‘
Ընտրական օրենսդրությունում փոփոխություններ կատարելու նպատակով Հայ ազգային կոնգրեսը օրենսդրական փոփոխությունների փաթեր է ներկայացրել Ազգային ժողով, որում առաջարվում է փոփոխություններ կատարել ընտրական եւ քրեական օրենսգրքերում, ինչպես նաեւ՝ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում: Կից ներկայացվել են նաեւ փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորումները:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
«Հայաստանի հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների շարքում առաջնայինը շարունակում է մնալ օրինակարգ (լեգիտիմ) իշխանության ձևավորման խնդիրը: Իշխանության ոչ օրինակարգությունը դարձել է երկրի զարգացման գլխավոր խոչնդոտը, քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյական ճգնաժամերի հիմնական աղբյուրը: Թե հայաստանյան, թե միջազգային փորձագետների կարծիքով, դա է արտագաղթի պատճառներից առաջնայինը (դրանում համոզվելու համար բավական է դիտարկել ետպատերազմյա տարիների բնակչության միգրացիայի դինամիկան):
Ընտրությունից ընտրություն կատարելագործվող ընտրակեղծարարության մեքենան սպառնում է վերջնականապես ոչնչացնել երկրում սահմանադրական կարգը: Այն վերացնում է ընտրական գործընթացների, հետևաբար` նաև իշխանության նկատմամբ չնչին վստահությունն անգամ, հասարակությանը գցում է հուսալքության, անելանելիության, այլընտրանքի բացակայության, ծայրահեղ միջոցների դիմելու անխուսափելիության զգացման մեջ:
Սույն օրենսդրական նախաձեռնության հեղինակները լիովին կիսում են 2008թ.-ի ՀՀ Նախագահի ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության այն կարծիքը, ըստ որի «ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար պահանջվում է իրական քաղաքական կամքի դրսեւորում գործընթացի բոլոր մակարդակներում՝ ԵԱՀԿ համապատասխան պարտավորությունների եւ այլ չափանիշների՝որոնք ազատ կերպով ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը, իրականացման համար»: Իրապես, կործանարար այս ընթացքը հնարավոր է կանխել մի կողմից իշխանության, քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության կառույցների դրսևորած քաղաքական և քաղաքացիական կամքի, մյուս կողմից` ընտրական մեխանիզմներում կեղծարարության համար հնարավոր բոլոր սողանցքերը փակելու միջոցով: Սույն օրենսդրական նախաձեռնությունը կոչված է Հայաստանում իշխանության ձևավորման առաջիկայում նախատեսված հերթական գործընթացի նախաշեմին լուծելու երկրորդ` ընտրակեղծարարությունը բացառող մեխանիզմներ կիրառելու խնդիրը:
Քննարկման ներկայացվող օրենսդրական փաթեթը մշակելիս, նկատի են առնվել Կոնգրեսի անդամ կուսակցությունների` ընտրական գործընթացներին մասնակցության փորձն ու դիտարկումները, հայաստանյան և օտարերկրյա (մասնավորապես` ԵԱՀԿ և ԵԽ) դիտորդական առաքելությունների եզրակացություններն ու առաջարկությունները: Նյութը չծանրաբեռնելու նպատակով, կդիտարկենք միայն ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների զեկույցներում պարունակվող եզրակացություններն ու առաջարկությունները:
Ըստ այդմ, համընդհանուր կարծիքով հայաստանյան ընտրություններին բնորոշ են ընտրակեղծարարության հետևյալ դրսևորումները.
— ընտրակաշառքը
— բազմակի քվեարկությունը
— ՀՀ-ից բացակայող քաղաքացիների և ընտրացուցակներում առկա, սակայն գոյություն չունեցող անձանց փոխարեն քվեարկությունը
— ընտրողների ահաբեկումը, նրանց կամարտահայտման վրա անօրինական ազդեցությունը
— ընտրական մրցակցության համար անհավասար պայմանները
— լցոնումները
— վարչական ռեսուրսի, պաշտոնեական դիրքի և պետական լծակների ապօրինի օգտագործումը
— անպատժելիությունը (ոստիկանության, դատախազության և դատարանների կողմից իրենց գործառույթները չկատարելը)
— բողոքարկման համակարգի փաստացի չգործելը:
Ստորև ներկայացում ենք ընտրակեղծարարության նշված դրսևորումները կանխելուն ուղղված հետևյալ առաջարկությունները.
1. Ընտրակաշառքը
ՀՀ Նախագահի, Ազգային Ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն ամբողջ սրությամբ ի ցույց դրեցին Հայաստանի բոլոր մակարդակի ընտրությունների մեծագույն արատը` «ձայների գնումը»: Մշակված է ընտրակաշառքի միջոցով ձայների գնման կատարելության հասած մի համակարգ, որի պայմաններում ազատ ընտրության սահմանադրական սկզբունքի մասին խոսք անգամ չի կարող լինել: Մեր դիտարկմամբ, ՀՀ Ազգային Ժողովի 2012թ.-ի ընտրությունների ժամանակ բոլոր կուսակցություններին և թեկնածուներին կողմ տրված ձայների կեսից ավելին գնված «ձայներ են¦: Երևույթն այնպիսի մասշտաբներ է ընդունել, որ այն կանխելուն ուղղված պահանջներ են ներկայացվում նաև Հայաստանի ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ առաքելությունների զեկույցներում:
Այդ կապակցությամբ 2008թ.-ի ՀՀ Նախագահի ընտրությունների ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության եզրափակիչ զեկույցի «Առաջարկություններ» բաժնի 2-րդ կետում նշված է.
