‘Լեւոն Զուրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում` Եվրոպայում մեդիայի իրավիճակը քննարկման ժամանակ’

1261

Կոնգրեսի խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ում` Եվրոպայում մեդիայի իրավիճակը քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ու ներկայացրել մամուլի ազատության վիճակը Հայաստանում: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Այստեղ, Եվրոպայի խորհրդում հստակ համոզմունք կա, որ ժողովրդավարական լավագույն մոդելներին համապատասխանող օրենսդրական փոփոխությունների վրա հիմնված ինստիտուցիոնալ բարեփոխումներն առանցքային են ժողովրդավարության ամրապնդման հարցում: Նման մոտեցման կողմնակիցները հանդես են գալիս ամեն տեսակի օրենսդրական առաջարկություններով, չփորձելով ազդել ավտորիտար կառավարումից դեպի ժողովրդավարություն անցում կատարելու համար առավել կարեւոր գործոնի վրա, որն է՝ երկրի իշխանությունների քաղաքական կամքը:

Իրականում, ոչինչ այնպես չի կարող ուրախացնել դիկտատորներին, կամ կոռեկտ քաղաքական լեզվով ասած՝ այսօրվա Եվրոպայի «կառավարվող ժողովրդավարության» առաջնորդներին, որքան օրենսդրական փոփոխություններ կատարելու հանձնարարականները, եւ բացառապես նման օրենսդրության ընդունման հիման վրա տրված դրական գնահատականը:

Ես կցանկանայի պարզաբանել դա` օրինակ բերելով երկու բարեփոխումներ, որոնց նպատակը Հայաստանում խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության ինստիտուցիոնալացումն էր, սակայն երկրի ավտորիտար ռեժիմի կողմից օգտագործվել է հակառակ արդյունք ստանալու համար:
Առաջինը զրպարտության ապաքրեականացումն էր, որը, ինչպես ներկայացված է Յոհանսոնի զեկույցում, ավարտվել է ԶԼՄ-ների վրա դրված տասնյակ լուրջ տուգանքներով: Այդ բարեփոխման անմիջական արդյունքը եղավ ԶԼՄ-ների առավել կախվածությունը իշխանությունից:

Երկրորդ օրինակը հեռարձակման թվայնացման կապակցությամբ հեռուստատեսություններին հեռարձակման լիցենզիաներ տրամադրելու հետ կապված բարեփոխումն էր: Երբ ընդդիմությունը պնդում էր բացել կառավարության կողմից փակված անկախ լրատվամիջոցները, նրա պաշտոնյաները ԵԽԽՎ ներկայացուցիչների աջակցությամբ բացատրում էին, թե թվայնացման գործընթացը կբերի նրան, որ իշխանությունների կողմից վերահսկվող հեռուստաընկերությունների զբաղեցրած 21 անալոգային հաճախականությունների փոխարեն մենք կունենանք 60-70 թվային հաճախականություններ՝բացելով հնարավորություններ բոլոր ցանկացող հեռուստաընկերությունների համար եւ ապահովելով քաղաքական բազմազանությունը: Նման բան տեղի չունեցավ: Դրա փոխարեն, թվայնացման բարեփոխման պատրվակի ներքո Հայաստանի իշխանությունները նոր օրենսդրություն մշակեցին, ինչի արդյունքում մենք ավելի շատ իշխանության վերահսկողություն ունենք հեռուստատեսության նկատմամբ, քան բարեփոխումներից առաջ:

Այս ամենից պետք է դասեր քաղվեն: Իրականում, քաղբանտարկյալների կամ անկախ մամուլի սահմանափակումների խնդիրները կարելի է լուծել միայն քաղաքական կամքի առկայության պայմաններում, եւ ոչ թե դատական անկախ համակարգի կառուցման կամ այլ ինստիտուցիոնալ բարեփոխումների՝ տասնամյակներ տեւող գործընթացի արդյունքում: Օրենսդրական ճանապարհով ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա կենտրոնանալու փոխարեն, ԵԽԽՎ-ը պետք է հստակ ուղերձ հղի Եվրոպայի ավտորիտար իշխանավորներին՝ հորդորելով նրանց անհապաղ միջոցներ ձեռք առնել կոնկրետ հարցերի շուրջ: Հակառակ վարքագիծը հնարավորություն է տալիս նրանց (իշխանավորներին-խմբ.) շարունակել բռնաճնշումների քաղաքականությունը՝ օրենսդրական փոփոխությունների ընդունման միջոցով ստեղծել ժողովրդավարացման կեղծ պատկեր, մինչդեռ իրականում բռնաճնշումները ստանում են միայն ավելի քողարկված բնույթ»:

Թարգմանությունը՝ iLur.am-ի

Նախորդ հոդվածը‘Լեհաստանի քաղաքացին փոթորկոտ եղանակին փորձել է լաստով Ավստրալիա հասնել’
Հաջորդ հոդվածը‘USAID-ում կոռուպցիոն սկանդալ է ծագել’