‘
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մոտ ապագայում կարելի է հեշտությամբ դուրս գալ փակուղային վիճակից, կարծում է Թուրքիայի Մերձավորարևելյան տեխնիկական ինստիտուտի փոխնախագահ Օքտայ Թանրիսևերը: «Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կարևոր տեղ չի զբաղեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրակարգում,- հայտարարել է փորձագետը News.az-ի հետ զրույցում: — Այնուհանդերձ, բանակցությունները կարող են արագ վերականգնվել Ադրբեջանում և Հայաստանում սպասվող ընտրություններից հետո»:
Թանրիսևերի կարծիքով՝ ղարաբաղյան կարգավորման խնդրին Եվրոպական Միությանը մասնակից դարձնելը կարող է կառուցողական դեր խաղալ այդ գործընթացում: Իսկ առհասարակ, ըստ նրա, Արցախյան հակամարտության կարգավորման հնարավորությունն զգալիորեն կընդլայնվի հյուսիսատլանտյան կառույցներում Ադրբեջանի ներգրավմամբ:
Փորձագետը նաև համոզմունք է հայտնել, թե Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանի գոյությունը և այնտեղից միջազգային չվերթներ իրականացնելն ամենևին էլ «Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի պաշտոնական ճանաչման վկայությունը չեն»:
‘