«2. Պետական իշխանությունները չպետք է հանդուրժեն քվեների առքն ու վաճառքը եւ
միջոցներ գործադրեն դրանք վերացնելու ուղղությամբ»:
ՀՀ Ազգային Ժողովի 2012թ.-ի ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունն իր զեկույցում ստիպված է եղել կրկին անդրադառնալ խնդրին, այս անգամ այն դիտարկելով որպես առաջնային: Դիտորդական առաքելության եզրափակիչ զեկույցի «Առաջնային հանձնարարականներ» բաժնի 2-րդ և 6-րդ կետերում նշված է.
«2. Հատուկ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի ընտրական գործընթացների ամբողջականության նկատմամբ հասարակական վստահությունը բարձրացվի: Դրանք կարող են ներառել, բայց չսահմանափակվել, ընտրական և պետական իշխանությունների աշխատանքների թափանցիկության ավելացմամբ, քվեարկության գաղտնիության վերաբերյալ ընտրողների լրացուցիչ ուսուցմամբ և ձայների գնման և ձայներ գողանալու դեմ լայնածավալ քարոզչության իրականացմամբ:
Ձայների գնման առնչությամբ կարող է հատուկ քննարկվել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու հնարավորությունը՝ հատուկ անձեռնմխելիություն սահմանելով ձայների գնման հանցագործությունների վերաբերյալ հաղորդող անձանց համար, և քաղաքացիներին պետք է խրախուսել ձայների գնման դեպքերի վերաբերյալ հաղորդելու և ապացույցներ ներկայացնելու համար: Այս միջոցներից որոշները կարող են իրականացվել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների և այլ շահագրգիռների հետ համատեղ կամ նրանց հետ խորհրդակցելով»:
«6. Ընտրական հանձնաժողովները, իրավապահ մարմինները և դատարանները պետք է մեկնաբանեն, կիրառեն և գործածեն ընտրական իրավական դաշտը՝ հաշվի առնելով օրենքի ոգին և նպատակը, որն ուղղված է մասնակիցների համար հավասար մրցակցային դաշտ, ընտրողների կամքի ազատությունն և ընտրական գործընթացների ամբողջականությունն ապահովելուն: Սա պետք է ներառի ձայների գնման … արգելքի ավելի լայն մեկնաբանություն…»:
Ընտրակաշառքի համակարգն իրագործվում է երկու եղանակով`
ա) ձայների գնմամբ, ինչպես օրինակ` քվեի դիմաց ընտրողին ուղղակի դրամ տալը, բարեգործության անվան տակ տարբեր տեսակի ապրանքներ տրամադրելը, պետական ծրագրերի շրջանակներում և պետական միջոցների հաշվին իշխանության թեկնածուների անունից ընտրողներին զանազան ծառայություններ մատուցելը:
բ) համակարգի անխափանությունն ապահովելու նպատակով,«գնված» ընտրողի փաստացի քվեարկության նկատմամբ տարբեր մեխանիզմների կիրառմամբ հսկողության իրականացմամբ: Այդ նպատակով գործի են դրվում այսպես կոչված «կարուսելը», բաց քվեարկությունը, տեսողական և առողջական «խնդիրներ ունեցող» ընտրողներին «օգնելը», տարբեր գույնի գրիչներով քվեարկելը, քվեարկության նշումի սահմանված ձևի տարբեր վարիացիաների կիրառումը և այլն:
Ակնհայտ է, որ ընտրակաշառքը որպես երևույթ հնարավոր է բացառել միմիայն իշխանության կողմից քաղաքական կամք դրսևորելու պարագայում, ինչը կարտահայտվի իրավապահ մարմինների կողմից իրենց պարտականությունները բարեխղճորեն և օրենքի ամբողջ խստությամբ կատարելով: ՈՒստի, կարծում ենք, ԵԱՀԿ դիտորդական առաքելության առաջարկած` Քրեական օրենսգրքի, ինչպես նաև բազմաթիվ այլ փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ պետք է հանդես գա գործող իշխանությունը: Մենք պատրաստ ենք համագործակցել դրանք ընդունելու և կյանքի կոչելու հարցում:
Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք որոշ փոփոխություններ կատարել ՀՀ Ընտրական օրենսգրքում, որոնց կիրառմամբ կբացառվի ընտրողի կամարտահայտման նկատմամբ հսկողության իրականացումը:
Խնդիրը լուծելու նպատակով, օրենքի նախագծով առաջարկվում է`
ա) Գործող Ընտրական օրենսգրքով արգելվում է ընտրություններին մասնակցող անձանց կամ քաղաքական ուժերի կողմից կամ նրանց անունից բարեգործական ծրագրերի իրականացումը նախընտրական քարոզչության փուլում: Ներկայացված նախագծով առաջարկվում է բարեգործական ծրագրերի իրականացման արգելքի ժամանակահատվածը երկարաձգել և այն սահմանել ընտրությունների օրը նշանակելու օրվանից սկսած:
