‘Լատվիայի ԱԳ նախարար. Ադրբեջանի որոշ քայլեր չեն նպաստում երկխոսությանը’

600

Լատվիայի Հանրապետությունը, ինչպես եւ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները, իր խոր մտահոգությունն է արտահայտել Ադրբեջանում ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը: «Երբ այդ միջադեպը տեղի ունեցավ մենք Վիլնյուսում Սկանդինավյան եւ Բալթյան երկրների ժողով անցկացրեցինք, եւ այդ կապակցությամբ հայտարարություն արվեց: Կարծում եմ` այդօրինակ քայլերն այս խրթին իրավիճակում չեն նպաստում երկու երկրների միջեւ երկխոսությանը»,- ասաց նախարարը: Լատվիացի նախարարի խոսքով` երբ հերթը հասնում է արտաքին քաղաքականության համակարգմանը, իրենք սերտորեն համագործակցում են սկանդինավյան եւ բալթյան, ինչպես նաեւ եվրոպական գործընկերների հետ, ուստի կարող են նշել, որ լուրջ են ընդունում այդ հարցը:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Երկու սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ոճրագործին: Նախագահ Իլհամ Ալիեւը ներում շնորհեց Սաֆարովին, մայորի կոչում շնորհեց եւ հերոսացրեց: 

Նախորդ հոդվածը‘Պանիր արտադրող 17 ընկերությունների նկատմամբ կիրառված արգելանքը հանված է ‘
Հաջորդ հոդվածը‘Լուիս Սուարեսի համար պայքար է գնում’