‘ԼՂՀ պատգամավորները հանդիպել են Ուրուգվայի խորհրդարանականներին’

649

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է նախօրդ օրը երեկոյան ճանաչողական այցով ԼՂՀ ժամանած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, Արգենտինայում և Ուրուգվայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
Գոհունակություն հայտնելով այցի կապակցությամբ, ԱԺ նախագահը այն համարեց որպես հիշարժան իրադարձություն արցախյան հողում։ Կարծում ենք, ասաց նա, որ մեր այս առաջին հանդիպումը ելակետային հիմք կհանդիսանա հետագա շփումների ու համագործակցության համար։
Իր հերթին պարոն Օռիկոն շնորհակալություն հայտնեց սիրալիր ընդունելության համար, նշելով, որ անձամբ իր և իր գործընկերների համար հաճելի է գտնվել Լեռնային Ղարաբաղում։ Զրույցի ընթացքում, որն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում, կողմերը փոխադարձաբար ներկայացրին երկու խորհրդարանների կառուցվածքը, քաղաքական կազմը, օրենսդրական գործունեության կարգը և ուղղությունները։ Առանձնակի ուշադրություն դարձվեց Ուրուգվայի և Արցախի հանրային կյանքում ժողովրդավարական արժեքների պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության դրվածքին ու փորձին, այդ առումով գործող իրավական նորմերին։
Զրույցին մասնակցում էին ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Պետրոսյանը, Ժաննա Գալստյանը և Արմեն Սարգսյանը։

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ Արտաքին գործերի նախարարի նամակը` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին’
Հաջորդ հոդվածը‘Ուրուգվայը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը, պաշտոնական Բաքուն վրդովված է’