‘Ճապոնիայի վարչապետը հրաժարական է տվել’

857

Կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ պարտություն կրելուց հետո Ճապոնիայի իշխող կուսակցության առաջնորդ և ներկայիս վարչապետ Յոսիհիկո Նոդան ճանաչել է հակառակորդների հաղթանակը և որոշել է թողնել պաշտոնը: Լիբերալ-դեմոկրատները ջախջախիչ պարտության են մատնել իշխող Դեմոկրատական կուսակցությանը: 480 մանդատներից նրանք ստացել են ոչ ավել, ոչ պակաս՝ 300-ը, իսկ բուդդիստական «Կոմեյտո» կուսակցութայն դաշնակիցների հետ միասին՝ խորհրդարանի տեղերի երկու երրորդը:  Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սինձո Աբեն ինքնըստինքյան դառնում է ճապոնական կառավարության նոր՝ թվով 96-րդ ղեկավարը: Լիբերալ-դեմոկրատների շտաբում հաղթանակն սկսել են տոնել մինչև ձայների պաշտոնական հաշվարկի ավարտը: ԼԴԿ-ի արդյունքները շատ ավելի տպավորիչ են եղել, քան կանխատեսվում էր նախընտրական քարոզարշավի ընթացքում: Կուսակցության ղեկավար Սինձո Աբեն հինգ տարի առաջ եղել է վարչապետ, և հենց նրա պաշտոնանկությունից հետո էլ սկսվել էր կուսակցության հեղինակության անկումը, որն ավարտվել էր 2009 թ. ընտրություններում ամոթալի պարտությամբ: Եվ հիմա Աբեն հաղթանակով վերադառնում է վարչապետի պաշտոնին: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության վերադարձը (մինչև 2009 թ. կուսակցությունը գրեթե կես դար անընդմեջ իշխանության է եղել) դեմոկրատների անփառունակ ղեկավարման արդյունքն է: Պաշտոնապես՝ Սինձո Աբեն վարչապետ կընտրվի այն բանից հետո, երբ խորհրդարանի ստորին պալատը նոր կազմով կանցկացնի առաջին նիստը: Արտահերթ նստաշրջանը նշանակված է դեկտեմբերի 26-ին: 

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Բրյուսել ստորագրելու Եվրամիության հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը’
Հաջորդ հոդվածը‘Բարաք Օբաման խոստովանել է, որ ԱՄՆ-ն բավականաչափ ջանքեր չի գործադրում երեխաների անվտանգության ապահովման համար’