‘Հեղափոխության տարեդարձի առթիվ լիբիացիներին միասնության կոչեր են արվում’

564

Լիբիայի Ազգային կոնգրեսի նախագահ Մուհամեդ ալ-Մեգարիֆը Բենգազիի կենտրոնական հրապարակում իր ելույթը նվիրել է գնդապետ Մուամար Քադաֆիի վարչակարգի դեմ ապստամբության երկրորդ տարեդարձին: Մեգարիֆը շոշափել է նաև պետական անվտանգության թեմաները և հույս հայտնել, որ հեղափոխությունը զենքով պաշտպանած ուժերը պետք է կենտրոնանան երկրի խաղաղ բարգավաճման վրա:  ՄԱԿ-ի  տվյալներով՝ Քադաֆիի դեմ մարտերին մասնակցած առնվազն 200 հազար մարդ այժմ հրաժարվում է զինաթափվել: Հաշվի առնելով կլանների և ցեղախմբերի ազդեցության բարձր մակարդակը, ինչպես նաև ռազմական պահեստներից զենքերի զանգվածային գողությունները՝ փորձագետներն իրավիճակը գնահատում են որպես խիստ պայթյունավտանգ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, փետրվարի 14-ից 18-ը՝ Քադաֆիի վարչակարգը տապալելու երկամյա տարեդարձի օրերին, Լիբիան անվտանգության նկատառումներով հինգ օրով փակել է իր սահմանները Եգիպտոսի և Թունիսի հետ: Տոնակատարությունները մեկնարկել են փետրվարի 15-ից: Շատ լիբիացիներ, հատկապես՝ երկրի արևելքում, նախատեսում են բողոքի ակցիաներ կազմակերպել ընդդեմ կառավարության, որն իրենց կարծիքով՝ մինչ օրս չի կարողացել ապահովել լիբիացիների անվտանգությունը և գրել երկրի սահմանադրությունը, հաղորդում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հանձնաժողովը զանգվածային սպանությունների մեղավորների գաղտնի ցուցակ է կազմել’
Հաջորդ հոդվածը‘Հռոմը և պապական Վատիկանը նախապատրաստվում են Բենեդիկտոս XVI-ի հրաժեշտի արարողությանը’