‘Զոհված զինծառայողի մայրը կոչ է անում ձայն չտալ Սերժ Սարգսյանին’

1039

Հայաստանում չկա արդարադատություն: Այն թաղված է երկրի ընդերքում հազարավոր կիլոմետր խորությամբ մագմայի հաստ շերտի տակ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է զոհված զինծառայող Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը:

«Արդարադատությունը այդտեղից հանելու համար հուժկու երկրաշարժ է պետք: Չկա արդարադատություն, բայց կա նախարարություն եւ նախարար: Կարելի է ճշգրտում մտցնել եւ անվանել՝ ԱՆարդարադատության նախարարություն եւ նախարար, հայտնում է news.am-ը:

Չկան դատարաններ, կան շինություններ, որտեղ դատավորի սքեմով մարդիկ՝ դատավորներ, ամեն ինչ անում են իսկական մարդասպաններին ոչ միայն ցմահ բանտարկությունից ազատելու, այլ նաեւ 15-20 տարվա պատժից ազատելու համար: Չկա օրենքի գերակայություն, բայց կան տարբեր օրենսգրքեր: Նույնիսկ՝ դատավարական օրենսգիրք, որի անհրաժեշտությունը ընդհանրապես չկա: Եթե դատավորը անկախ է, ուրեմն նա անկախ է միայն ու միայն օրենքից եւ ցանկացած պարագայում ցանկացած օրենք կարող է վերաձեւել իր կամայականությամբ, անվարան մերժել ցանկացած միջնորդություն՝ որքան էլ այն կարեւոր լինի հանցագործությունը բացահայտելու համար»,- նշել է նա:

«Չնայած… ի՞նչ եմ ասում, ոչ մի չբացահայտված հանցագործություն էլ չկա, բոլորի համար ամեն ինչ պարզից էլ պարզ է, այլապես ինչու պետք է դատավորն ու դատախազները ձեռք-ձեռքի տված ամեն ջանք թափեին սպանությունները կոծկելու եւ կեղծ ինքնասպանության վարկած առաջ տանելու համար: Մեր բազմաթիվ բողոքի ակցիաներին քաջատեղյակ նախագահը ոչ մի քայլ չարեց բանակում դիտավորյալ սպանությունների քանակը նվազեցնելու եւ դրանք բացառելու համար: Ոչ մի մարդասպան պատասխանատվության չենթարկվեց: Եվ քանի գնաց ահագնացավ արտագաղթը Հայաստանից: Նրանք հեռանում են՝ փրկելու իրենց որդիներին այսօրվա համատարած նախճիրից:

Հայաստանում ոչ մի պետաիրավական համակարգ չի գործում. Այն տպավորությունն է, որ ապրում ես մի մեծ մարիոնետային թատրոնի տարածքում, ուր խամաճիկները շարժվում են մեկ մարդու մատների շարժմանը համընթաց: Ասեմ ավելին՝ Սահմանադրությունը առ ոչինչ է, իսկ սահմանադրական դատարանը ոչ ավելին քան վերաքննիչ դատարան»,- արձանագրել է զոհված զինծառայողի մայրը:

«Այսօր ակնհայտ է, որ այս իշխանության պայմաններում ոչ մի արդարադատություն չի լինի, եւ այն մագմայի հաստ շերտի տակից հանելու բեռը, ինչպես բոլոր ժամանակներում, ընկած է այս երկիրը սիրող եւ այս երկրի ցավով ապրող մի խումբ նվիրյալների վրա: Ուրեմն լինենք այդ նվիրյալ երկրաշարժը, որը երկրի ընդերքից որպես մի հզոր հրաբուխ դուրս կմղի լավան եւ մաքրագործող կրակով կսրբի Հայաստանն ու Հային, եւ այն կդառնա արդարության օրրան:

Ես՝ որպես մի նվիրյալ հայ կին եւ հայ մայր, ում որդուն հոշոտեց ապականված համակարգը եւ շարունակում է հոշոտել, հայտարարում եւ հորդորում եմ սրտացավ եւ ողջամիտ հայրենակիցներիս, որ ոչ մի ձայն չտան Հայաստան աշխարհը դեպի անդունդի հատակը գլորող այսօրվա կառավարող իշխանությանը՝ իր նախագահով: Ուրեմն մի մոռացեք, որ ջրի կաթիլը ժայռ է ծակում: Յուրաքանչյուրս դառնանք ժայռ ծակող ջրի կաթիլ»,- ամփոփել է Հասմիկ Հովհաննիսյանը:

Նշենք, որ   լեյտենանտ Արտակ Նազարյանը մահացել էր 2010թ. Իջեւանում: պաշտոնական վարկածով նա ինքնասան է եղել, սակայն հարազատները պնդում են, որ լեյտենանտին սպանել են:

Նախորդ հոդվածը‘Արա Պապյանն առաջարկում է պարտադիր զորակիչից անցնել կամավորական հիմունքներով հավաքագրվող բանակի’
Հաջորդ հոդվածը‘Ֆան շարժման պատասխանը Գևգեոզյանին’