‘Զինվորներին շնորհավորում են սիրելիները’

10457

Բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ iLur.am-ի միջոցով  զինծառայողներին իրենց բարեմաղթանքն են հղել նրանց սիրելիները.         





                           

\"\"Նարինե Գևորգյան

«Երբ դու չկայիր, հեռվում էիր` Տիեզերքում, Աստծո թևի տակ, աշխարհն էլ մի տեսակ հեռու էր ինձանից: Երբ ծնվեցիր, աշխարհն ինձ տվին, աշխարհով մեկ եղա: Առաջին լացը, առաջին ժպիտը, առաջին բառը, առաջին քայլը` յուրաքանչյուրը մի մեծ ու լուսավոր դուռ էր դեպի աշխարհը, դեպի կյանքը: Երջանիկ էի: Մեծանում էիր, ու մեծանում էր քո ստեղծած աշխարհը: Երբ հինգ տարեկան էիր, մեծ եղբայրդ Արցախում էր` Հայկական բանակում: Արձակուրդ եկավ և զինվորական շորեր բերեց քեզ համար: Հագար ու դարձար պստիկ զինվոր:

Ես դեռևս այն ժամանակ հպարտանում էի քեզնով: Հետո դպրոց, համալսարան ու արդեն իսկական Հայկական բանակ: Սիրահարվում էիր, ես էլ քեզ հետ սիրահարվում էի քո սիրելիներին, քեզ հետ տանջվում կամ երջանկանում: Հպարտ եմ քեզնով հիմա, անհանգիստ նաև` մոր սիրտ է` միշտ անհանգիստ: Այսօր քո տոնն է ու շնորհավորում եմ քեզ, ինձ, բոլորիս, որ ունենք բանակ, որ այդ բանակում դու ես ծառայում, պաշտպանում ես մեզ, անհանգստանում ես մեզ համար:

Հիմա թերթում եմ ալբոմները, դիտում անցած-գնացած օրերը, կարոտում եմ քեզ, կարոտում եմ մեր միասին եղած օրերին ու ինձ ասում` ապրի Գոռը, լավ է ծառայում, իսկական տղամարդ է դառնում, Հայրենիքի պաշտպան: Ես երջանիկ եմ, որ դու այդպիսին ես` հայրենիքով ապրող, հայրենիքի սրբությունները սրտում պահող, իմ սիրելի փոքրիկ Գոռ, որ հիմա իմ երկու հասակին ես, բայց իմ փոքրիկ Գոռն ես: Հիշիր, քեզ սիրում են բոլորը, սպասում են»:

 

\"\" Մարգարիտա Մանուկյան

Զինվորս, բարև։ Տոնդ շնորհավո՛ր։  Հայկական բանակի զինվոր լինելուդ առթիվ երկրորդ անգամ եմ շնորհավորում ։ Սա կրկնակի ուրախություն է։  Հաջորդ տարի շնորհավորելիս թեպետ  համազգեստդ հագիդ չի լինի,սակայն  հպարտությունը, որ կուտակել ես իմ մեջ այս երկու տարիների ընթացքում՝ որպես արժանի ու այդչափ հայրենասեր զինվոր, երբեք չեմ մոռանա։ Դու ծառայում ես այն բանակում, որն իմ ու քո հասակակիցն է, և որը ստեղծվել է սարսափելի ժամանկներում,  երբ ամեն վայրկյան իմ, քո ու մեր բոլոր հարազատների գլխին կախված էր մահվան վտանգը, երբ ամեն վայրկյան արկեր էին պայթում, ռմաբկոծության ամեն պահին այդ խուլ շաչյունից մենք՝մանուկներս, լալիս էինք:

Իսկ այդ պահերին մեզ փրկում ու իրենց կյանքն էին զոհում հերոս զինվորները՝ հորեղբայրս, քո հայրը, քեռիդ և նրանց քաջ ընկերները: Բոլոր այդ քաջերի տոնն է այսօր և այն հերոսների, որոնք ծանր շիրմաքարի տակ են պառկած, սակայն հոգով արծվապտույտ են տալիս այն երկնքում, որի խաղաղությունը հիմա դու ես պահպանում։ Դու մեր պաշտպանների պաշտպանն ես:

Բարի ու անխռով ծառայություն հայկական բանակի բոլոր զինծառայողներին,քեզ, Կարեն, բոլոր-բոլոր նրանց, ովքեր զինվորական համազգեստ են կրել,շնորհավորում եմ:

 

\"\"

