‘Կոմանդոս. Թալիբները կարող են գալ Հայաստան միայն առևտուր անելու նպատակով ‘

785

Վերջերս կայացած ՀԱՊԿ զինավարժությունների մասին լրագրողների հետ զրուցեց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, արցախյան գոյամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):
Ինչպես հայտնեց ilur.am-ի թղթակիցը, գնահատելով ՀԱՊԿ զինավարժությունները՝ Կոմանդոսը վստահություն հայտնեց, որ պետությունն իր անվտանգությունը կարող է ապահովել միայն դաշնակիցների միջոցով: Հայաստանի համար դաշնակից կարող է լինել, օրինակ, Հունաստանը:
«Այս զինավարժությունները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ը պրակտիկ կերպով գոյություն ունի, և առկա վտանգի դեպքում պետությունները պարտավորված են որոշակի գործողություններ ձեռնարկել: Սակայն, օրինակի համար, ՀԱՊԿ անդամ Ղրղզստանի նախագահը ջերմ հարաբերությունների մեջ է Ալիևի հետ, իսկ հայ-ադրբեջանական հնարավոր բախման դեպքում հավանականություն չկա, որ Ղրղզստանը կարող է աջակցություն ցուցաբերել հայկական կողմին», — ասաց Կոմանդոսը՝ նշելով, որ իրական դաշնակից Ռուսաստանից զատ մեզ դաշնակից կարող է լինել նաև Բելառուսը:
Կոմանդոսի կարծիքով՝ այս տարածաշրջանում Հայաստանի դերն աստիճանաբար ավելի է արժևորվում, իսկ ինչ վերաբերում է վրացական կողմի անհանգստությանը, ապա Վրաստանը պետք է հասկանա, որ հայկական կողմը եղել և շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմական դաշնակիցը, այն էլ այն դեպքում, երբ վրացական ռազմական մասնագետները նշում են, թե հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի դեպքում Վրաստանը կարող է աջակցել Ադրբեջանին:
Թալիբների՝ Հայաստան ներթափանցման մասին լուրը մեկնաբանելով՝ Կամանդոսն ասաց.
«Թալիբները կգան Հայաստան միայն առևտուր անելու նպատակով, իրենք կարող են գործել միայն իրենց հողի վրա, իսկ Հայաստանում իմաստ չկա որևէ բան անելու»:
Անդրադառնալով Ադրբեջանի հակահայ քաղաքականությանը՝ Կոմանդոսը կարծում է, որ այդ գաղափարը միայն ու միայն ներքին սպառման համար է:
«Ալիևի իմիջը բավականին ընկած է, նա զբաղված է թալանով, իսկ միասնական թշնամու գաղափարով երկրի բնակչությանը սնելու նպատակով Սաֆարովին ազատեց և հերոսացրեց: Շուտով սպասվում է Ադրբեջանի իշխանության կողմից Սաֆարովի սպանության կազմակերպումը, որը կգցեն հայերի վրա: Դրանով Ադրբեջանը հասարակությանը պատրաստում է ռազմական գործողությունների, այսինքն՝ պատերազմի», — եզրափակեց Կոմանդոսը:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Մի օր այս ամեն ինչը կփլվի’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Միջին աշխատավարձը բարձրացնելու համար ծախս չի պահանջվում ‘