‘Իսկ որքա՞ն է ուզում նախագահականի համար Գալուստի տղեն ‘

1322

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սենսացիոն հայտարարություն է արել: Անդրադառնալով ԱԳՆ շենքի վաճառքին եւ այն հարցին, թե ինչո՞ւ վաճառքից առաջ հանրային քննարկումներ չեն եղել, Սահակյանն ասել է. «Ձեզ թվում է, որ ցանկացած որոշում, որը ես պետք է տանեմ կառավարություն, պետք է նստեմ հանրային քննարկման առարկա դարձնե՞մ»:
Ապա խոսելով այլ շենքերի վաճառքի մասին՝ Արման Սահակյանն ասել է, թե ինքը, որպես պետական գույքի մասնավորեցման պատասխանատու, դեմ չէ, քանի որ կառավարությունը կարող է քննարկել ցանկացած շենք, որին լավ գին առաջարկեն:

Ինչպես ասում են` տեղ հասանք: Մարդն արդեն ուղիղ տեքստով ասում է. «լավ գին տվեք, ինչ ասես՝ կծախենք»: Այո, հենց կծախենք, եւ ոչ թե կվաճառենք: Սույն պարոնը, ով նաեւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի տղան է, իսկական նժդեհական, նախկին պատգամավոր, հանրային սեփականության մասին խոսում է այնպես, կարծես իր հորից` Գալուստ Սահակյանից ստացած ժառանգության մասին է խոսում, որը մաս-մաս ծախում է, եթե լավ գին տվող լինի: Այսպես որ գնա, մի օր էլ կզարթնենք ու կիմանանք, որ սրանք վաճառել են նաեւ նախագահական նստավայրը. կասեն` լավ գին տվող կար, ծախինք: Սա է, որ կոչում են քոչվոր-օտարի, հարստահարողի մտածողություն: Էս երկիրը իրենցը չէ, էս երկրի ոչ մի մասնիկ իրենցը չէ, էս մարդիկ խոպան են եկել, էս մարդիկ բիրդան հայտնվել են իշխանության գլխին ու քանի այնտեղ են` ինչ կա-չկա արագ-արագ սեփականացնում կամ ծախում են: Էլ մոնղոլ-թաթարը, օտարի լուծը պոզով-պոչո՞վ է լինում: Էս մարդիկ սովորական դուքյանչու մտածելակերպով են երկիրը կառավարում, ու էդ դուքյանի «պրիլավկին» մենք ենք դրված, մեր երկիրը, մեր երեխաները, մեր երեխաների ապագան, մեր անցյալը, մեր պատմությունը, մեր երկրի ամեն ծառն ու խոտը, ամեն քարն ու առուն: Քյաբաբին պաշտող, ու սեփական փորի զոհը դարձած մի խումբ անանցյալ, անապագա, անկոչ մարդիկ, որոնք եկել են մեր երկիրը մինչեւ վերջին խազը թալանելու, մեր հաղթանակները ծախելու, մեր հաղթանակներով իրենց ոտքերը սրբելու եւ գետնի շոր դարձնելու, մեր հպարտության զգացումները նվաստացնելու, մեզ նվաստացնելու:

Իրենք նվաստանալու զգացում ունենալ չեն կարող, քանզի իրենք հպարտության ու արժանապատվության զգացում չունեն: Էս մարդիկ միայն մտածում են` լավ գին տվող լինի, մի բան գտնենք-ծախենք: Ծախենք, ծախենք` մինչեւ վերջին եղած-չեղածը: Սրանք ժողովրդին էլ կծախեն` միայն թե լավ գին տվող լինի: Սրանք երկիրն էլ կծախեն, միայն թե լավ գին տվող լինի, ու եթե անգամ էդ լավ գինը Իլհամ Ալիեւը տա, ոչինչ, մենակ թե լավ գին տա: Սրանք դուքյանչու իրենց հոգեբանությամբ ամեն ինչին որպես ապրանք են նայում` պատմական ապրանք ու ժամանակակից ապրանք, հին ապրանք ու նոր ապրանք, քայլող ապրանքներ ու անշարժ ապրանքներ: Շա՜տ ապրանքներ, շատ-շատ ապրանքներ: Ու կիսագրագետ, անկիրթ իրենց էությամբ միայն «էստի համեցե՜ք» կարող են կանչել: Չկա հանրության շահ, չկա պետական շահ, չկա պետական մտածելակերպ ու գործելակերպ, կա միայն պախանի շահը, եւ պախանի հրամանը, կան միայն պախանն ու մի զույգ քյաբաբներ, իսկ մնացածը ծախելու ենթակա ապրանք է: Արագ-արագ ծախեն, ստորագրեն ցանկացած փաստաթուղթ, հետո սողան դեպի փարվանաներ ու հասնեն բաղձալի քյաբաբներին, ուտեն-ուտեն ու չկշտանան, չհագենան:
Ու էս մարդիկ երկի՞ր են կառավարում: Ու էս մարդկանց մենք թողնում ենք կառավարել մեր երկի՞րը: Ու մենք պիտի շարունակենք հանդուրժել սրանց, մինչեւ մի օր տեսնենք, որ երկրի սահմանին է փակցված` «վաճառվում է» կամ «վաճառված է» ցուցանա՞կը: Ու եթե իրենք ամեն ինչին որպես սովորական ապրանք են նայում, ուրեմն, իրենք էլ են նույն այդ ապրանքից: Ափսոս, սրանց համար լավ գին տվող չկա` բիրիքով ծախեինք, գլուխներս ազատեինք:

Հ.Գ. Իսկ եթե մի փոքր ավելի լուրջ, ապա պետք է շնորհակալ լինել Գալուստի տղա Արման Սահակյանին: Նա երկու բառով ցույց տվեց իշխանական ողջ համակարգի էությունը: Այժմ ժողովրդի հերթն է: Ժողովուրդը լավ գիտի, թե ինչ է անում որդնած ու նեխած, հնացած ապրանքի հետ:

Պարգեւ Ապրեսյան

Կոլաժը` Մարկ Անտոնյանի ֆեյսբուքյան էջից

Նախորդ հոդվածը‘Հաստատվել է Հունաստանի տնտեսական աջակցության երկրորդ փաթեթը. երկիրը ստիպված չի լինի դուրս գալ Եվրագոտուց ‘
Հաջորդ հոդվածը‘Punto Pelota. «Ռեալը» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Ռոնալդուի հետ’