‘
«Մայիսի 4-ին ՀՀԿ հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի գործը իրավական է, բոլոր հարցերով դիմեք նախաքննող մարմնին: Ի վերջո, ՀՀԿ-ն ավելի շատ լիազորություն չունի, քան նախաքննող իրավապահ մարմինները», — լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսանակ Էդուարդ Շարմազանովը՝ չցանկանալով մեկնաբանել, թե ինչու մինչև վերջ գաղտնի պահվեց այն ՀՀԿ-ականի անունը, ով պատվիրել էր փուչիկները:
iLur.am-ի այն հարցին, թե արդյոք վերջինս արդարացի է համարում փուչիկների գործով դատավճիռը, ըստ որի՝ մեկ տարի ժամկետով դատապարտվեց միայն փուչիկ լիցքավորող Սերոբ Բոզոյանը, Շարմազանովը պատասխանեց.
«Ես երբեք իրավական խնդիրներին ոչ արդար գնահատականներ չեմ տալիս, սա իմ սկզբունքն է: Ինչպես ֆուտբոլի մեր ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը սկզբունքորեն գնահատական չի տալիս մրցավարներին, այնպես էլ ես սկզբունքորեն գնահատական չեմ տալիս արդարադատության ներկայացուցիչներին»:
Ըստ նրա՝ չկա անպատժելիության մթնոլորտ, քանի որ ՀՀԿ-ի համար օրենքի խախտումը կուսակցական պատկանելությամբ չի սահմանվում, սակայն վերջինս տեղյակ չէր, որ տուժածներին չի տրվել ֆինանսական փոխհատուցում:
«Այդ ամենը չի եղել ՀՀԿ-ի պատճառով, եղել է դժբախտ դեպք, շատ նորմալ է, որ պետբյուջեից տուժածների բուժման համար միջոցներ են ծախսվել, բոլորը մեր երեխաներն են եղել, ինչ կապ ունի՝ դեպքը տեղի է ունեցել ՀՀԿ-ի, թե այլ կուսակցության հանրահավաքի ժամանակ, եթե ձեզ համար յուրայիններ ու օտարներ կան, ապա մեզ համար չկան», — ասաց Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով այն դիտարկումը, որ բուժման ծախսերը վճարվել են ոչ թե ՀՀԿ-ի սեփական միջոցներից, այլ պետբյուջեից:
Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ինչու մարտի 1-ի տուժածների բուժման համար պետական բյուջեից միջոցներ չեն հատկացվել, ՀՀԿ խոսնակն ասաց.
«Մարտի 1-ին այլ բան է եղել, որի մասին չեմ ուզում խոսել: Մայիսի 4-ին եղել է դժբախտ դեպք, իսկ մարտի 1-ին՝ բախում»-, եզրափակեց Շարմազանովը:
‘