բ) Վերանայել քվեաթերթիկը որպես խիստ հաշվառման փաստաթուղթ դիտարկելու գործող հայեցակարգը, որով մի կողմից սահմանափակվում է ընտրողի ազատությունը, մյուս կողմից պահանջվում է կիրառել վերահսկողության բազմաբնույթ, բարդ, խճճող և ծախսատար մեխանիզմներ, երրորդ կողմից, ինչպես ցույց է տալիս փորձը, չի կանխվում ընտրակեղծարարության հնարավորությունը: Առաջարկվում է քվեաթերթիկը դարձնել ազատ շրջանառության փաստաթուղթ, ընդհուպ` քվեախցիկում դրա որոշակի խմբաքանակ տեղադրելը: Այս մոտեցումը իմաստազրկում է «կարուսելը», էապես սահմանափակում է քվեարկության նկատմամբ վերահսկողության իրականացման հնարավորությունները, ազատում է ընտրական հանձնաժողովներին մինչև քվեարկության օրը դրա պահպանման հատուկ միջոցառումներ իրականացնելուց և այլն:
գ) Ներկայումս գործածվում են բարձր կողային պատերով քվեախցեր, ինչը նպաստավոր է նշագրած քվեաթերթիկը բջջային հեռախոսով նկարելու, ինչպես նաեւ «կարուսել» իրականացնելու նպատաքով քվեաթերթիկը աննկատ դուրս տանելու համար: Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել այնպիսի քվեախցեր, որ, բացի քվեթերթիկը նշագրելուց, ընտրողի մյուս բոլոր գործողությունները տեսանելի լինեն քվեարկության սենյակում գտնվողների համար:
դ) Առաջարկվում է սահմանել քվեարկության ծրարի վրա դրոշմակնիք դնելու հստակ տեղ, այլապես փոքր տեղամասերում ծրարի տարբեր մասերում կնիք դնելը ընձեռում է ստուգման հնարավորություն:
ե) Գործող Ընտրական օրենսգրքով նախատեսված է քվեարկության վերաբերյալ գրիչով նշագրումը: Ընդ որում, թույլատրվում է տարբեր գույնի գրիչների օգտագործումը: Այդ մեխանիզմը ընտրողի քվեարկության նկատմամբ հսկողություն իրականացնելու լայն հնարավորություններ է ստեղծում: Առաջարկում ենք քվեաթերթիկի վրա քվեարկության գրիչով նշագրելը փոխարինել դրոշմով նշում կատարելով: Դրա կիրառումը լրացուցիչ հնարավորություն կտա նաև էապես նվազեցնելու անվավեր քվեաթերթիկների տեսակարար կշիռը եւ կանխելու անիմաստ վեճերը:
զ) Վերջին ընտրությունների վիճակագրությունը վկայում է, որ որևէ մեկի օգնությամբ քվեարկած ընտրողների թիվը առանձին դեպքերում կազմում է քվեարկության մասնակիցների 5 – 10%-ը: Ակնհայտ է, որ օրենքի համապատասխան դրույթով ընձեռնված հնարավորությունն օգտագործվում է ընտրողի փաստացի քվեարկության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար: ՈՒստի, առաջարկում ենք որեւէ մեկի օգնությամբ քվեարկությունը թոյլատրել միայն հաշմանդամությունը հաստատող օրենքով նախատեսված համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում: Տեսողության խնդիրներ ունեցող եւ առանց ակնոցի տեղամաս եկած անձանց հնարավորություն ընձեռել ինքնուրույն օգտվելու հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող խոշորացույցից:
2. Բազմակիքվեարկությունը: ՀՀ—իցբացակայողքաղաքացիներիևցուցակներումառկա, սակայնգոյությունչունեցողանձանցփոխարենքվեարկությունը:
ա) Բազմակի քվեարկությունը կանխելուն ուղղված, մինչ օրս կիրառված օրենսդրական մեխանիզմներն ակնհայտորեն անարդյունավետ են եղել, գլխավորապես` սուբյեկտիվ գործոնների ազդեցությունից զերծ չլինելու պատճառով: Մասնավորապես, բազմակի քվեարկությունը կանխելու նպատակով ընտրողի անձը հաստատող փաստաթղթի` ներկայումս կիրառվող դրոշմակնքումը, թանաքի անորակության կամ թանաքը սխալ օգտագործելու հանգամանքներից բացի, նույնպես չի լուծում սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը բացառելու խնդիրը: Պատճառն այն է, որ ընտրակեղծարարություն կատարող անձը կարող է օգտվել քվեարկությանը չմասնակցող անձանց անձնագրերից, կամ, ինչպես բազմիցս անհանգստություն է հայտնվել զանգվածային լրատվության միջոցներում, օգտագործել կեղծ անձնագրեր: Հանձնաժողովների անդամների և վստահված անձանց աչալրջությունը նույպես լիովին սուբյեկտիվ գործոն է: ՀՀ ԱԺ 2007թ.-ի ընտրություններում ի հայտ եկած և հետագայում կատարելագործված «բազմակի քվեարկություն կատարող շրջիկ բրիգադներ» երևույթը վերջնականապես ապացուցեց, որ անձնագրերի դրոշմակնքման մեխանիզմը քննություն չբռնեց և այն անհրաժեշտ է վերանայել: Նույնպիսի մտահոգություն է ներկայացված նաև 2008թ.-ի ՀՀ Նախագահի ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցի «Առաջարկություններ» բաժնի 20-րդ կետում`
«20. Հարկավոր է մշակել բազմակի քվեարկության կանխարգելման այլընտրանքային
մեխանիզմ: Մտահոգիչ է այն, որ ընտրողների անձնագրերի կնքումը մշտական հետք է
թողնում քաղաքացիների՝որպես ընտրող մասնակցության վերաբերյալ, եւ կարող է
