‘
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը եկել էր միջազգային դիտորդական խմբի ուղեկցությամբ:
Պատասխանելով վերջին իր աղմկահարույց հայտարարության վերաբերյալ հարցին, թե Պարույր Հայրիկյանի մահափորձի կապակցությամբ իրեն ձերբակալելու են, նա ասաց. «Ինձ առայժմ պետությունը չի մեղադրում, առայժմ ստեղծվում է ֆոն, որ պետությունը ինձ մեղադրի ընտրություններից հետո, երբ կավարտվեն ընտրությունները, կնկարեն տոկոսները և երբ կգնան դիտորդները: Ինձ կձերբակալեն, ամսաթիվը էական չէ»,- ասաց նա:
«Գալա»-ի փոխանցմամբ՝ նա նշեց, որ անցյալ տարվա հունիսից, երբ ինքը հայտարարեց, որ առաջադրվում է որպես թեկնածու, արդեն աշնանից իրեն ուղղվող հարցադրումները աստիճանաբար փոխվեցին: Սկզբում լրագրողները փորձեցին պարզել, թե ինքը ինչ կապ է ունեցել Նաիրի Հունանյանի կատարած սպանությունների, Տիգրան Նաղդալյանի սպանության, հիմա էլ՝ Պարույր Հայրիկյանի սպանության հետ:
«Ես հստակ ասել եմ, որ Վազգեն Սարգսյանին մոտիկից եմ ճանաչել, նրա եղբորը Արամին, ուսանողական տարիներից եմ ճանաչել, և ես ոչ մի կապ չէի կարող ունենալ Նաիրի Հունանյանի կատարած սպանության հետ: Հետո սկսեցին խոսել, որ ես կապ ունեմ Տիգրան Նաղդալյանի սպանության հետ: Հիմա էլ կարդում եմ հոդվածներ, թե ով եմ ես, որ ես որերորդ անգամ հայտնվում եմ աղմկահարույց պատմությունների մեջ»,- ասում է Վարդան Սեդրակյանը: Նա զարմանում է՝ ինչպես կարող է ինքը կապ ունենալ այդ հանցագործությունների հետ, եթե այդ գործերով կան մեղադրյալներ, և երբեևիցե իր անունը չի հնչել: Սակայն հիմա արդեն իր անունը սկսեց կապվել բոլոր այդ աղմկահարույց պատմությունների հետ: Լրատվամիջոցները սկսեցին գրել, թե ինքը կապված է ռուսական հատուկ ծառայությունների հետ, հետո՝ իրանական հատուկ ծառայությունների գործակալ է:
«Այսինքն ստեղծվում է ֆոն, որ ես կապված եմ մի շարք սպանությունների հետ, չեմ զարմանա, որ ասեն, որ կապ ունեմ Մարտի մեկի սպանությունների հետ և առհասարակ բոլոր սպանությունների հետ: Չեմ կարող ասել՝ ում կողմից է այդ ֆոնը ստեղծվում: Պետք է ստեղծվի Վարդան Սեդրակյան տեռորիստի կերպար, որ այս մահափորձի պատասխանատվությունը բարդեն ավելի հարմար մարդու վրա: Երբ ձերբակալեցին այդ երկու կասկածյալներին, ես չէի պատասխանում այդ թեմայով հարցերին, որպեսզի չխախտեմ նախաքննության ընթացքը, բայց հետո լրագրողները սկսեցին ինձ հարցեր տալ, որոնք հստակ դուրս են գալիս նախաքննչական մարմիններից»,- ասաց Վարդան Սեդրակյանը:
Թեկնածուն ևս մեկ անգամ բոլորին հայտնեց, որ, իր խորին համոզմամբ, իրեն փետրվարի 22-ին կամ 23-ին կձերբակալեն:
«Հենց թվերը նկարեն ու դիտորդները գնան»,-համոզված է նախագահի թեկնածուն: Սեդրակյանը ասում է, որ դեռ չի կարող ասել, թե ովքեր են փորձում Հայրիկյանի մահափորձի մեջ ներքաշել իրեն: Panarmenian.net-ը հիշեցնում է, որ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մեջ կասկածվողների ձերբակալությունից հետո Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, որ ճանաչում է նրանց, և որ նրանք են վերանորոգել իր բնակարանը:
‘