‘
Հայաստանում հաջորդ շաբաթ կհայտարարվի տեղական ավիափոխադրող ընկերությունների մրցույթ: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է Կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը: «Մրցույթի կազմակերպման աշխատանքները ընթացքի մեջ են, պատրաստվում են համապատասխան փաստաթղթերը, եկող շաբաթ կտրվի մրցույթի մեկնարկը»,-ասել է Նելլի Չերչինյանը` միաժամանակ ընդգծելով, որ այս պարագայում ճիշտ չէ գործածել «ազգային ավիափոխարող» տերմինը, որն այլ չափանիշներ է իր մեջ պարունակվում: «Իսկ սա երեք ուղղություններով տեղական ավիաընկերություններ ընտրելու մրցույթ է»,-նշեց Չերչինյանը:
ՀՀ կառավարությունը հունիսի 6-ի նիստում ընդունել էր փուլային տարբերակով օդային փոխադրումների ազատականացմանն անցում կատարելու ռազմավարությունը, որով նախատեսվում էր ոլորտում ունենալ առնվազն 3 հայկական ավիաընկերություններ, որոնք կընտրվեն մրցութային տարբերակով:
‘