‘
Սերժ Սարգսյանի «Կորեական արձակուրդների» մասին արդեն շատ է գրվել, նաեւ որոշ ռացիոնալ հարցադրումներ են արվել։ Սակայն թեման չի կարելի սպառված համարել, քանի դեռ պատասխան չեն ստացել հետեւյալ հարցերն ու հարցադրումները։
Նախ՝ շատերը խոսում են միայն 186.000 դոլարի մասին, որ վճարվել է բժշկական հիմնարկին։ Դրան պետք է գումարել օդանավի ծախսը, Ս. Սարգսյանին ուղեկցող անձանց, թիկնապահների, գործուղման, հինգ աստղանի հյուրանոցի ծախսերը։ Ամենահամեստ հաշվարկներով ստացվում է կես միլիոն դոլարի չափ։ Չհաշված՝ 7 հոգու «թագավորավայել» առօրյան։ Ս.Սարգսյանի մամուլի քարտուղարի ծիծաղելի բացատրությունն այն մասին, թե բուժվել են բոլորը, եւ վճարել է յուրաքանչյուրն իր համար՝ «նեմեցսկի սչոտով», այս դեպքում անգամ ծիծաղելի չէ։ Հո թիկնազորն ինքն իր համար չի՞ վճարել: Օդանավն ինքն իր համար չի՞ վճարել: Ընդունենք, որ այդ ծախսերը բյուջեից չեն, ուրեմն՝ «ո՞վ է հոգացել Ս. Սարգսյանի «կորեական արձակուրդների» կես միլիոն դոլարի ծախսը» հարցը մնում է օդում կախված։
Մյուս հնարավոր տարբերակն այն է, որ այդ ծախսը հոգացել է, օրինակ, խմբի անդամ Արա Աբրահամյանը։ Դա էլ ոչ միայն բարոյական, այլեւ իրավական խնդիր է առաջացնում։ Եթե որեւէ գործարար այսքան թանկարժեք նվեր է անում որեւէ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի, ու, մանավանդ, ինքն էլ բնիզնես շահեր ունի այդ երկրում, հասկանալի է, որ դա այլ բան չէ, քան կոռուպցիայի դասական նմուշ։ Այսինքն՝ տվյալ գործարարը իր «նվերի» տասնապատիկը կստանա այդ պաշտոնյայի հովանավորչության շնորհիվ։ Աշխարհի շատ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջին դեմքեր պատասխանատվության են ենթարկվել գործարարների հետ այսօրինակ կապերի համար։ Մասնավորապես՝ նմանօրինակ կապը դարձավ Գերմանիայի նախագահի պաշտոնանկության պատճառ, իսկ Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին մի կերպ խուսափեց դրանից:
Ինչո՞ւ Ս. Սարգսյանի այցից անմիջապես հետո նա պաշտոնից հեռացրեց Հարավային Կորեայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին։ Սա կարծես թե միակ հարցն է, որի պատասխանը հստակվում է կորեական թերթի հրապարակման շնորհիվ. դեսպանը չի կարողացել ապահովել Ս. Սարգսյանի ու նրա խմբի՝ Կորեա կատարած այցի գաղտնիությունը, ինչի համար եւ պատժվել է պաշտոնազրկմամբ։
Ոմանք կարող են ասել, թե՝ Ս. Սարգսյանի կատարած հանցագործությունների ֆոնին (մարտիմեկյան սպանդ, ընտրությունների կեղծում, պետական հեղաշրջմամբ իշխանության յուրացում, միլիարդավոր դոլարի հարստության կուտակում, հարյուր հազարավորների արտագաղթ, Ցեղասպանության ուրացում եւ այլն) փոքրիկ մի «չարաճճիություն» է այս ամենը, արժե՞ այդքան կարեւորություն տալ։ Այո, նրա կատարած հանցագործությունների մի մասը հնարավոր է բացահայտել միայն այլ՝ օրինակարգ իշխանության պայմաններում, անաչառ հետաքննությամբ։ «Կորեական արձակուրդները», ի տարբերություն թվարկվածների, հանգիստ կարելի է բացահայտել հենց հիմա, ոչ թե իրավապահ մարմինների, այլ լրագրողական աշխարհի ակտիվ աշխատանքի շնորհիվ։ Փաստ է, որ Ս. Սարգսյանը 7 հոգով գնացել է Հարավային Կորեա ու այնտեղ մնացել առնվազն 10 օր, բուժվել հայտնի բուժհիմնարկում։ Հիմա, հետևողական հարցադրումներով պետք է ընդամենը պարզել , թե ո՞վ է վճարել կամ որտեղի՞ց են վճարվել՝ ա) ինքնաթիռի թռիչքի, բ) բուժման, գ) հյուրանոցի, դ) գործուղման ծախսերը (չհաշված զվարճանքները), որոնց տակ, վերջին հաշվով, փաստաթղթեր կան դրված։ Սրանք ոչ միայն պետական գաղտնիք չեն, այլև նման տեղեկատվությունը թաքցնելն ինքնին հանցագործություն է ։ Այնպես որ, մեծ հանցանքները մի կողմ թողած՝ միայն այս հարցերի բացահայտումը կարող է Ս. Սարգսյանի հրաժարականի բավարար հիմք հանդիսանալ։
ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
‘