Անիտա Մարգարյան

Գրում եմ իմ զինվորին… Այն հազարավոր զինվորներից միայն մեկին, ով ապրում է իմ սրտում… Ով բնակվել է այստեղ` առանց նույնիսկ թույլտվություն հարցնելու… բայց ոչինչ… դա բնորոշ է իր բնավորությանը…
Գրում եմ տողեր, որոնք չի կարդալու, ընկնում են արցունքներ, որ նա չի տեսնելու: Արցունքներ, որ անմիջապես լցնում են աչքերս, երբ մտածում եմ, որ կարող է ինչ-որ բան պատահել զինվորիս հետ, իմ զինվորի հետ: Զինվորի, ով, ինչպես նա է ասում, ծառայում է, որ ես հանգիստ լինեմ, բայց չի էլ հասկանում, որ ես երբևէ ավելի անհանգիստ չեմ եղել:

Գրում եմ և թռչում մտքով իր մոտ… մտքով… Ժպտում եմ… որովհետև հաստատ գիտեմ` թևեր ունենայի, կթռչեի, կհասնեի, կտեսնեի, կգրկեի… ու երբեք բաց չէի թողնի, որովհետև սիրում եմ: Որովհետև նա իմ նոր օրն է, իմ նոր շունչն է… իմն է… իմը: Իմ պաշտպանը… իմ զինվորը: Բայց նա ինձ պետք է հիմա ու կողքիս, որովհետև ես մրսում եմ: Մրսում եմ ու չեմ կարողանում տաքանալ, որովհետև միայն նա է կարողանում ինձ ջերմացնել: Մրսում եմ և կարոտում: Կարոտում եմ նրա շնչառությունը, որ լսում էի ու զգում: Զգում էի մաշկիս վրա, զգում եմ հոգուս վրա:
Կարոտում եմ… սպասում եմ… սիրում եմ… Շնորհավոր տոնդ, հայ զինվոր, քեզ փառք ու պատիվ, թող բազուկդ միշտ ամուր լինի: Քեզ խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ: Հիշիր, որ քեզ սպասում ենք ու անսահման սիրում:

 Զառա Բորանյան 

\"\"

Շնորհավորում եմ Հայոց բանակի տոնը, նախ խաղաղություն եմ մաղթում Հայաստանին: Զինվորներին, մասնավորապես իմ սիրելի Դավթին, մաղթում եմ բարի ծառայություն ու շուտափույթ վերադարձ, համբերություն իրենց սպասող աղջիկներին: Կարևորն այն է, որ բոլորը գիտակցեն բանակի ու ծառայության կարևորությունը:

ՀԳ: Վերջում խորհուրդ կտամ աղջիկներին, որ հասկանան ծառայության մեջ գտնվող իրենց սիրելիներին ու ոգեշնչեն նրանց: 

 

\"\"Պ. Շախբազյան

Կարոտ… առաջ՝ շատ օտար ու շատ անծանոթ բան, բայց հիմա՝ շատ մոտիկ, հարազատ ու տանջող մի բան: Շատ եմ կարոտում եմ իմ զինվորին ու հպարտությամբ եմ ասում, որ զինվոր ունեմ, ում սիրում եմ, կարոտում, մտածում նրա մասին ու հպարտանում դրանով, գիտեմ որ ծնողներդ էլ են հպարտանում ու սպասում քո զորացրմանը: Սիրում եմ քեզ, իմ միակ սեր, սիրելի Համլետ: Շնորհավորում եմ քո ու քո ծառայակիցների տոնը, հիշիր, սիրում եմ ու սպասում քեզ: 

 

 

 

\"\"Ռուզան Պետրոսյան

Տոնդ Շնորհավոր, հայոց սահմանին կանգնած իմ հպարտ զինվոր: Երջանիկ եմ, որ հենց դու ես այն հազարավորներից մեկը, ով հսկում է մեր խաղաղությունը: Հիմա ավելի քան երբևէ ուզում եմ, որ ԴՈՒ ու քեզ նման ծառայողներն առողջ ու անփորձանք լինեն:

Իմացիր, Սամվել, որ գժվելու աստիճան քեզ սիրում ու կարոտում եմ: Վայրկյաններն անգամ հաշվում ու անհամբեր սպասում եմ վերադարձիդ: ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ


Պատրաստեց Լիլիթ Լալայանը


Նախորդ հոդվածը‘Վենետիկի հանձնաժողովը քննադատել է հանրահավաքների մասին Ռուսաստանի օրենքը’
Հաջորդ հոդվածը‘Արա Պապյանն առաջարկում է պարտադիր զորակիչից անցնել կամավորական հիմունքներով հավաքագրվող բանակի’