այդքան էլ արդյունավետ չլինել բազմակի քվեարկության կանխարգելման հարցում»:
Այսպիսով, բազմակի քվեարկությունը կանխող միակ գործուն միջոցը կարող է լինել մի շարք երկրներում հաջողությամբ կիրառվող ընտրողի մատին կայուն հետք թողնելու եղանակը: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք անցում կատարել այդ տարբերակին:
Բազմակի քվեարկության արատավոր երևույթն իսպառ վերացնելու նպատակով, առաջարկվում է բոլորի համար մատչելի դարձնել նաև քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները:
բ) Տարիներ շարունակ բազմակի քվեարկության և լցոնումների միջոցով կատարվող ընտրակեղծիքների համար ամբողջ ծավալով օգտագործվում է ընտրացուցակների խայտառակ վիճակը: Ընտրացուցակների գլխավոր թերությունն, անշուշտ, դրանցում հանրապետությունից մշտապես բացակայող քաղաքացիների տվյալների ընդգրկումն է: Մեր կարծիքով, առաջնահերթ կարգով անհրաժեշտ է
— միմյանցից տարանջատել բնակչության ռեգիստրն ու ընտրողների ռեգիստրն այն հաշվարկով, որ ընտրողների ռեգիստրում չընդգրկվեն հանրապետությունից երկարաժամկետ (վեց ամսից ավելին) բացակայող քաղաքացիները,
— ապահովել ընտրական ցուցակների վերահսկելիությունը և դրանք ներբեռնելու հնարավորությամբ մատչելի դարձնել բոլորի համար նաև միջընտրական ժամանակահատվածում,
Օրենքների նախագծերով ներկայացվող սույն առաջարկությունների ընդունումը լրացուցիչ հնարավորություն կտա բացառելու բազմակի քվեարկությունն ու այլ քաղաքացների փոխարեն քվեարկությունը:
Այս խնդրին հանգամանալի անդրադարձեր կան նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2008թ.-ի և 2012թ.-ի զեկույցներում: Մասնավորապես`
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2008թ.-ի եզրափակիչ զեկույցի 7-րդ կետ.
«7. Թափանցիկության ավելացման նպատակով ոստիկանությունից պետք է պահանջել
Իրենց փաստացի բնակության վայրում քվեարկելու համար գրանցված անձանց թվի
պարբերական հրապարակում¦:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2012թ.-ի եզրափակիչ զեկույցի «Առաջնային հանձնարարականներ» բաժնի 4-րդ կետ.
«4. Ընտրողների ցուցակների ճշտությունը բարելավելու ջանքերը պետք է շարունակվեն: Այս նպատակով, իշխանության տարբեր մարմինների միջև պետք է ստեղծվի ծանուցման արդյունավետ համակարգ, որպեսզի դյուրինացվի տեղեկատվության փոխանակումը և հնարավորություն տրվի ընտրողների ռեգիստրում և ընտրողների ցուցակներում ժամանակին ուղղումներ կատարել: Միևնույն ժամանակ, պետք է լուծվեն միևնույն բնակարանում մեծ թվով կամ բնակության համար ոչ պիտանիշինությունների ընտրողների գրանցված լինելու խնդիրները: Սա հատուկ ուշադրության կարիք ունի՝ առաջիկա 2013թ. նախագահական ընտրությունների տեսանկյունից»:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2012թ.-ի եզրափակիչ զեկույցի «Այլ հանձնարարականներ» բաժնի 10-րդ կետ.
«10. Ընտրողների գրանցման ընթացակարգերի ամբողջականության նկատմամբ հասարակական վստահությունը բարձրացնելու նպատակով իշխանությունները կարող են տարբեր շահագրգիռ անձանց հրավիրել մասնակցելու իրենց կողմից նախաձեռնված և վերահսկվող ընտրացուցակների հասարակական վերստուգման գործընթացին: Այդ նպատակով, ներբեռնելու հնարավորությամբ ընտրացուցակները կարող են հասարակության համար հասանելի մնալ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում: ԱՎՎ-ն պետք է շարունակի հասարակությանը պարբերաբար տեղեկացնել ձեռնարկված միջոցների մասին, հատկապես առաջիկա նախագահական ընտրությունների տեսանկյունից»:
3. Ընտրողներիահաբեկումը, նրանցկամարտահայտմանվրաանօրինականազդեցությունը: Լցոնումները:
Նախորդ երկու կետերում նշված օրենսդրական փոփոխությունները լիարժեք արդյունք կտան, եթե կանխվի ընտրակեղծարարության շղթայի ևս մեկ օղակի` լցոնումների և ընտրողների կամարտահայտման վրա ինչպես ընտրական տեղամասերում, այնպես էլ տեղամասին հարող տարածքում անօրինական ազդեցության գործադրումը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների թե 2008թ.-ի, թե 2012թ.-ի զեկույցներում խնդրին առաջնային տեղ է հատկացված, ինչը նշանակում է, որ խնդրի լուծման ուղղությամբ պարզապես ոչինչ չի արվում:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2008թ.-ի եզրափակիչ զեկույցի 1-ին կետ.
