‘Թուրքիայում արգելվել է նարգիլե ծխել փակ հաստատություններում’

756

Թուրքիայի կառավարությունն արգելել է նարգիլե ծխել փակ տարածքներում: Ինչպես գրում են տեղական ԶԼՄ-ները, այժմ օրենքը նախատեսում է, որ այցելուներին նարգիլե հրամցնելու իրավունքի համար սրճարանատերը պետք է առանձին արտոնագիր ձեռք բերի:

Արդեն մի քանի տարի է՝ ծխելու դեմ պայքարը թափ է հավաքում Թուրքիայում և շուտով կարող է հասնել Եվրոպային, որտեղ մի շարք երկրներում ծխողների համար պատժամիջոցներն ու սահմանափակումները, շատերի գնահատմամբ, չափազանց խիստ են: Հասարակական վայրերում ծխելու արգելքը Թուրքիայում օրենքի ուժ է ստացել 2008 թ.: Օրենքը սահմանում է, որ այն վայրերում, որտեղ թույլատրվում է ծխել, պետք է պաստառներ կախված լինեն՝ այդ սովորույթի վնասակարության վերաբերյալ: Ծխել թույլատրվում է միայն բաց տարածքում, շենքից կամ հասարակական նշանակության վայրից որոշակի հեռավորությամբ: Հասարակական սննդի հաստատությունների տերերը պետք է հատուկ գոտիներ սահմանեն ծխողների համար: Օրենքի խախտման դեպքում ֆիզիկական անձը ստիպված կլինի վճարել մոտավորապես 50 դոլարի տուգանք, կազմակերպության համար սահմանվում է 20 հազար դոլար տուգանք: Այն վաճառողը, որը երեխային ծխախոտ է տվել, կարող է ոչ միայն նյութապես տուժել, այլև հայտնվել բանտում: 

Նախորդ հոդվածը‘Ասուլիսի ժամանակ Ժիրինովսկու վրա թթու կաղամբ են նետել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցիները, նախկինի պես, իրավիճակը երկրում համարում են անկայուն’