‘Խմբագրական. Գալիս է կամ-կամի ժամանակը’

1715

Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների իրական դրդապատճառների (Սերժի իշխանության պահպանում և վերարտադրում) մասին այնքան է գրվել, թեման էլ այնքան պարզ է, որ նույնիսկ ինչ-որ տեղ անհարմար է նորից անդրադառնալ դրան:

 Այնուամենայնիվ, ինչպես և կանխատեսելի էր, «սերժենք», իրենց «շլանգի» տեղ դրած՝ զարկ են տվել փոփոխությունների քարոզչությանը՝ որպես առաջին թիրախ կամ «թարմ ականջ» ընտրելով Հայաստանի մարզերի բնակիչներին: Ինչպես ճիշտ է նկատվել լրատվամիջոցներից մեկում, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը վերջին 20 տարում այդքան չի խոսել, որքան վերջին շրջանում: Իրականում՝ ամոթ էլ է ՍԴ նախագահի պես ծանր և հիմնարար պաշտոն զբաղեցնող մեկի համար՝ հավուր ծերության, սար ու ձորը չափելով՝ այդքան շատախոսել ու կոմերիտականի եռանդ ցուցաբերել բացարձակ անիմաստ ագիտպրոպային այս ձեռնարկման շրջանակներում: Ինչևէ՝ ամեն մարդ ինքն է ընտրում իրենը:

Այս ամենով հանդերձ, բնական է, որ սահմանադրական փոփոխությունների թեման չի հետաքրքրում Հայաստանում բացարձակապես ոչ մեկին, եթե չհաշվենք անձամբ Սերժին, և վերջինիս էլ՝ միայն ու միայն անձնական քաղաքական հաշվարկներից ելնելով: Որքան էլ մարզերով տռճիկ տան ջահելն ու ահելը, որքան էլ չափչփեն Հայաստանի «անծայրածիր» տարածքները՝ միջլեռնային գոգավորություններից անցնելով ծալքաբեկորային լեռներ, և այդտեղից էլ դառնալով հրաբխային բարձրավանդակ, տո՛ թեկուզ Արագածի գագաթ էլ բարձրանան և այնտեղից գոռան, ու Դեբեդի կիրճի ամենացածրադիր մասն էլ իջնեն ու այնտեղից ձայնեն, միևնույն է՝ Հայաստանի բնակչությանը չի՛ հետաքրքրում և երբեք չի՛ հետաքրքրի այդ թեման: Ոչ թե՝ որովհետև բնակչությունը անգրագետ է և չի հասկանում օրենքի դերը պետության կյանքում, կամ չի ուզում, որ սահմանադրական դրույթներն իրապես գործեն, այլ որովհետև մարդիկ շատ լավ հասկանում են՝ իրենց կյանքը հաստա՛տ սահմանադրական փոփոխություններով չէ, որ փոխվելու է: Ի վերջո՝ մեր հասարակությունն ունի ե՛ւ սովետական, ե՛ւ հետսովետական փորձը՝ թղթի վրա գրած հրաշալի օրենքներով և դրանց հակասող իրականությամբ: Եվ բոլորին էլ պարզ է, որ իրականությունը փոխվելու է ոչ թե օրենքով, այլ ուժով (նկատի չունեմ զուտ բռնի ուժը, այլ ուժերի և շահերի դասավորությունը): Թեման բովանդակային առումով չի հետաքրքրում ոչ միայն բնակչության լայն շերտերին, այլև, ինչ-որ տեղ՝ տարօրինակորեն՝ նույնիսկ հասարակական առումով ակտիվ փոքրամասնությանը, որի ներկայացուցիչների մի մասը կարող էր գուցե մի կարճ պահով գայթակղվել «խորհրդարանակա՞ն», թե՞ «նախագահական» կառավարման ձև քննարկմամբ: Բայց այստեղ էլ, կարծես, մարդիկ հասկանում են, որ խնդիրն ամենևին էլ կառավարման ձևերը չեն, և որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած՝ ձևականորեն լավագույն ձեռնա՛րկն իսկ հետապնդում է զուտ անձնական շահեր, և սա այն դեպքը չէ, որ հնարավոր լինի բռնապետի անձնական շահագրգռվածությունն օգտագործել հանուն հանրային շահի: Կառավարման ձևերը կքննարկենք այն ժամանակ, երբ կունենանք իրապես գործող օրենքներ և Սահմանադրություն:

