաշվով պարտությունը, տպավորություն էին ստեղծում, որ չեմպիոնի տիտղոսի համար հենց իրենք են մրցակցելու փարիզցիների հետ: Իսկ Կառլո Անչելոտիի թիմը, մեկնարկային երեք ոչ-ոքիներից հետո, հետագայում խաղ առ խաղ ավելացնում է,  թեև աստղային ձեռքբերումներից միայն Իբրահիմովիչն ու Վերատտին են ակնկալելի խաղային մակարդակի վրա: Հավանական հաղթանակի դեմքում ՊՍԺ-ն միավորներով կհավասարվի «Մարսել»-ին և, ամենայն հավանականությամբ, մինչև մրցաշրջանի ավարտը կմնա առաջին տեղում:

«Ատլետիկո Մադրիդ»«Մալագա»

Կիրակի ժ. 23:30

Չնայած սուպերկլասիկոն ամեն անգամ ստվեր է գցում «Պրիմերա»-ի մնացած բոլոր հանդիպումների վրա՝ այս հանդիպմանը, միևնույն է, կարելի է առանձնակի հետաքրքրությամբ հետևել՝ հաշվի առնելով նաև այն, որ խաղը կսկսի «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ»-ից անմիջապես հետո: Իսպանիայում մրցաշրջանի սկզբից խոսում են այն մասին, որ հենց այս երկու ակումբներից մեկը կարող է փոխարինել թուլացված «Վալենսիա»-ին «ընդմիշտ երրորդ»-ի կարգավիճակում: Երկու թիմերն էլ գտնվում են հիանալի մարզավիճակում, որտեղ փայլում են մեր օրերի լավագույն «9»-ը Ռադամել Ֆալկաոն և Իսպանացի ամենատաղանդավոր երիտասարդներից մեկը՝ Իսկոն: Հետաքրքիր կլինի հետևել նաև երկու լատինաամերիկացի մարզիչների` Դիեգո Սիմեոնեի և Մանուել Պելլեգրինիի հակամարտությանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը ճաշել է ԵՄ դեսպանների հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայի կառավարությունն առաջարկում է փոխել կայսերական ընտանիքի կանանց կարգավիճակը ‘