‘Զուրաբյան. մոբիլիզացնել ժողովրդին, էլեկտրիզացնել մթնոլորտը եւ պարտադրել իշխանությունների հրաժարականը ‘

748

Միակ տարբերակը այն է, (եւ այդ առումով նախագահական ընտրությունները ամենանպաստավորն են), որ ժողովրդին ոտքի կանգնեցնենք, մոբիլիզացնենք էլեկտրիզացնենք մթնոլորտը`օգտագործելով նախագահական ընտրարշավի բոլոր հնարավորությունները, եւ այդ ոտքի կանգնած ժողովրդով պարտադրենք այս իշխանությունների հրաժարականը: 
Հինգշաբթի «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող, Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե ինչպե՞ս է Կոնգրեսը պատրաստվում հաղթել: Նախագահական ընտրությունների վերաբերյալ Զուրաբյանը նաեւ հայատարարել է, որ «անգամ ամենաանհույս թվացող վիճակում պարզվել է, որ նախագահական ընտրությունները Հայաստանի համար դառնում է փորձության ժամ: Դա պատահական չէ, որովհետեւ ՏԻՄ կամ ԱԺ ընտրությունների ժամանակ մարդիկ չեն կարծում, որ դրանք իշխանափոխության ընտրություններ են, …բայց նախագահական ընտրություններում այլ իրավիճակ է ստեղծվում, բոլորը հասկանում են, որ խաղադրույքի վրա երկրի բախտն է, որ կա հնարավորություն մեկ ակնթարթում փոխել իշխանությունը եւ մարդիկ շատ ավելի վճռական դնում են իրենց խաղադրույքները այդ խաղում»:
Կոնգրեսի հաջորդ հանրահավաքի մասին հարցին ի պատասխան, Զուրաբյանը նշել է, որ Կոնգրեսի նախորդ հանրահավաքի ժամանակ որոշում է կայացվել, որ հաջորդ հանրահավաքը կլինի սեպտեմբերին, եւ այն ժամանակ Կոնգրեսի ներկայացուցիչները մտածում էին, որ այդ ընթացքում կլինի ԱԺ նստաշրջանը, բազմաթիվ հարցեր կլինեն, որոնք կներակայացնեն ժողովրդին: «Բայց երբ մոտեցավ սեպտեմբերը, մի բան տեսանք` ժողովուրդը մի հարցի պատասխան է ակնկալում` ո՞րն է լինելու Կոնգրեսի ռազմավարությունը առաջիկա նախագահական ընտրություններում, առաջադրվելո՞ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ, ո՞րն է լինելու իշխանափոխության մեր ծրագիրը: Եւ քանի որ այդ ծրագիրը դեռ մշակման էտապում է, կարծում ենք` հիմա անիմաստ է հանրահավաք հրավիրելը»,- նշել է Լեւոն Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Բեռլուսկոնիի վիլլայի մոտ կասկածելի տուփ է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Սերժ Սարգսյան. «Ոչ մի կուսակցություն չի կարող գոյություն ունենալ առանց նեղ կուսակցական շահերի»’