‘Հայաստանում աճել է ճանապարհային պատահարների թիվը’

753

Հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն այս տարվա տասը ամիսների կտրվածքով աճել է 232-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, փոխարենը նվազել է պատահարների զոհերի թիվը: Զոհերի թվի տարբերությունը չնայած աննշան է, սակայն կարևոր է, որ նվազում է գրանցվել: «Չնայած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է, այնուամենայնիվ, նվազել է ամենակարևորը` զոհերի թիվըԵթե 2011 թվականի տասը ամիսների տվյալներով եղել է 251 զոհ, ապա այս տարի գրանցվել է 249-ը», — ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով` ամբողջ աշխարհում ինտենսիվ աշխատանքներ են տարվում զոհերի թվի նվազման ուղղությամբ, իսկ մենք կարողացանք հասնել նրան, որ թեկուզ քիչ տարբերությամբ, սակայն ունեցանք 2-ով քիչ զոհ: Սարգսյանի խոսքերով` դա մի ամբողջ համալիր աշխատանքի արդյունք է, ինչի մասին կարելի է օրերով խոսել: Զոհերի թվի նվազմանը նպաստում է և ճանապարհաշինությունը, և տրանսպորտի նախարարության կողմից տարվող աշխատանքները, և ամրագոտիներից օգտվելը: «Եվ եթե պայմաններն ավելի կատարելագործվեն, և վարորդներն էլ ավելի ուշադիր լինեն, ապա զոհերի թիվը կշարունակի նվազել», — ընդգծեց ՃՈ պետի տեղակալը: 

Ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում դեռևս նվազում է միայն զոհերի թիվը` փոխարենը շատացել են դեպքերն ու վիրավորների թիվը: 2011-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին վիրավորների թիվը կազմել է 2 հազար 738, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 3 հազար 24: Վերջին տարիներին վիրավորների թվի ավելացումը պայմանավորված է նաեւ ԱՊՊԱ-ի ներդրմամբ: «Եթե նախկինում թեթև մարմնական վնասվածքների դեպքում չէին դիմում ոստիկանությանը, համաձայնության գալով հեռանում էին դեպքի վայրից, ապա հիմա իրավիճակը տարբերվում է. նույնիսկ ամենամեղմ պատահարը գրանցվում է ոստիկանների կողմից», — պարզաբանեց Հայկ Սարգսյանը: Նա նաեւ հավելեց, որ պատահարների զգալի մասը տեղի է ունենում քաղաքից դուրս. պատճառը հարբած կամ ղեկին քնած վարորդներն են, որոնց մեծ մասը տաքսու վարորդներ են: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Գազայի հարցը փակ դռների հետևում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Սիրիայի ընդդիմությանը զենք չի մատակարարի և թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա. Օբամայի առաջին ասուլիսը վերընտրվելուց հետո’