‘
«Սիլ» կոնցեռնը Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության և «Արարատ գրուպի» հետ դատական գործի վերաբերյալ ավելացնելու բան չունի: Այս մասին iLur.am-ին հայտնեց «Սիլ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ հավելելով, որ իրենց ներկայացուցիչն արդեն անդրադարձել է գործին, ու դրանից բացի ավելացնելու բան չունի: «Եթե մեկ ամսվա ընթացքում որոշումը չբողոքարկվի վճռաբեկ դատարան, այն կմտնի օրինական ուժի մեջ, և ընկերությունը հնարավորություն կունենա կատարել հաջորդ քայլը»,- «Փաստինֆոյի» հետ զրույցում նշել էր «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դիաննա Գրիգորյանը: «Արարատ գրուպի» ներկայացուցիչն էլ, պատասխանելով iLur.am-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ են բողոքարկել վճիռը, ասաց՝ նպատակահարմար չեն գտնում այս հարցով տեղեկություն տալ: «Դա մեր ընկերությանը վերաբերող տեղեկատվություն է, որի մասին մենք չէին ուզենա բարձրաձայնել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշումները վերացնելու և «Սիլ Կոնցեռնի» ներկայացրած ապրանքանիշը գրանցելու համար բարենպաստ վարչական ակտեր ընդունելուն պարտավորեցնելու պահանջով: 2011 թ. հոկտեմբերին ընկերությունը դիմել է գործակալությանը՝ իր կողմից ներկայացված նշանները որպես ապրանքային նշան գրանցելու համար, սակայն Էկոնոմիկայի նախարարությունում «Սիլ Կոնցեռնի» դիմումը մերժել են՝ պատճառաբանելով, թե ներկայացված ապրանքային նշանը շփոթելու աստիճան նման է «Արարատ գրուպ» ՍՊԸ-ի կողմից ավելի վաղ գրանցած ապրանքանիշին և կարող է հանրության մոտ շփոթություն առաջացնել: Դատարանն անվավեր է ճանաչել Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության որոշումները և վերջինիս պարտավորեցրել է ընդունել բարենպաստ վարչական ակտեր` ներկայացված ապրանքային նշանները գրանցելու համար:
‘