‘Հենրիխ Մխիթարյան. «… Նույնիսկ 30 գոլ հավաքականի մարզաշապիկով» ‘

627

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով Երևան է ժամանել մի քանի օր առաջ, հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին:

Հենրիխ, այս տարի դու դարձար հայաստանցի առաջին ֆուտբոլիստը, ով գոլ հեղինակեց Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Ի՞նչպիսի զգացողություններ ունեցար այդ պահին:

-Ճիշտն ասած՝ չէի մտածում այն մասին, որ պետք է առաջինը գոլ խփեմ Չեմպիոնների լիգայում, սակայն մյուս կողմից շատ հաճելի է լինել Չեմպիոնների լիգայում գոլ խփած հայաստանցի առաջին ֆուտբոլիստը: Հույս ունեմ, որ կկարողանամ էլի գոլեր խփել, որպեսզի կարողանամ բարձր պահել Հայաստանի պատիվը:

Շախտյորը» հաջողությամբ հաղթահարեց խմբային մրցաշարի արգելքը նաեւ քո խաղի շնորհիվ: Փլեյօֆֆ փուլում կա՞ն մրցակիցներ, որոնց դեմ կցանկանայիր կամ չէիր ցանկանա խաղալ:

-Չեմ կարող ասել, որ կան մրցակիցներ, ում հետ չէի ցանկանա հանդիպել: Դա վիճակախաղի պես բան է: Եթե վիճակահանությամբ մեզ բաժին հասնի «Բարսելոնան», կամ մեկ այլ թիմ, միևնույն է, պետք է խաղանք նրանց դեմ, այսինքն ով էլ լինի մեր մրցակիցը, մենք պետք է դուրս գանք խաղադաշտ և ցույց տանք մեր հզորությունը:

Ուկրաինայի առաջնությունում այս տարի արդեն դարձել ես 18 գոլի հեղինակ: Քեզ ընդամենը 5 գոլ է մնացել` պատմության մեջ լավագույն ռմբարկուի ռեկորդը գերազանցելու համար: Թիմում հատուկ ուշադրություն դարձնում ե՞ն այդ հանգամանքի վրա:

-Ես աշխատում եմ չկենտրոնանալ այդ գոլերի վրա: Ավելի շատ փորձում եմ լավ խաղալ, թիմին օգուտ տալ և եթե կարողանամ օգտագործել իմ հնարավորությունները, կկարողանամ գերազանցել 22 գոլի սահմանը:

Անդրադառնանք Հայաստանի ազգային հավաքականին: Քո կարծիքով ի՞նչն էր պատճառը, որ ընտրական մրցաշարի առաջին 2 խաղերում մեր հավաքականը խաղային առումով այնքան էլ հաջող հանդես չեկավ եւ նման չէր Եվրո 2012-ի ընտրական փուլի մեր հավաքականին:

-Առաջին խաղի ժամանակ ինչ-որ տեղ լարվածություն կար, քանի որ ընտրական փուլի առաջին հանդիպումն էր, և մենք ամեն կերպ փորձում էին հաղթել այդ խաղում, իսկ Բուլղարիայի հետ խաղում ամեն ինչ վատ դասավորվեց մեզ համար, քանի որ թե´ մենք տեղի տվեցինք բուլղարացիների սադրանքներին, թե´ մրցավարը մի քանի սխալ թույլ տվեց, և դա իր բացասական հետքը թողեց խաղի ելքի վրա:

Իտալիայի հավաքականին խփածդ գոլից հետո քո ուրախության թռիչքն արձանագրել են գրեթե բոլոր ֆոտո եւ հեռուստախցիկները: Ի՞նչ էիր զգում այդ պահին:

