‘Ընտրություններից առաջ իշխանությունները փոխզիջման են եկել կրպակատերերի հետ ‘

966

«Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի գետնանցումում գտնվող կրպակատերերը մոտ երկու ամիս առաջ  ծանուցագրեր են ստացել, որ  իրենց պայմանագրերն այլևս չեն երկարաձգվելու, հետևաբար, իրենք եկող տարվա հունվարի մեկից աշխատանք չեն ունենալու:

Վերջիններս նշել են, որ  պայմանագրի դադարեցման պատճառը գետնանցումի վերանորգումն է, սակայն դեռևս հստակ չէ՝  նրանք կշարունակե՞ն այնտեղ աշխատել, թե՞ ոչ:

Այսօր երբ մեր նկարահանող խումբը ցանկացել է առավել մանրամասն անդրադարձ կատարել կրպակատերերի խնդրին՝ ընդ որում նրանց իսկ խնդրանքով, նրանցից մեկն ասել է, որ էլ խնդրին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, քանի որ իրենք արդեն Սերժ Սարգսյանին նամակ են ուղարկել և փոխզիջման  են եկել: Նրանց խոստացել են, որ  հունվարի սկզբին իրենց խնդրին լուծում կտան:

Նշենք, որ Սերժ Սարգսյանին  նախկինում  էլ քաղաքի  այլ հատվածների կրպակատերերի կողմից են բազմաթիվ նամակներ ուղարկվել, որոնց հարցին սակայն  որևէ լուծում այդպես էլ չի տրվել և այսօր բազմաթիվ կրպակատերեր անգործ են մնացել: Հիշեցնենք նաև, թե նախորդ տարվա սկզբից ինչպիսի կոշտ մեթոդներով քաղաքային իշխանությունները սկսեցին փողոցային առևտրի դադարեցումը, Աբովյան և  Փափազյան փողոցների կրպակների ապամոնտաժումը և այլն: Այստեղից ընդամենը մեկ հետևություն կարելի է  անել, որ առջևում նախագահական ընտրություններն են և որպեսզի այստեղ աշխատող մոտ 40 կրպակատերեր չաղմկեն,  նրանց վստահեցրել են, որ իրենց խնդիրը կլուծեն: Եվ բնական է,  որ խնդիրը կլուծեն նրանցից ստանալով հավաստիացում, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ  իրենց քվեն կտան ՀՀԿ-ի թեկնածուին: Բայց ակնհայտ է նաև, որ նրանց խաբելու են, այնպես, ինչպես նախորդներին: 

Նախորդ հոդվածը‘2012 թ. կորուստները (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոն. Եվրոպայում տարվա լավագույն խաղացողները Վիլիանն ու Յայա Տուրեն են’