‘Թուրք ռեժիսոր. Հասարակ մարդիկ սարսափելի են նրանով, որ կարող են հոգու խորքում պահպանել սարսափելի պատմություններ’

1219

Թուրք ռեժիսոր Թայֆուն Փիրսելիմօղլուի «Ես նա չեմ» ֆիլմը հանդիսանում է «Ոսկե ծիրան» 9-րդ Միջազգային կինոփառատոնի  «Խաղարկային ֆիլմ» անվանակարգի հաղթողի կոչման հավակնորդներից մեկը:

Հատկանշական է, որ Թայֆուն Փիրսելիմօղլուն իրեն դրսևորել է նաև գրականության դաշտում: Նա մի շարք վիպակների ու պատմվածքների հեղինակ է: Իր կինոկարիերան նա սկսել է որպես սցենարիստ, սցենարներ գրելով մի շարք կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերի համար: «Ես նա չեմ» ֆիլմը նրա հինգերորդ աշխատանքն է:

«Որպես իմ ֆիլմի հերոսներ՝ ես ընտրում եմ հասարակ մարդկանց, որոնց կարելի է պարզապես հանդիպել փողոցում: Հասարակ մարդիկ սարսափելի են նրանով, որ կարող են հոգու խորքում պահպանել սարսափելի պատմություններ, և այդ առումով ես ոգեշնչված եմ Դոստոևսկու ստեղծագործությամբ»,-պատմել է Փիրսելիմօղլուն այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում:

«Ես նա չեմ» ֆիլմի գլխավոր հերոսը ոչնչով չերևացող ամաչկոտ մի մարդ է: Բայց արդյունքում նա ստիպված է լինում բախվել բավականին բարդ իրավիճակների, ինչը բերում է նրա ինքնության կորստին: Արկածներն սկսվում են այն օրը, երբ երիտասարդ գործընկերուհին նրան հրավիրում է ընթրիքի: Գալով նրա տուն՝ չարաբաստիկ հերոսը բացահայտում է, որ ինքը շատ նման է նրա ամուսնուն, որը տվյալ պահին գտնվում է բանտում:

«Ես սիրում եմ ինքնության կորստի թեման, այն նկատվում է իմ բազմաթիվ սցենարներում: Ես ուշադրությամբ հետևում եմ այդ երևույթին և եկել եմ համոզման, որ հաճախ մարդիկ գնում են այդ քայլին, որպեսզի գոյատևեն այս աշխարհում: Բայց կա ևս մեկ ասպեկտ` յուրաքանչյուրի գլխում ապրում է մեկ այլ մարդ, որը որոշ պահերի գլուխ է բարձրացնում»,-նշել է Փիրսելիմօղլուն:

Ինչպես նշել է ռեժիսորը, ի տարբերություն իր նախկին ֆիլմերի՝ նա իր նոր ժապավենում ծրագրոմ է օգտագործել իր պատմվածքների թեմաներն ու սյուժեները:

Նախորդ հոդվածը‘Օլիգարխ-ավազահանքատերերի անկշտության արդյունքում նեղանում է առանց այդ էլ փոքրիկ մեր երկրի տարածքը․ «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան լրագիր. ԱՄՆ-ն ամուր կանգնած է Թուրքիայի և Ադրբեջանի մեջքին’