‘Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Բրյուսել ստորագրելու Եվրամիության հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը’

915

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Բրյուսել: Դեկտեմբերի 17-ին ծրագրվում է ստորագրել Եվրամիության հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը: 

Օրերս ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հրավիրված ասուլիսում նշեց, որ մեծ առաջընթաց է արձանագրվել նաեւ Ասոցացման պայմանագրի բանակցություններում: Առաջընթաց կա Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցություններում:

Համաձայնագրերը վավերացման փուլ կմտնեն 2013թ. առաջին կեսին: Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի եւ արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների, եւ այլոց համար: Նախատեսվում է նաեւ նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաեւ այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար: 

ԵՄ հետ մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները մեկնարկել էին 2012թ. փետրվարին Երեւանում: 

Նախորդ հոդվածը‘ Հենրիխ Մխիթարյանը Ստեփանակերտում նվերներ է հանձնել ազատամարտիկների ընտանիքներին’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայի վարչապետը հրաժարական է տվել’