-Շատ մեծ ուրախություն ապրեցի և ոչ թե նրա համար, որ հենց Իտալիային գոլ խփեցի, այլ նրա համար, որ կարողացանք 0-1 պարտվելիս գոլ խփել և մի ամբողջ ազգի ուրախացնել: Ճիշտ է՝ պարտվեցինք այդ խաղում, բայց կարծում եմ՝ արժանի դիմադրություն ցույց տվեցինք և կարող էին նաև հաղթել, եթե օգտագործեինք մեր գոլային պահերը, բայց ցավոք չստացվեց: Չնայած դրան՝ կարող եմ ասել, որ ամեն օր չես խաղում Իտալիայի հավաքականի դեմ և ամեն օր չես կարող գրավել Բուֆոնի պես դարպասապահի դարպասը:

Իսկ ի՞նչ ես կարծում, Իտալիայի հավաքականի հետ խաղում ունեի՞նք հաղթելու հնարավորություններ, թե մրցակցի բարձր կարգը, միևնույն է, իրեն զգացնել էր տալու:

-Առաջին խաղակեսում, հատկապես առաջին 10 րոպեներին կարող էինք 2-3 գոլ բաց թողնել, սակայն իր բարձրության վրա էր Բերեզովսկին: Երկրորդ խաղակեսի սկզբում ունեինք 2-3 գոլային հնարավորություն, որոնք, ցավոք չկարողացանք իրացնել: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, գործեց չգրված օրենքը՝ չես խփում դու, խփում են քեզ:

Լիտվայի հավաքականի հետ մրցավեճում խփեցիր ազգային հավաքականի կազմում քո 10-րդ գոլը: Քեզ ընդամենը մեկ գոլ է մնացել հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանին հասնելու համար: Երբ նոր էիր սկսում խաղալ հավաքականում, ենթադրու՞մ էիր, որ այսքան շուտ կկարողանաս հասնել այդ շեմին:

-Իհարկե չէի կարող մտածել, որ կկարողանամ 10 գոլ խփել: Բայց հիմա, արդեն զգալով այդ գոլերի համը, կփորձեմ ոչ թե 20, այլ նույնիսկ 30 գոլ խփել Հայաստանի հավաքականի կազմում:

Քո կարծիքով ո՞րն էր 2012 թվականի ընթացքում քո ամենահաջող խաղը:

-Այդ հարցին ավելի լավ կպատասխանեն երկրպագուները, իսկ ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի հետագա հանդիպումներում նույնպես հաջող հանդես գամ: Եթե ինչ-որ տեղ չստացվի, կշարունակեմ էլ ավելի շատ աշխատել, որպեսզի կարողանամ ուրախացնել մեր բազմահազար երկրպագուներին:

Իսկ կարո՞ղ ես նշել մինչև հիմա խփած գոլերիցդ ամենագեղեցիկը և ամենակարևորը:

Ընդհանրապես, եղել են շատ գոլեր՝ տարբեր համի, տեսակի կամ դժվարության, բայց ինձ համար մինչև հիմա ամենագեղեցիկը «Կրիվբասի» հետ գավաթային խաղում խփածս առաջին գնդակն է «Շախտյորի» կազմում: Ազգային հավաքականում ամենագեղեցիկը, հավանաբար, Մակեդոնիայի հավաքականի դարպասը խփած գնդակն էր: Իսկ ամենակարևորը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում խփած գնդակն էր, երբ Երևանում 2-1 հաշվով հաղթեցինք Թուրքիայի երիտասարդական հավաքականին:

— «
Շախտյորում» և ազգային հավաքականում մարզիչների կողմից քեզ տրվող առաջադրանքները տարբերվու՞մ են, թե՞ հիմնականում կատարում ես նույն ֆունկցիաները:

-Դա կախված է հանդիպման դժվարությունից և այն հանգամանքից, թե ում հետ և որտեղ ենք խաղում: Ե´վ Վարդան Մինասյանը, և´ Միրչա Լուչեսկուն որոշակի խաղերի տալիս են առաջադրանք վնասազերծել մրցակցի խաղացողներին կամ փորձել հաղթել մրցակցին, իսկ ես իմ կողմից փորձում եմ ի կատար ածել նրանց հրահանգները:

