‘Հետազոտություն. Օղին ՌԴ-ում բարձր մահացության հիմնական պատճառներից է’

658

Ռուսաստանում օղու չափից ավելի գործածումը շարունակում է լինել մահացության բարձր մակարդակի հիմնական պատճառներից մեկը  մինչև 55 տարեկան ռուսաստանցի տղամարդկանց շրջանում: Միջազգային նոր լայնածավալ հետազոտության համաձայն, որի արդյունքներն այսօր հրապարակվել են The Lancet գիտական ամսագրում, Ռուսաստանում մինչև 55 տարեկանը չի ապրում տղամարդկանց 25 %-ը, մինչդեռ Մեծ Բրիտանիայում, օրինակ, այդ տարիքին չի հասնում տղամարդկանց 7 %-ը:

Զեկույցում նշվում է, որ մահացության  մակարդակը ՌԴ-ում շարունակում է մնալ շատ բարձր՝ չնայած օղու թանկացմանը և գիշերային ժամերին դրա վաճառքի արգելքին: Ավելի քան 10 տարի տևած հետազոտության շրջանակներում գիտնականները դիտարկել են սպիրտային խմիչքներ օգտագործող ավելի քան 150 հազար ռուսաստանցիների: Դիտարկման ընթացքում մահացել է նրանցից 8 000-ը:

Զեկույցում նաև նշված է, որ վաղաժամ մահվան ռիսկային խմբում են 35-54 տարեկան այն տղամարդիկ, ովքեր ծխում են և խմում շաբաթը մեկուկես լիտրից ավելի օղի, այստեղ մահացությունը կազմում է 35 %:

ՌԴ-ում մահացության բարձր մակարդակի և օղու կապը վաղուց է հայտնի: Դեռևս 2009 թ. անցկացված հետազոտության տվյալներով՝ 15-ից 54 տարեկան ռուսաստանցիների մահացության դեպքերի ավելի քան կեսը կապված է ալկոհոլի չափից ավելի օգտագործման հետ, նշում է n.tv ինտերնետ-պորտալը:

Նախորդ հոդվածը‘Բիլ Գեյթսը կհեռանա Microsoft-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Ինչ տեղի ունեցավ ձմեռային տրանֆերային պատուհանի ընթացքում’