‘Հենրիխ Մխիթարյանը դարձավ 24 տարեկան’

645

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր դարձավ 24  տարեկան:

Հենրիխն իր կարիերան սկսել է Երեւանի «Փյունիկում»: 2006-2009 թվականներին այնտեղ հանդես գալուց հետո նա 2009թ. հունիսին  տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», իսկ 2010թ. օգոստոսին Ուկրաինայի ուժեղագույն թիմը` «Շախտյորը» նրան ձեռք բերեց 7,5 միլիոն դոլարով:

Նախորդ մրցաշրջանը լավագույնն էր Հենրիխ Մխիթարյանի կարիերայում: «Շախտյորի» կազմում նա դարձավ Ուկրաինայի չեմպիոն, Սուպերգավաթակիր, առաջին խաղաշրջանի լավագույն ռմբարկու (18 գոլ), դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ խփեց Չեմպիոնների լիգայում: Իր աշխատասիրության, տեխնիկայի եւ ռմբարկուական հատկանիշների շնորհիվ Մխիթարյանն այսօր դարձել է դոնեցկյան ակումբի եւ Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը, հայտնվել է եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում, որոնց թվում նշվում են «Բավարիայի», Դորտմունդի «Բորուսիայի», «Արսենալի», «Բարսելոնայի» անունները: 

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է 2009, 2011, 2012 թվականների Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, 2009թ. Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու (11 գոլ), 2012թ. ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ, Եվրո-2012-ի խմբային մրցաշարի B խմբի լավագույն ռմբարկու (6 գոլ):

Շնորհավորելով Հենրիխին, մնում է մաղթել, որ նրա կարիերայի լավագույն ժամանակները դեռ առջեւում լինեն:

Նախորդ հոդվածը‘Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործով դատական նիստը հետաձգվել է’
Հաջորդ հոդվածը‘Ռիչարդ Կիրակոսյան. ՀՀ ազգային անվտանգության հիմնական սպառնալիքը ներսից է’