‘Կոնգրեսը պահանջում է վերջ տալ Երեւանի ճարտարապետական նկարագրի նկատմամբ վարչախմբի գիշատիչ վերաբերմունքին’

1162

Երկրում սահմանադրական կարգի վերականգնման՝ իր հետապնդած հիմնական քաղաքական խնդրին զուգահեռ՝ Հայ Ազգային Կոնգրեսը հետեւողականորեն անդրադարձել է տարբեր ոլորտների վերաբերող խնդիրների։ Նրա ծրագրային եւ այլ պաշտոնական փաստաթղթերում ուշադրության կենտրոնում է եղել մայրաքաղաքի ճարտարապետական տեսքի պահպանումն ընդդեմ իշխանական կամայականությունների։ Իշխանավորների եւ նրանց կողմից հովանավորվող զանազան մարդկանց բիզնես-շահերին զոհ են գնացել պատմամշակութային հուշարձաններ, քաղաքաշինական անարխիան խաթարել է քաղաքի տեսքը։  Կոնգրեսի 2011թ. սեպտեմբերի 23-ի հանրահավաքը, մասնավորապես, պահանջել է՝ «Դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակումը եւ Երեւանի կենտրոնում բազմահարկ շենքերի կառուցումը»։ Նույն խնդիրները հետապնդելու համար առաջացել են նաեւ բնապահպանական եւ այլ քաղաքացիական շարժումներ եւ նախաձեռնություններ։

Վարչախումբը շարունակում է Երեւանն ու մասնավորապես նրա կենտրոնը դիտել որպես բիզնես հրապարակ՝ հանուն անձնական շահի չխորշելով անգամ անդառնալի կորուստներ բերող սրբապիղծ ծրագրերի իրականացումից։ Ավերվել է Երեւանի ճարտարապետական եզակի կառույցներից մեկի՝ Ծածկած շուկայի կամարակապ դահլիճը։ Վայրագության թիրախներից մեկն է դարձել ճարտարապետական իր հորինվածքով անկրկնելի եւ հայկական պետականության խորհրդանիշը հանդիսացող Հանրապետության հրապարակը։ Այստեղ գտնվող ԱԳ նախարարության շենքը ներքին արմատական վերակառուցմամբ վերածվում է հյուրանոցի։ Դրա սպասարկման համար նախատեսվում է ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել, ինչի հետեւանքով կոչնչանա հրապարակի տակ ժամանակին հատուկ կոնսերվացված, ամբողջական կառույցներ պարունակող հարուստ հնագիտական մշակութային շերտը։ Արդեն խոսակցություններ կան Պատմության թանգարանի շենքը քանդելու մասին։ Նույն ճակատագիրն է սպասում Շահումյանի անվան հրապարակին, որտեղ ծրագրված կառույցները մինչեւ վերջ ոչնչացնելու են դրա պատմամշակութային ամբողջությունն ու ժամանակի շունչը։ Ոչնչացման սպառնալիքի տակ են Դալմայի այգիները. այստեղով անցնող նորակառույց մայրուղին, որ մտահղացված էր ընդամենը բեռնաթափելու քաղաքի ծանրաբեռնված փողոցները, այժմ նախատեսվում է երկու կողմից ընդարձակ կառուցապատել շինություններով։

Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է վերջ տալ Երեւանի ճարտարապետական նկարագրի նկատմամբ վարչախմբի գիշատիչ վերաբերմունքին, սատարում է դրանց դեմ պայքարի ելած քաղաքացիներին, քաղաքացիական նախաձեռնություններին եւ կրկին արձանագրում, որ ինչպես այդ, այնպես էլ բազմաթիվ այլ խնդիրների լուծման բանալին Հայաստանում օրինականության, օրենքի գերակայության, ասել է թե՝ խաթարված սահմանադրական կարգի վերականգնման մեջ է։

Նախորդ հոդվածը‘Հայ-թուրքական սահմանը հատած հովիվը կրակ էր բացել ռուս սահմանապահների վրա’
Հաջորդ հոդվածը‘Տրանսպորտի գինն ու «Սաշիկ սերվիզի» ախորժակը’