‘Թիմ Ռոբինս. Կյանքի օրենքները’

982

Նրա մասնակցությամբ ամենահայտնի` «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը շարունակում է գլխավորել IMDB-ի վարկանիշի բոլոր ժամանակների 250 լավագույն ֆիլմերի ցանկը: Esquire ամսագիրը զրուցել է 55-ամյա Թիմ Ռոբինսի հետ, որը ներկայումս, շատերի կարծիքով, նկարահանվում է ցածրարժեք ֆիլմերում:

«Աշխարհում դերասաններից ավելի տաղտկալի արարածներ չկան: Նրանք շարունակ խոսում են կամ իրենց մասին, կամ` ֆիլմերի»:

«Այնտեղ, որտեղ ես եմ մեծացել, ստիպված էինք ահագին երկար մտածել` դիմացինին ապտակելուց առաջ: Երեխաների մեծ մասի հայրերը մաֆիայի աշխարհում վերջիններից չէին»:

«Դուք պետք է սովորեք կռվել, բայց նաեւ պետք է սովորեք ապրել առանց կռվի: Օրինակ, ես ատում եմ ծեծկռտուքները, եւ երբ սովորեցի, թե ինչպես պետք է կռվել` միաժամանակ սովորեցի, թե ինչպես պետք է խուսափել ծեծկռտուքի մեջ ներքաշվելուց»:

«Ես ահագին ծանրաքաշ եմ, հասակս էլ 193 սմ է, եւ միշտ ձգտում եմ` խոսելիս նայել զրուցակցիս աչքերին` կքած վիճակում խոսելու փոխարեն: Արդյո՞ք դա խանգարում է նկարահանման ժամանակ: Երբեք դրա մասին չեմ մտածել, բայց, ըստ իս, ամենաբարձրահասակին միշտ բաժին է հասնում գլխավոր դերը»:

«Հրաշքի հանդեպ ոչ բավարար հավատը ստիպում է մարդկանց, որ սկսեն հավատալ կառավարությանն ու բիզնեսին»:

«Զարմանալի է, որ ամերիկացիներս ժամանակին Բուշին իմփիչմենթ չներկայացրինք: Նա ներքաշեց մեզ մի անիմաստ պատերազմի մեջ, որի ընթացքում բազմաթիվ զոհեր ունեցանք, խաբեց մեզ Իրաքում զանգվածային ոչնչացման զինամթերքի վերաբերյալ: Դրա հետեւանքով էլ ողջ աշխարհում տեռորիզմը դարձավ առավել լայնամասշտաբ խնդիր: Սակայն, միևնույն է, ոչ ոք չփորձեց իմփիչմենթի հարց առաջ քաշել: Իսկ Քլինթոնն ու Մոնիկա Լիվինսկին, իհարկե, ուրիշ խնդիր են»:

«Իրենց բնույթով ամերիկացիները չար չեն, պարզապես բավականաչափ տեղեկացված չեն: Տու՛ր նրանց ճշմարիտ տեղեկատվություն, և նրանք ճիշտ կկողմնորոշվեն»:

«Ես ինձ ձախակողմյան չեմ համարում: Պարզապես մեկն եմ, ով փորձում է անաչառորեն պատմել այն ամենի մասին, ինչ կատարվում է»:

«Կարծում եմ, երբեք ուշ չէ` երջանիկ մանկությունդ վերակենդանացնելու համար»:

Նախորդ հոդվածը‘ԱԽՔ. Շուկայում վաճառվելու է պահուստների` ժամկետը լրացած սնունդը ‘
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ ՄԽ համանախագահ. Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերն արժանի են բանակցությունների սեղանի շուրջ լինելու’