‘Զուրաբյան. ՀՀ-ում ընտրություններին մասնակցելը նման է շուլերների հետ պոկեր խաղալուն ‘

767

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ընտրական բարեփոխումների փաթեթը, որոնք Կոնգրեսը ներկայացրել է ԱԺ-ին եւ հայտարարեց, որ ընդդիմությունը կարեւորում է այս օրինագիծը, քանի որ «մենք գտնվում ենք նախագահական ընտրությունների շեմին, որոնք բախտորոշ նշանակություն ունեն մեր ազգի, պետության համար»:

«Բայց այդուհանդերձ պետք է փաստենք, որ Հայաստանում այսօր ընտրությունների մեխանիզմ գոյություն չունի, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ընտրություններ չեն: Այն, ինչ կատարվեց մայիսի 6-ին, ընտրություններ չէին, դա շուլերական խաղ էր, պետականորեն կազմակերպված զանգվածային ընտրակեղծարարություն: Նման պարագայում մենք չենք գտնվում կլասիկ դեմոկրատական պետությունում, չկան դասական ընտրություններ անցկացնելու պայմաններ, մենք չենք մրցակցում թեկնածուների հետ, մեր հիմնական հակառակորդը կոնկրետ թեկնածուն չէ, այլ այն ռեժիմը, որը այսօր կառավարում է Հայաստանը», — նշեց Զուրաբյանը:

Նրա խոսքով, Հայաստանում ընտրություններին մասնակցելը նման է շուլերների հետ պոկեր խաղալու իրողությանը, երբ «գնում-նստում ես խաբեբաների հետ, եւ պետք է մտածես, թե ինչպես բռնես շուլերների ձեռքը»:

«Ռեժիմի հիմնական մեխը կեղծված ընտրությունների միջոցով ժողովրդին հուսալքելն է: Մեր հասարակության զգալի մասը հուսալքված է եւ չի հավատում արդար ընտրություններին: Սա է, որ ռեժիմը փորձում է օգտագործել իր օգտին: Ժողովուրդը հոգնել է կեղծված ընտրություներից եւ բնական է, որ արտագաղթը Հայաստանից իսկապես նոր թափ է ստացել, եւ դա առաջին հերթին ոչ թե սոցիալ-տնտեսական ծանր վիճակի հետ է կապված, այլ այն անելանելիության զգացողության հետ, որը պատել է հասարակությանը: Այս պարագայում առանցքային ենք համարում ընտրական ամբողջ համակարգի արմատական վերափոխման անհրաժեշտությունը, պետք է մի այնպիսի վերափոխում կատարենք, որը կվերադարձնի ժողովրդի հավատքը ընտրությունների նկատմամբ», — նշեց Զուրաբյանը:

Այդ կոնտեքստում էլ Լեւոն Զուրաբյանը կարեւորեց փոփոխությունների այն փաթեթը, որը իրենք ներկայացրել են ԱԺ, եւ հավելեց, որ եթե իշխանությունները չընդունեն իրենց առաջարկները, կնշանակի, որ իշխանությունները պատրաստ չեն ազատ, արդար ընտրություններին եւ ցանկանում են նորից կեղծիքների միջոցով նորից պահել իշխանությունը` «մեր պետության թուլացման հաշվին»:

Զուրաբյանը նշեց, որ այս փաթեթը շրջանառության մեջ դնելուց հետո իրենք անմիջապես սկսելու են բանակցություները այլ քաղական ուժերի հետ` ներառյալ ՀՀԿ-ի հետ, քանի որ, եթե այդ կուսակցությունը «ցանկանում է, որ Հայաստանը նորից չխայտառակվի, նորից միջազգային հանրության առաջ չներկայանա որպես իշխանությունը յուրացրած ուժ, ուրեմն, ինքը առաջինը պետք է շահագրգիռ լինի, որ մասնակցի այս գործընթացներին»:

«Օրինակ` երեկ ես պատահաբար տեսա Արծվիկ Մինասյանին (ՀՅԴ), եւ ինքը հայտնեց, որ իրենք շահագրգիռ են ԸՕ-ի փոփոխության հարցում եւ մենք պայմանավորվել ենք այդ հարցը քննարկել: Նույնը կանենք ԲՀԿ-ի եւ Ժառանգության հետ», — նշեց Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Վա՜յ ԱՄՆ-ին, եթե նրա հույսը այս «հերոսներն» են ‘
Հաջորդ հոդվածը‘Բաքվում են գտնվում Իրանի, Պակիստանի, Տաջիկստանի նախագահները և Թուրքիայի վարչապետը’