Օրինակ, ազգային հավաքականում անկյունայինների ժամանակ հիմնականում լինում ես կամ հենց տուգանային հրապարակում, կամ նրա մատույցներում, իսկ «Շախտյորի» կազմում շատ հաճախ հայտնվում ես վերջին պաշտպանի դիրքում: Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում Միրչա Լուչեսկուն՝ քեզ այդպիսի առաջադրանք տալով:

-Լուչեսկուն ինձ ետ է քաշում, որպեսզի ես խանգարեմ մրցակցին արագ հակագրոհներ կազմակերպել և խափանեմ նրա առաջխաղացումը:

Հենրիխ, ազգային հավաքականը տարին եզրափակում է ընդամենը 3 միավորով: Ինչպե՞ս ես գնահատում մեր հնարավորությունները 2013 թվականից առաջ:

-Աշխատելու ենք չկենտրոնանալ միավորների վրա, այլ փորձելու ենք լավ խաղալ, իսկ այդ պարագայում միավորներն ինքստինքյան կգան: Ազգային հավաքականի բոլոր տղաներն էլ վստահ են իրենց ուժերին և ժամանում են հավաքական՝ համոզված լինելով, որ կարող են հաղթել ցանկացած մրցակցի: Կարծում եմ՝ 2013-ը ավելի հաջող տարի կլինի, քան 2012-ը:

Ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի՝ դու Եվրոպայի ամենաճանաչված ֆուտբոլիստն ես: Դու նաև մի քանի անգամ ճանաչվել ես «Շախտյորի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ եւ այլն: Այս ամենն ի՞նչ է փոխել Հենրիխ Մխիթարյանի մեջ:

-Ոչինչ չի փոխվել, ուղղակի կարող եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, քանի որ հաճելի է ունենալ այդպիսի երկրպագուներ: Կարծում եմ, որ իմ մեջ ոչինչ էլ չի փոխվել, քանի որ դեռ շատ նպատակներ ունեմ և պետք է անեմ ամեն ինչ, որպեսզի մեր ազգն ավելի շատ ուրախանա ինձնով:

Ուկրաինայում դու հավանաբար ամենաճանաչված մարդկանցից մեկն ես: Վերջին շրջանում քո լուսանկարները հայտնվեցին դրամների վրա, որը նույնիսկ համարում են «Շախտյորի»՝ վերջին տարիների լավագույն մարքետինգային նախագծերից մեկը: Դու մասնակցում ես նաև գովազդային տարբեր ակցիաների: Ինչպե՞ս ես վերաբերվում այդպիսի երևույթներին:

-Որքանով որ տեղյակ եմ՝ լուսանկարները հայտնվել են ոչ թե դրամների, այլ կտրոնների վրա, իսկ մարկեթինգին վերաբերվում եմ նորմալ, քանի որ դա իմիջային հարց է: Եթե ֆուտբոլիստի կարիքը կա, նա պետք է մասնակցի մարկետինգային ակցիաներին, նկարահանվի ինչպես տեսահոլովակներում, այնպես էլ ամսագրերում՝ փորձելով պահպանել հետաքրքրությունը:

Ինչպես ե՞ս պատրաստվում անցկացնել արձակուրդդ:

Առայժմ կլինեմ Երևանում, իսկ մոտ օրերս, հնարավոր է, մեկնեմ ինչ-որ տեղ հանգստանալու:

Ի՞նչ սպասելիքներ ունես 2013 թվականից և ի՞նչ կմաղթես ֆուտբոլասերներին:

Կմաղթեմ նրանց քաջառողջություն, համբերություն և հավատ մեր ուժերի նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է սպասելիքներին, հույս ունեմ, որ 2013-ը կլինի ավելի հաջողակ ոչ թե 2012-ից, այլ 2010-ից և 2011-ից:

 

Նախորդ հոդվածը‘Հերթը հասավ փիլիսոփայությանը. ԵՊՀ հերթական կեղծված դասագիրքը’
Հաջորդ հոդվածը‘Փարիզի Աստվածամոր տաճարը դառնում է 850 տարեկան ‘