‘ԼՂՀ վարչապետն անդրադարձել է բնակարանային խնդիրներին’

617

Ստեփանակերտ համայնքից ընտրված` ԱԺ պատգամավորների և շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ, այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաքի բնակարանային հարցերին: 

Վարչապետը ներկաների քննարկմանն  է ներկայացրել այն երեք հիմնական ծրագրերը, որոնք ուղղված են Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների, առաջին կարգի հաշմանդամների և  վթարային շենքերում ու հանրակացարաններում ապրող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը:

Ստեփանակերտում բնակարանով ապահովման ենթակա զոհված ազատամարտիկների և առաջին կարգի հաշմանդամների ընտանիքները առաջիկա ամիսների ընթացքում կապահովվեն բնակարաններով: 

Խորհրդակցության ընթացքում քննարկումներ ծավալվեցին մայրաքաղաքի վթարային շենքերում և հանրակացարաններում ապրող ընտանիքների բնակարանային հարցերի շուրջ: Որոշվեց ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կառաջարկեն առկա խնդիրների կարգավորման սկզբունքներն ու կարգը: Վարչապետ Ա. Հարությունյանը քաղաքապետարանին  ցուցում տվեց գույքագրել մայրաքաղաքի բոլոր վթարային շենքերն ու հանրակացարանները, իսկ քաղաքաշինության նախարարությունը պետք է երկու ամսվա ընթացքում փորձաքննության ենթարկի դրանք և համապատասխան եզրակացություններ ներկայացնի կառավարություն` կառուցապատման առաջնահերթությունները որոշելու նպատակով:

Խորհրդակցությանը ներկա էին փոխվարչապետ Ա. Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Քննարկվել են Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարությանն առնչվող հարցեր’
Հաջորդ հոդվածը‘Արա Նեդոլյան. Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս հասարակությանը, որ Սերժ Սարգսյանը ոչ լեգիտիմ է’