‘Հայրիկյանը դեռ չի որոշել՝ հետաձգե՞լ նախագահական ընտրությունները, թե՞ ոչ ‘

960

Երեկ իրականացված մահափորձի հետևանքով վիրավորված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը առայժմ որոշում չի կայացրել փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների հետաձգման վերաբերյալ:

Ընտրությունների հետաձգման հնարավորության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` այս մասին ասաց ԱԻՄ-ի առաջնորդի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

«Դա որոշելու է Պարույր Հայրիկյանը` կապված իր առողջությունից», — մասնրամասնեց փաստաբանը՝ նշելով, որ ԱԻՄ առաջնորդը այս մասին դեռ որոշում չունի, -«Կարծում եմ՝ երկուշաբթի օրը ասուլիս կտան, ավելի մանրամասն կտեղեկացնեն»:

Նշենք, որ Պարույր Հայրիկյանը վիրահատվել է: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ վիրահատությունը տեղի է ունեցել ժամը 10։30, գնդակը հեռացրել են աջ արմունկային փոսի փափուկ հյուսվածքներից։ Վիրահատությունը անցել է լավ, հիվանդի վիճակը բավարար է, հիմա նա գտնվում է քնկոտ վիճակում, մի քանի ժամից լրիվ կարթնանա։ Ցավեր չունի, գիտակցությունը նորմալ է։

Ըստ բժշկի, Հայրիկյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ մի քանի օր կմնա վերահսկողության տակ, ապա կտեղափոխվի ընդհանուր բաժին։

Բժշկի խոսքով, նախագահի թեկնածուի ապաքինումը կտևի «առնվազն յոթից տասն օր»։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ Հայրիկյանը առաջիկա օրերին քարոզարշավ իրականացնելու հնարավորություն չի ունենա:

Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն, «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը»։

Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր հետաձգել է Մալաթիա֊Սեբաստիա համայնքում նախատեսված նախընտրական հանդիպումը:

Նախորդ հոդվածը‘Մահացել է Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի պատգամավորները քննադատել են Աքրամ Այլիսլիի սկանդալային վեպը’