‘Ծննդյան տոների լավագույն ֆիլմերը’

2352

Կաթոլիկ աշխարհն այս գիշեր նշում է Սուրբ ծնունդը, որի կապակցությամբ Հոլիվուդում այսօր մի քանի խոշոր պրեմիերաներ տեղի կունենան: Մանավորապես՝ Մարտին Սկորսեզեի «Ուոլ Սթրիթի Գայլը» Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ, և Բեն Սթիլերի «Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը», որտեղ գլխավոր դերում հենց ինքը Բեն Սթիլերն է: Սուրբ ծնունդին պրեմիերաներ կազմակերպելը նոր հնարք չէ կինոարտադրողների կողմից. Անդրադառնանք այն 10 ֆիլմերին, որոնք հավակնում են համարվել դասական՝ այս օրերի համար:

 

 

«Իրական սեր»

Սցենարիստ և երաժշտական պրոդյուսեր Ռիչարդ Կյուրտիսի ռեժիսորական դեբյուտը, որտեղ հավաքվել էր հրաշալի աստղային կազմ՝ Լիամ Նիսոնից մինչև երիտասարդ Կեյրա Նայթլի և այն ժամանակ սրտակեր համարվող Հյու Գրանտ և Կլաուդիա Շիֆեր: Ֆիլմում 10 տարբեր սիրային պատմություններ են՝ գրողի, տնային տնտեսուհու, մեծահասակների համար ֆիլմերի դերասանների և այլ անձանց, որոնք այսպես թե այնպես կապված են միմյանց հետ:

«Տանը միայնակ»

80-ականների և 90-ականների սերնդի համար երևի թե լավագույն ֆիլմը՝ ծննդյան տոների հետ կապված, որի յուրաքանչյուր տողը շատերը անգիր գիտեն: 1990-ին նկարահանված «Տանը միայնակին» երկու տարի հետո հաջորդեց «Տանը Միայնակ 2-ը. Նյու-Յորքում կորսվածը», որը կարողացավ կրկնել առաջին ֆիլմի հաջողությունը: Ֆիլմի պրոդյուսեր Ջոն Հյուգսը 5 տարի հետո որոշեց շարունակել պատմությունը, սակայն առանց Մայքլի այն այլևս այնպես չստացվեց:

Հետագայում Մայքլի՝ Մկքոլեյ Կալկինի դերասանական կարիերան ձախողվեց հոր և պրոդյուսերների անհամաձայնության պատճառով, իսկ 1995-ին նա նույնիսկ նոմինացվեց «Անտի-«Օսկար»» մրցանակին:

«Վատ Սանտան»

Վստահաբար՝ սա այն ֆիլմը չէ, որը կարելի է դիտել ամբողջ ընտանիքով, բայց աչքի է ընկնում յուրահատուկ թախիծով և տարբերվում է հրաշքների մասին պատմող ֆիլմերից: 2003-ին Բիլի Բոբ Տորնտոնը դեպրեսիայի մեջ էր կնոջ՝ Անժելինա Ջոլիի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով, և հնարավոր է՝ հենց դա օգնեց նրան կերտել սեքսի վրա շեղված միայնակ հանցագործի կերպարը:

«Ընտանիքի մարդը»

Նիկոլաս Քեյջը այս հազարամյակի սկզբում նկարահանվում էր շատ ավելի լուրջ նախագծերում, քան ներկայումս է անում: «Ընտանիքի մարդը» ֆիլմում Քեյջի հերոսը՝  Ջեք Քեմբելը, Ծննդյան տոնի նախաշեմին զարթնում է՝ ունենալով հնարավորություն վերըտրել 13 տարվա վաղեմության իր կյանքի ընթացքը և վերջ տալով իր Ուոլ Սթրիթի հաջողակ ֆինանսիստի կյանքին, փոխարենը ունենալ լավ ընտանեկան կյանք: Ջեքը, իհարկե, ցանկանում է համատեղել, բայց հրաշքները սահմանափակվում են ըտրության առաջարկով:

«Սուրբ ծննդյան պատմություն»

Չարլս Դիքենսի համանուն վեպի էկրանավորումը Ռոբերտ Զեմեկիսի կողմից: Այս անիմացիոն ֆիլմը ունակ է գերել միայն իր հիանալի անիմացիայի և կերպարների շնորհիվ: Ագահ և քարսիրտ Էբեներեզե Սկրուջը ատում է բոլոր տոները, մասնավորապես՝ Սուրբ ծնունդը, բայց հենց  այդ օրը նրան են այցելում Ծննդյան տոների հոգիները՝ անցյալի, ներկայի և ապագայի: Ժամանակների միջև ճանապարհորդությունը փոխում է Սկրուջի ամբողջ կյանքը:

Նախորդ հոդվածը‘Մամուլ. Սաակաշվիլիի մուտքն Ուկրաինա արգելվել է’
Հաջորդ հոդվածը‘Ինչ է սպասվում Տիգրան Սարգսյանին. 7or.am’