«1. Պետական եւ ընտրական իշխանությունները պետք է լրջորեն հասցեագրեն
ընտրական գործընթացի հանդեպ հանրության ունեցած վստահության ակնհայտ
պակասը եւ ներմուծեն միջոցներ, որ կապահովեն բոլոր քաղաքացիների՝
հարկադրումից կամ ահաբեկման որեւէ տարբերակից զերծ քվեարկումը»:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2012թ.-ի եզրափակիչ զեկույցի «Առաջնային հանձնարարականներ» բաժնի 1-ին կետ.
«1. Իշխանությունները և մասնակիցները ավելի մեծ հարգանք պետք է ցուցաբերեն քաղաքացինեի՝ իրենց քաղաքացիական և քաղաքական նախասիրություններն ազատ արտահայտման նկատմամբ, ինչպես պահանջվում է ԵԱՀԿ 1990 Կոպենհագենյան փաստաթղթի 7.7 պարբերությամբ: Նրանք պետք է ձեռնպահ մնան ընտրողների վրա ճնշումներ գործադրելուց, թե քարոզարշավի ընթացքում, և թե քվեարկության օրը»:
Փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ հանցագործությունների գերակշիռ մասը կամ չի արձանագրվում, կամ մնում է «չբացահայտված»: Բոլոր այն դեպքերում, երբ հանձնաժողովների անդամները, վստահված անձինք, դիտորդները կամ քաղաքացիները վկայություն տալու պատրաստակամություն են հայտնում, որպես կանոն բախվում են ընտրակեղծարարների կամ նույնիսկ իրավապահ մարմինների կողմից գործադրվող ահաբեկումների և սպառնալիքների նոր ալիքին: Հետևաբար, հանցագործությունների ապացուցման բեռը պետք է ստանձնեն ոչ թե քաղաքացիները, այլ պետությունը: Իսկ դա իրագործելու համար առաջարկում ենք Ընտրական օրենսգքով սահմանել, որ քվեարկության օրը բոլոր տեղամասային կենտրոնները և տեղամասային կենտրոնին հարող` մինչև 50 մ. շառավղով տարածքը տեսանկարահանվում են: Իրավապահ մարմիններն էլ, բնականաբար, տեսանկարահանված նյութերում հանցագործության կատարման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում պարտավոր են այն ընդունել որպես հաղորդում և օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել արձանագրված փաստերի կապակցությամբ:
Այդպիսի պահանջ է ներկայացված նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2012թ.-ի եզրափակիչ զեկույցի «Առաջնային հանձնարարականներ» բաժնի 5-րդ կետով.
«5. Իրավապահ մարմինները պետք է երաշխավորեն, որ բոլոր այն անձիք, ովքեր քարոզարշավի և ընտրությունների օրը կկատարեն ընտրություններին առնչվող հանցագործություններ, պատշաճ կարգով պատասխանատվության կենթարկվեն: Ընտրություններին առնչվող հանցագործությունները չպետք է քննվեն ինչպես հասարակ հանցագործությունները և հանցագործները չպետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից, այն հիմքով, որ նրանց կողմից հանցագործություն կատարելը արդարացված է եղել իրենց ընտրական իրավունքների պաշտպանությամբ»:
Առաջարկվում է գործող կարգի ևս մեկ էական փոփոխություն: Անհրաժեշտ է կիրառել ընտրական հանձնաժողովների անդամների հասցեական պատասխանատվության սկզբունքը: Մասնավորապես, նախատեսվում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի երեք անդամներ քվեարկության ընթացքում (և ոչ թե քվեարկության նախորդ օրը) իրենց անհատական կնիքներով պետք է կնքեն ընտրողին հանձնվող քվեարկության ծրարը (և ոչ թե քվեաթերթիկը), ինչով նրանք հանդես կգան որպես լցոնումը կանխող գլխավոր երաշխավորներ:
4. Ընտրականմրցակցությանհամարանհավասարպայմանները:
Հավասար մրցակցության և լրատվամիջոցների ազատության պահանջը զբաղեցնում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳզեկույցների մեծ մասը (տես` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2008թ.-ի եզրափակիչ զեկույցի Առաջարկություններ բաժնի«Ե»ենթագլխի 8 – 12 կետերը,«Է» ենթագլխի 14 – 18 կետերը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2012թ.-ի եզրափակիչ զեկույցի «Հանձնարարականներ» բաժնի 17 – 19 կետերը):
Հայաստանում հավասար ընտրական մրցակցությունը խաթարված է բոլոր առումներով`
— էլեկտրոնային լրատվամիջոցները գտնվում են իշխանությունների բացարձակ վերահսկողության տակ և քաղաքական մրցակիցների մուտքն այնտեղ գործնականում արգելված է,
— իշխանությունը խստագույն վերահսկողության և արգելանքի տակ է պահում քաղաքական ընդդիմության գործունեության օրինական ֆինանսավորման հնարավոր բոլոր աղբյուրները,
— դատական հարկադրանքի և տուգանքների են ենթարկվում ընդդիմության տեսակետները ներկայացնող թերթերը,
— ընդդիմության կողմնակիցները փաստացի զրկված են աշխատանք գտնելու իրավունքից,
— իշխանությունը ներկայացնող կուսակցությունների և թեկնածուների կողմից պետական միջոցների և վարչական լծակների անվերահսկելի, լայնածավալ օգտագործում և այլն:
Այս ամենին գումարվում է ըստ էության ցենզավորված ընտրական համակարգը` ընտրական գրավի որևէ հիմնավորում չունեցող բարձր չափեր, քարոզչության համար տրամադրվող հեռուստաեթերի բարձր սակագներ, ընտրական գովազդի վահանակների տեղադրման համար բարձր սակագներ և այլն:
Չբավարարվելով քարոզչական բոլոր ոլորտներում հաստատված մենաշնորհով, ընտրությունների քարոզարշավի փուլում ԿԸՀ-ն և Հանրային հեռուստաընկերությունը տարիներ շարունակ սահմանում են անվճար եթերաժամի տևողության այնպիսի չնչին ժամաքանակ և օրվա ընթացքում հեռարձակման այնպիսի ժամային միջակայք, որոնց պայմաններում պարզապես իմաստազրկվում է հեռուստատեսությամբ ընտրական քարոզչության իրականացումը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2008թ.-ի եզրափակիչ զեկույցի Առաջարկություններ բաժնի 18-րդ կետումայդ կապակցությամբ առաջարկվում է.