Համարձակվեմ ենթադրել, որ փոփոխությունների թեման չի հետաքրքրում նույնիսկ Սերժ Սարգսյանի թիմին և անգամ հենց այս օրերին փոփոխությունների քարոզչությամբ զբաղված հանձնաժողովականներին՝ հենց նույն Գագիկ Հարությունյանին և կամպանիային: Նրանք պարզապես կատարում են «պարծիական» բարձր առաջադրանքը, և եթե այդ առաջադրանքը վաղը փոխվի, նրանք ոչ միայն կմոռանան սահմանադրականի անհրաժեշտությունը, այլև, եթե պետք լինի, ճիշտ հակառակ դիրքերից կխոսեն՝ նո՛ւյն կրքով, նո՛ւյն համոզվածությամբ և այլն:

Ուշագրավ է, որ, որքան նկատել եմ, նույնիսկ Սերժի տակ գտնվող անկախները փորձ չեն անում պաշտպանել Սերժի այս նախաձեռնությունը, գոնե ակտիվություն չեմ նկատել այս խնդրի շուրջ: Հասկանում են՝ անհույս է: Հանրային իրական քննարկում չի ծավալվելու, որովհետև աշխարհի ամենաանիմաստ, ամենասքոլաստիկ գործը կլիներ այսօր քննարկել սահամանադրական փոփոխությունների հարցը Հայաստանում:

Այդուհանդերձ՝ պե՞տք են արդյոք Հայաստանին այսօր սահմանադրական փոփոխություններ: Չենք խոսում բովանդակության, մանրամասների մասին, այլ ընդհանրապես ո՛րևէ սահմանադրական փոփոխության մասին: Ըստ իս՝ ո՛չ՝ ցանկացած պարագայում: Բացասական պատասխանի պատճառը պարզ է. եթե նույնիսկ մի պահ մոռանանք, որ փոփոխությունների իրական դրդապատճառը սեփական իշխանությունը երկրաձգելու՝ Սերժ Սարգսյանի «խորամանկ» ծրագիրն է, ապա, միևնույն է, մնում է հիմնարար փաստարկը՝ Հայաստանի խնդիրների լուծումը ոչ թե իրավական, այլ քաղաքական դաշտում է, ավելի պարզ ասած՝ ոչ թե թուղթն է, այլ ուժը: Այս պնդմամբ բնավ չեմ ուզում նսեմացնել իրավունքի դերը՝ դա հիմարություն կլիներ: Հավելյալ ապացուցման կարիք չունի այն հանգամանքը, որ իրավունքը պետության հիմքերից է: Բայց իրավունքն իրական դեր է ստանում միայն, երբ երկուսը՝  իրավունքն ու քաղաքականությունը, թուղթը և ուժը, միմյանց նկատմամբ հավասարակշռված դիրքում են: Հավասարակշիռ վիճակն այն է, երբ կա բավականաչափ ուժ՝ թղթի վրա ամրագրվածն իրականացնելու համար, և, մյուս կողմից էլ՝ իրավական համակարգն ի զորու է զսպել քաղաքական չափազանցված հավակնությունները: Հակառակ պարագայում կամ ունենում ենք իրավական ձևականություն՝ հրաշալի, բայց չգործող օրենքներ, կամ էլ, ինչը նույնն է՝ քաղաքական նիհիլիզմ՝ երբ հանուն քաղաքական շահի ոտնահարվում են բոլոր իրավական նորմերը:

Հետևաբար՝ մինչև Հայաստանում չապահովվի այնպիսի վիճակ, որ հասարակությունն ի զորու լինի իր իսկ ուժով ապահովել սահմանադրության և մյուս օրենքների իրական գործադրումը, որևէ՝ նույնիսկ լավագույն իրավական բարեփոխում չի կարող արմատապես փոխել իրավիճակը: Սա այնքան պարզ է, որ ամոթ էլ է ավելորդ անգամ հիշեցնել:

Իհարկե, կան նրբություններ: Կարելի է պատկերացնել, որ այսօր զուտ ձևականորեն ընդունված օրենքը վաղն այլ պայմաններում իրական օգուտ կարող է բերել հասարակությանը: Կարելի էր պատկերացնել, որ սահմանադրական փոփոխությունների դերն էլ այդպիսին կարող էր լինել: Ծայրահեղ դեպքում հասարակությունը կարող էր անտարբեր մնալ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը: Բայց նման իրավունք չունենք, որովհետև տվյալ դեպքում խոսքը ոչ թե սովորական «դլյա գալոչկի» փոփոխության մասին է, որի նպատակն է, ասենք, բավարարել միջազգային որևէ կառույցի, այլ իրավականի անվան տակ՝ շատ հստակ քաղաքական, նույնիսկ ասենք՝ գերքաղաքական ծրագրի իրականացման մասին է: Բնականաբար, փոփոխությունների իրավական կողմն ամենից քիչ է հետաքրքրում Սերժ Սարգսյանին՝ նրա համար կարևոր է միայն ու միայն դրա քաղաքական մասը:

Չվախենանք չափազանցությունից, բայց տեղի ունեցողն ինչ-որ տեղ հանցանք է մեր հասարակության նկատմամբ: Խնդիրն այն է, որ Հայաստանի առջև իրապես լուրջ խնդիրներ են ծառացած, որոնք պահանջում են արագ լուծումներ, երկիրը փաստացի դոփում է տեղում, արտաքին հարաբերությունները, կարելի է ասել, վերջնականապես խճճվել են, բայց Սերժ Սարգսյանն առաջնային ու օրակարգային է դարձնում բացառապես իր անձնական շահերից բխող սահմանադրական փոփոխությունների խնդիրը, որը երկրի առջև ծառացած որևէ իրական խնդիր լուծել ի զորու չէ, լիովին դուրս է հասարակության իրական օրակարգից: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ յուրահատուկ հանցանք պետության նկատմամբ:

Հասարակությունը պարտավոր է իր ունեցած ռեսուրսները մոբիլիզացնել այս ծրագրի դեմ՝ չներքաշվելով հանդերձ փոփոխությունների բովանդակային կողմի մասին սքոլաստիկ վեճերի մեջ: Դիմադրել, որովհետև, ինչպես ասացինք, սա հասարակության շահերից չբխող քաղաքական, և ո՛չ զուտ իրավական նախաձեռնություն է, և որովհետև սա միայն մեկ անձի շահերը սպասարկող, Սերժի իշխանության հավերժացմանը միտված ծրագիր է: Քարոզելով սահմանադրական փոփոխություններ՝ Սերժ Սարգսյանի ագիտացիոն խմբակը պնդում է, թե մենք պետք է հասնենք իշխանության ճյուղերի իրական բաժանման, հակակշիռների համակարգի ստեղծման և այլն («չգիտես ինչու»՝ նոր են հասկացել դրա անհրաժեշտությունը): Սակայն իրական հաշվեկշիռների համակարգը թղթի վրա չէ՛, որ ստեղծվելու է: Ճիշտ հակառակը՝ սահմանադրական փոփոխությունների իրականացման արդյունքում Հայաստանում հաստատվելու է է՛լ ավելի կենտրոնացված իշխանության համակարգ, և հենց դա է իրական քաղաքական նպատակը՝ քողարկված իրավական գեղեցիկ ձևակերպումներով (թե ինչու է այդպես՝ շատ ենք խոսել և չենք ուզում նույն հիմնավորումներն անվերջ կրկնել): Իսկ իրական բազմակենտրոնությունը ձևավորվելու է ոչ թե վերևից՝ իշխանության կողմից, այլ հասարակության տարբեր շերտերի համախմբմամբ: Հասարակությունը պետք է օգտագործի իրեն հասանելի բոլոր հայտնի, նոր և հին ձևաչափերը՝ քաղաքական կուսակցություններ, դաշինքներ, քաղաքացիական նախաձեռնություններ և այլն, և այլն՝ դիմակայելու համար Հայաստանում միակուսակցական, իսկ ավելի ճիշտ՝ միանձնյա բռնապետության հաստատման ծրագրին: Սա չափազանց լուրջ հարց է, հետևաբար՝ այսօր դաշտում առկա բոլոր գործող ուժերը՝ կազմակերպություններ, խմբեր, անհատներ, բոլոր նրանք, ովքեր քաղաքական պատասխանատվություն են ստանձնել, պետք է հստակ հայտնեն իրենց՝ այս կամ այն կողմում լինելը, հստակ այոն ու ոչն ասեն, մի կողմից՝ սահմանադրականի, իսկ մյուս կողմից՝ լայն համախմբման խնդրին: Տուն-տունիկ խաղալու, ես ոչ կարմիրների, ոչ սևերի կողմից եմ, մենք նոր գաղափարախոսություն ենք ստեղծելու և այլ մանկապատանեկան զվարճանքների ժամանակը սրընթաց անցնում է: Պարտադիր չէ հարել այս կամ այն ուժին, բայց ազնիվ դիրքորոշման բացահայտման համար շատ շուտով պարտադիր է դառնալու, և մեծ հաշվով՝ այսօր էլ պարտադիր է երկու հարցերի հստակ պատասխանը՝ կո՛ղմ կամ դե՛մ՝ սահմանադրական փոփոխություններին, կո՛ղմ կամ դե՛մ՝ հասարակական լայն համախմբմանը: Ըստ այդմ՝ գծվելու է քաղաքական ուժերի նոր քարտեզը Հայաստանում: Կա՛մ քաղաքականությունից դուրս և բացարձակ չեզոքություն, կա՛մ երկու բևեռներից մեկը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Արմավիրի քաղաքապետին և ևս երկու վիրավորների ուղղաթիռով կտեղափոխեն Երևան’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենան հարվածել է պաշտպանական վահանակներին. 21-ամյա վարորդը մահացել է’