‘«Հայկական ժամանակ». Պաշտոնյաները կփոխհատուցե՞ն Եվրադատարանի վճիռները’

909

ՀՀ կառավարությունում քննարկվում են ուղիներ, որոնցով կարելի է ՀՀ-ի դեմ Եվրադատարանի վճիռներով պետբյուջեից վճարված գումարները հետագայում բռնագանձել այն պաշտոնյաներից, ում մեղքով կայացվել են այդ վճիռները: Այս մասին «Հայկական ժամանակի» թղթակցին ասել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանին:

«Հայաստանը կարող է հետադարձ պահանջներ ներկայացնել այն պաշտոնատար անձանց, որոնց մեղքով Հայաստանը դատապարտվել է: Այդ մեխանիզմները կան մեր օրենսդրությունում, անհրաժեշտ է գտնել հիմքերը, որպեսզի միջազգային ստանդարտները և մեր օրենսդրությունը համապատասխանեցվեն: Սա քննարկման փուլում է, և լուծումների մասին խոսելը դեռևս վաղ է»,- ասել է արդարադատության փոխնախարարը և հավելել, որ պաշտոնյաների ցանկում, որոնցից կարող են փոխհատուցում պահանջել, դատավորները չեն մտնում:

«Դատավորներն ունեն անկախություն: Անգամ եթե իրենք կայացրել են սխալ վճիռներ, բայց թույլ չեն տվել օրենքի դիտավորյալ կոպիտ խախտում, դա ավելի շատ կոմպետենցիայի խնդիր է: Դատավորի անկախությունը հաշվի առնելով` հետադարձ պահանջի մասին խոսք լինել չի կարող: Իսկ դատավորի կողմից օրենքի դիտավորյալ կոպիտ խախտումն արդեն հանցագործություն է, և դա բոլորովին այլ ընթացակարգ է»,- ասել է փոխնախարարը: Մնում են փաստորեն նրանք, ում դեմ ՀՀ դատարաններում դատական հայցեր են ներկայացվել, և այդ գործերով ԵԴ-ում վճիռներ են կայացվել»:

Նախորդ հոդվածը‘«Չորրորդ ինքնիշխանություն». Արզաքանցյանի «ախրանային» զինաթափել են’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիա. Մոսկվա-Դամասկոս ինքնաթիռում կասկածելի բեռ է ձերբակալվել’