«18. Հանրային լրատվամիջոցներով թեկնածուների քարոզարշավի համար անվճար
տրամադրվող եթերաժամը պետք է լինի երեկոյան գլխավոր լուրերի թողարկումից
հետո, այդպիսով մեծացնելով ընտրողների՝ թեկնածուների տեսակետներին
ծանոթանալու հնարավորությունը»:
Կիսելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տեսակետը և նկատի ունենալով, որ ԿԸՀ-ն և Հանրային հեռուստաընկերությունը հետևողականորեն խուսափում են խնդրի լուծումից, առաջարկում ենք խնդիրը լուծել օրենքի մակարդակով և սահմանել, որ Հանրային հեռուստատեսությամբ Հանրապետության Նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններից յուրաքանչյուրին տրամադրվում է օրական տասը րոպե տևողությամբ անվճար եթերաժամ` ժամը 20.00-ից 24.00-ի միջակայքում: Կարծում ենք, որ նախընտրական քարոզչության փուլում հանրային սեփականություն հանդիսացող հեռուստա և ռադիոընկերությունները պարտավոր են ստեղծել բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ` անկախ վերջիններիս ֆինանսական հնարավորությունների աստիճանից: ՈՒստի, նախընտրական քարոզչության շրջանում պետք է արգելվի հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով վճարովի ընտրական գովազդի տրամադրումը:
5. Բողոքարկմանհամակարգ
ԿԸՀ և ընտրական մյուս հանձնաժողովների ջանքերով ընտրախախտումների դեմ բողոքարկման համակարգը վերածվել է ձևականության: Մի կողմից սահմանված են բողոքների, մասնավորապես` վերահաշվարկի դիմումների ներկայացման ոչ խելամիտ, կարճ ժամկետներ, մյուս կողմից բացառություն են կազմում ընտրական հանձնաժողովներում բողոքներն ըստ էության լուծելու դեպքերը: ՏԸՀ գրանցամատյաններում վստահված անձանց կողմից գրանցված գրեթե բոլոր բողոքները այդպես էլ մնում են հանձնաժողովների պարկերում: Այսպիսով, օրենքով նախատեսված բողոքարկման ընթացակարգերը ոչ թե ծառայում են ընտրախախտումների և կեղծարարության բացահայտման, այլ փաստացի` քողարկման համար:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունները այդ կապակցությամբ իրենց մտահոգությունները և առաջարկությունները հստակ արտահայտել են թե 2008, թե 2012 թվականներին:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2008թ.-ի եզրափակիչ զեկույցի Առաջարկություններ բաժնի Դիմումներ և բողոքներ» ենթաբաժնի 29-րդ կետ.
«29. Ընտրական օրենսգիրքը պետք է ԿԸՀ-ին պարտավորեցնի հստակ փաստացի
բացահայտումներ ունենալ յուրաքանչյուր բողոքի համար, հակիրճ նկարագրի ինչ
քայլեր եւ միջոցառումներ են ձեռնարկվել բողոքը հետաքննելու համար, եւ բացատրի
բողոքն ընդունելու կամ մերժելու (լիովին կամ մասամբ), ինչպես նաեւ այլ
հայտնաբերումներ կամ առաջարկություններ անելու պատճառները»:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2012թ.-ի եզրափակիչ զեկույցի «Առաջնային հանձնարարականներ» բաժնի 7-րդ կետ.
«7. Ընտրական հանձնաժողովները և դատարանները, ընտրություններին առնչվող դիմումները քննելիս, չպետք է չափազանց ձևական մոտեցում ցուցաբերեն: Նրանք պետք է խուսափեն դիմումների և բողոքների քննությունը մերժելուց, պետք է պատշաճ կերպով ուսումնասիրեն բոլոր դիմումների էությունը և կատարեն բոլոր կից ապացույցների անկողմնակալ և ամբողջական ուսումնասիրություն: Ընտրական հանձնաժողովները պետք է ակտիվ դեր ստանձնեն դիմումները հիմնավորելու համար ապացույցների հավաքման հարցում և այս առումով, ավելի սերտ համագործակցեն իրավապահ մարմինների հետ»:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2012թ.-ի եզրափակիչ զեկույցի Հանձնարարականներ բաժնի 15-րդ և 16-րդ կետեր.
