‘Հիլարի Քլինթոնի զեկույցը քննարկվել է ծայրահեղ լարված մթնոլորտում ‘

625

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունվարի 24-ին Սենատում իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս ծայրահեղ հուզառատ կերպով է  հերքել պնդումներն այն մասին, թե Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունը գիտակցաբար ժողովրդից թաքցրել է Լիբիայում ԱՄՆ դեսպանատան վրա իրականացված հարձակումը (միջադեպի հետևանքով զոհվել էր ԱՄՆ դեսպանը, ինչպես նաև՝ դեսպանատան 3 աշխատակիցներ), հայտնում է Интерфакс-ը:

«Մարդիկ մեղադրում են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսին և աշխատակազմին՝ պնդելով, որ նրանք մոլորության մեջ են գցել ամերիկացիներին: Ես իրադարձությունների կիզակետում եմ եղել, հասկացել եմ, թե  ինչ է կատարվում և վստահաբար կարող եմ ասել, որ դա այդպես չէ»,- հայտարարել է Քլինթոնը Բենգազիի դեպքերին նվիրված զեկույցում:

Երբ հանրապետական թևի սենատորներից մեկը Քլինթոնին մի քանի անգամ հարցրել է, թե ինչու է Սպիտակ տունը սկզբնական շրջանում դեսպանության հարձակման պատասխանատվությունը դրել ցուցարարների ուսերին, Քլինթոնը բռունցքով հարվածել է սեղանին և բացականչել. «Իսկ ի՞նչ տարբերություն: Մեր խնդիրն այն է, որ հասկանանք, թե ինչ է կատարվել և թույլ չտանք, որ դա այսուհետ կրկնվի, սենատոր»:

«Ինձ համար սա պարզապես քաղաքականություն չէ, սա նաև անձնական հարց է: Ես նախագահ Օբամայի կողքին էի կանգնած, երբ զինվորականները ինքնաթիռից իջեցնում էին դրոշով ծածկած դագաղները… Ես գրկում էի մայրերին և հայրերին, քույրերին և երբայրներին, որդիներին և դուստրերին, կանանց, որոնք միայնակ եմ մեծացնելու իրենց զավակներին»,- արցունքներից դողացող ձայնով հավելել է Քլինթոնը:

Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը պատրաստվում է լքել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը: Ինչ վերաբերում է նրա հետագա գործունեությանը, ապա բազմաթիվ վերլուծաբանների համոզմամբ՝ 2016 թ. նախագահական ընտրություններում նա կարող է ներկայացնել դեմոկրատական թևը:

Նախորդ հոդվածը‘Իկեր Կասիլյասի ձեռքի վնասվածքը շատ ավելի լուրջ էր. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը’