‘«Լյուբով Օռլովան» սպառնում է Բրիտանիային. ուրվական-նավն անկառավարելի է’

1208

Բրիտանական ԶԼՄ-ներում այս օրերին ակտիվորեն քննարկում են «Լյուբով Օռլովա» նավի ճակատագիրը: Ահա արդեն մեկ տարի է՝ այն լողում է բաց ծովում՝ առանց անձնակազմի: Եթե հավատանք լուրերին և թերթերի հրապարակումներին՝ ուրվական-նավը լողում է դեպի Միացյալ Թագավորության ափերը:

Հին աշխարհը սպասում է «Լյուբով Օռլովայի» գալստյանը: Ուրվական-նավը, որն անվանակոչվել է խորհրդային հայտնի դերասանուհու անունով, մոտենում է բրիտանական ափերին: Նավի վրա, ըստ անգլիական լրատվամիջոցների՝ ոչ ոք և ոչինչ չկա, բացի հսկայական և, ամենայն հավանականությամբ՝ վարակված առնետներից, որոնք իրար են հոշոտում:

«Լյուբով Օռլովան» 100 մետրանոց նավ է՝ նախատեսված երեք հարյուր հոգու համար: Այն ջուրն է իջեցվել դեռևս 70-ական թթ. կեսերին: Մինչև 1999 թ. նավն ընդգրկված էր Հեռավորարևելյան նավագնացության կազմում, այնուհետև այն վաճառեցին մալթայական մի ընկերության: 2010 թ. նավը կալանեցին՝ պարտքերի դիմաց, երկու տարի այն մնաց կանադական Սենտ-Ջոնս նավահանգստում: Տորոնտոյից մի գործարար այն գնեց չնչին գնով՝ 250 հազար դոլարով, և որոշեց վաճառել որպես մետաղի ջարդոն: Սակայն երբ այն դուրս բերեցին նավահանգստից, փոթորիկ սկսվեց, նավը ձգող ճոպանները պոկվեցին, և «Լյուբով Օռլովան» ազատ նավարկության դուրս եկավ:

Վերջին անգամ ամերիկյան հետախուզության ռադարների վրա նավը հայտնվել է 2013 թ. փետրվարին, Իռլանդիայից յոթ հարյուր կմ հեռավորության վրա: Մասնագետների կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի ափերի մոտ փոթորիկներից հետո նավը ցամաք կնետվի: Մեծ Բրիտանիայի բնակիչներն ահաբեկված են այն հեռանկարից, որ եթե վարակված առնետները ցամաք դուրս գան, ապա համաճարակ կբռնկվի: Սակայն ռուսաստանցի փորձագետները համոզված են, որ վախենալ պետք է ոչ թե առնետներից, այլ հենց անկառավարելի նավից: Մեկ տարի առաջ այդ ուրվական-նավն արդեն քիչ էր մնում՝ բախվեր կանադական նավթարդյունահանող նավահարթակին, փոխանցում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թեքսաս. Հղի կնոջ կենսապահովման սարքը կանջատվի’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացիները պահանջում են ԱՄՆ-ից արտաքսել Ջասթին Բիբերին’