«15. Ընտրական օրենսգիրքը կարող է փոփոխվել՝ իրավունք տալով քաղաքացիներին (կամ մի խումբ քաղաքացիների), հավատարմագրված տեղական դիտորդներին և քաղաքացիական հասարակության խմբերին դիմումներ ներկայացնել ընտրական հանձնաժողովերի որոշումների և գործողությունների, քարոզչության անօրինական իրականացման և ընտրությունների արդյունքների դեմ: Վարչական վարույթի օրենսգրքի այն դրույթը, որն արգելում է նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը քարոզչությանը վերաբերող դիմումների ներկայացումը, պետք է ուժը կորցնի:
16. Իրավական դաշտը պետք է փոփոխվի, որպեսզի պարզեցվեն ընտրություններին առնչվող դիմումների և բողոքների ընթացակարգերը՝ սահմանելով մեկ միասնական ենթակայական ընթացակարգ և բացառելով կրկնակի ընդդատությունը: Տարբեր օրենքներում սահմանված համապատասխան դիմումներին և բողոքներին վերաբերող դրույթները պետք է համախմբել մեկ տեղում կամ հղում կատարել Ընտրական օրենսգրքում»:
Առաջարկում ենք Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ և սահմանել, որ.
— Բողոքները եւ վերահաշվարկի դիմումները կարող են ձեւակերպվել և ԸԸՀ ներկայացվել ինչպես առանձին, այնպես էլ քվեարկության օրը` նախաձեռնողի կողմից դրանք գրանցելով ՏԸՀ գրանցամատյանում:
— Կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները պարտավոր են ընթացք տալ ընտրախախտման վերաբերյալ դիմումներին, հաղորդումներին եւ բողոքներին ու քվեարկությամբ կամ այլ եղանակով չեն կարող դրանք անտեսել:
— ԸԸՀ-ն պարտավոր է քննարկել և որոշումներ կայացնել ինչպես առանձին ներկայացված, այնպես էլ ՏԸՀ-ների գրանցամատյաններում վստահված անձանց և դիտորդների կողմից արձանագրված բոլոր բողոքների և դիտողությունների վերաբերյալ:
6. Այլփոփոխություններ
6.1 ԱԺձևավորմանմեծամասնականընտրակարգը
Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել ԱԺ ձևավորման մեծամասնական ընտրակարգը և ամբողջությամբ անցում կատարել համամասնական ընտրակարգի: Այս տեսակետը նոր չէ: Հայ Ազգային Կոնգրեսը այն արտահայտել է վաղուց և մնում է նույն կարծիքին: Խնդրի վերաբերյալ նույն դիրքորոշումն են արտահայտել նաև Հայաստանի մի շարք այլ քաղաքական կուսակցություններ: Քանի որ քաղաքական ուժերի տեսակետներն ու հիմնավորումները մանրամասն ներկայացվել են դեռևս 2011թ.-ի նոյեմբեր – դեկտեմբեր ամիսներին ծավալված հասարակական քննարկումների, այդ թվում` նաև խորհրդարանական լսումների ընթացքում, չկրկնվելու համար նշենք միայն գլխավոր երկու փաստարկները`
— Մեծամասնական ընտրակարգը դադարել է լինել ԱԺ ձևավորման մեխանիզմ: Այն ներկայումս հանդիսանում է ընտրակեղծարարության համակարգի առանցքային մեխանիզմը, դրա միջոցով է կազմակերպվում և իրագործվում ընտրությունները կեղծելու ամբողջ գործընթացը:
— Մեծամասնական ընտրակարգը հանդիսանում է նաև խոշոր բիզնեսի և իշխանության սերտաճման գլխավոր խողովակը, հետևաբար` օլիգարխիկ համակարգի վերարտադրության հիմքը:
6.2 Համայնքներիղեկավարներիպաշտոնավարմանժամկետիսահմանափակումը
Ընտրակեղծարարության համակարգի մեկ այլ կարևոր օղակի է վերածվել համայնքի ղեկավարի ինստիտուտը:
Եվրոխորհրդին անդամակցության չափանիշները բավարարելու նպատակով, 2005թ.-ի մայիսի 19-ին ԸՕ-ում կատարված փոփոխություններով համայնքների ղեկավարների անընդմեջ ընտրվելու իրավունքը սահմանափակվեց երկու ժամկետով: Ընդամենը մեկուկես տարի անց` 2006թ.-ի դեկտեմբերի 22-ին, ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ նշված սահմանափակումը վերացվեց: Ըստ էության, սահմանափակման վերացման անհրաժեշտությունը իշխանության համար առաջացել էր 2005թ.-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի իրական խայտառակ արդյունքների պատճառով: Ներկայումս ունենք մի իրավիճակ, երբ գյուղական համայնքների ղեկավարների գերակշիռ մասը պաշտոնավարում են 10 և ավելի տարիներ: Համայնքներում ձևավորվել են տեղական փոքրիկ կլաններ, որոնց գերխնդիրը համապետական ընտրությունների ժամանակ իշխանության վերնախավի պատվերով անհրաժեշտ արդյունքների ապահովումն է: Այդ ծառայության դիմաց նրանք ստանում են անժամկետ պաշտոնավարման և համայնքի ունեցվածքի անվերահսկելի տնօրինման իրավունքը, ընծայված այլ արտոնություններ: Մրցակցությունը համայնքներում փոստացի վերացված է (տես` տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների պատկերը), նոր կադրերի ձևավորման համար ոչ մի հեռանկար չի նշմարվում:
Ստեղծված իրավիճակը մեկ քայլով կամ գործողությամբ չես շտկի, սակայն որպես հրատապ առաջին քայլ առաջարկում ենք փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում և վերականգնել համայնքների ղեկավարների անընդմեջ ընտրվելու իրավունքը երկու ժամկետով սահմանափակող դրույթը:
6.3 Ընտրականհանձնաժողովներիձևավորմանկարգը
Ընտրական հանձնաժողովների ձևավորման ներկայումս կիրառվող մեխանիզմը հիմնված է պետության կողմից պատասխանատվությունից խուսափելու «սկզբունքի» վրա: Հայ Ազգային Կոնգրեսը վերահաստատում է իր համոզումն առ այն, որ բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները պետք է ձևավորվեն պետության կողմից և պետությունը պետք է ստանձնի ընտրական գործընթացների օրինականության ապահովման ողջ պատասխանատվությունը:
Դա անհրաժեշտ է հետևյալ պատճառներով.
