‘Կիեւում ՀՀ դեսպանություն. Միջադեպի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն’

1162

Օրերս Երեւանի փոխարեն Բաքվում հայտնված ՀՀ քաղաքացի Ասատուր Խաչատրյանին Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը սխալմամբ է երկրից արտաքսել: Այդ մասին iLur.am-ին հայտնեց Ուկրաինայում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Սիմոնյանը:

Ներկայացնելով մանրամասներ միջադեպի մասին՝ դիվանագետը նշեց, որ ազգականներին այցելելու նպատակով հուլիսի 22-ին Կիեւ ժամանած 22-ամյա Ասատուր Խաչատրյանին ուկրաինացի սահմանապահները թույլ չեն տվել երկիր մուտք գործել, որովհետեւ Ուկրաինայի օրենքների համաձայն՝ երկիր մուտք գործող արտասահմանցիները պետք է ֆինանսական միջոցների մասին հավաստիացում ներկայացնեն:

«Քանի որ մեր քաղաքացին դժվարությամբ է հասկանում ռուսերենը, հարցի իմաստը չի ըմբռնել, եւ որոշել են նրան հետ ուղարկել, — նշեց Կարեն Սիմոնյանը, — այդ ժամանակ, 15 րոպեի տարբերությամբ, չվերթեր են նախատեսված եղել դեպի Բաքու եւ դեպի Երեւան, եւ սահմանապահը, որը, հավանաբար, երկրների եւ նրանց մայրաքաղաքների իմացության հետ խնդիրներ ունի, Խաչատրյանին նստեցրել է Բաքու մեկնող օդանավ»:

Ընդ որում, շփոթեցնող է եղել նաեւ այն հանգամանքը, որ Բաքվի չվերթը 601-ն է, իսկ Երեւանինը՝ 611-ը: Դիվանագետը նշեց, որ դեսպանության առաջնային խնդիրն այս օրերին եղել է ոչ թե մեղավորների փնտրտուքը, այլ այն, որ քաղաքացին ապահով վայրում հայտնվի:

«Հիմա երեխան (նկատի ունի Ասատուր Խաչատրյանին-խմբ.) Կիեւում է, իր ազգականների հետ, եւ ոչ ոք նրան ոչ մի տեղ չի արտաքսի», — նշեց ՀՀ դեսպանության խորհրդականը՝ հավելելով, որ այժմ Ուկրաինայի համապատասխան մարմինների հետ համատեղ աշխատանքներ են տարվում՝ միջադեպի մեղավորներին պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: 

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանի ոռոգման համակարգը միացրել են. ցուցարարները ջրի տակ պարում են’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետը հրապարակեց կասեցման մասին որոշումը. Տրոլեյբուսները կշարունակեն թանկ մնալ’