ա) միայն պետությունն է Սահմանադրական կարգի պահպանման, ազգային անվտանգության և օրինականության ապահովման երաշխավորը,
բ) միայն պետությունն է հաշվետու ինչպես Հայաստանի ամբողջ ժողովրդի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների առջև` ստանձնած պարտավորությունների շրջանակներում,
գ) միայն պետությունը կարող է վեր կանգնել անհատական և կուսակցական շահերից,
դ) միայն պետությունն է տիրապետում ընտրական ողջ գործընթացը կազմակերպելու ռեսուրսներին:
6.4 Ժամկետայինզինծառայողներիմասնակցությունըընտրություններին
Ընտրություններին ժամկետային զինծառայողների (կամ, ինչպես ընդունված է ասել՝ բանակի), մասնակցության հարցը մշտապես հանդիսացել է ամենաքննարկվող և մտահոգություններ առաջացնող հարցերից մեկը: Այն ուղղակիորեն առնչվում է հետևյալ խնդիրներին.
ա) Ընտրականիրավունք
Ընտրական իրավունքն իր մեջ ներառում է հետևյալ իրավունքները`
— ընտրվելու իրավունքը,
— քվեարկելու իրավունքը,
— ընտրական հանձնաժողովներում ներգրավվելու իրավունքը,
— նախընտրական քարոզչությանը մասնակցելու (ուղղակիորեն կամ անուղղակիորեն) իրավունքը,
— ընտրական գործընթացներում որպես վստահված անձ կամ դիտորդ հանդես գալու իրավունքը,
— ընտրողների ցուցակներին ծանոթանալու և դրանցում ուղղումներ առաջարկելու իրավունքը,
— ընտրական գործընթացի կազմակերպման և ընտրախախտումների վերաբերյալ դիմումներ և բողոքներ ներկայացնելու իրավունքը (ընտրական գործընթացները վերահսկելու իրավունքը):
Դժվար չէ նկատել, որ, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, թվարկված բոլոր իրավունքներից ժամկետային զինծառայողները կարող են իրացնել միմիայն քվեարկելու իրավունքը: Բազմաթիվ դեպքեր վկայում են, սակայն, որ զինվորական հրամանի ներքո գտնվող ժամկետային զինծառայողները նույնիսկ քվեարկելու իրավունքն իրականացնում են պարտադրանքի տակ, այսինքն, ընտրական իրավունքի չսահմանափակված այդ միակ նորմն էլ նրանց համար փաստացի իրացվելի չէ: Ավելին, ընտրություններին ժամկետային զինծառայողների մասնակցությունը դարձել է ընտրակեղծարարության համակարգի կարևոր գործիքներից մեկը:
Այսպիսով, ՀՀ Ընտրական օրենսգրքի 4-րդ հոդվածով երաշխավորված հավասար ընտրական իրավունքը ժամկետային զինծառայողների պարագայում խիստ սահմանափակված է:
«ՀՀ ԸՕ Հոդված 4. Հավասար ընտրական իրավունքը
1. Քաղաքացիներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով:
2. Պետությունը հավասար պայմաններ է ապահովում քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման համար»:
բ) Սահմանադրական իրավունք
ՀՀ Սահմանադրության հոդված 25-ը և 27-ը սահմանում են.
«Հոդված 25. Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու … իրավունք»:
«Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից»:
Սահմանադրական թվարկված իրավունքները անմիջականորեն առնչվում են ընտրական իրավունքի իրացման խնդրին, սակայն ակնհայտ է, որ ժամկետային զինծառայողները զրկված են նաև այս իրավունքներն իրացնելու հնարավորությունից:
Վերը նշված հիմնավորմամբ, սույն օրենսդրական փոփոխություններով առաջարկում ենք թեկուզ առժամանակ դադարեցնել ժամկետային զինծառայողների մասնակցությունը ընտրություններին:
Քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանված է ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածով: Սակայն, ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է նաև քաղաքացիների ընտրական իրավունքի օրենքով սահմանափակման հնարավորություն.
«Հոդված 43. Մարդու և քաղաքացու՝Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակները համարում են, որ այսօրվա պայմաններում ընտրություններին ժամկետային զինծառայողների մասնակցության պարագայում առկա են ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով նախատեսված հանգամանքները:
Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք սահմանափակել նաև ձերբակալված և կալանավորված անձանց ընտրելու իրավունքը:
Քննարկման ներկայացվող օրենսդրական փաթեթի ամբողջականությունն ապահովելու նպատակով, առաջարկում ենք համապատասխան փոփոխություններ նաև ՀՀ Քրեական օրենսգրքում:
‘