‘
Պաշտոնական տվյալների համաձայն, հոկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանի մշտական բնակչությունը 3 միլիոն 13.9 հազար է: Հունվարի 1-ի համեմատ այս թիվը նվազել է 3.2 հազարով:
«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Զարմանահրաշ բաներ են տեղի ունենում: Նույն պաշտոնական վիճակագրության համաձայն, այդ նույն ժամանակահատվածում (տարեսկզբից մինչև հոկտեմբերի 1-ը) Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է 104.2 հազար մարդ: Հարց է ծագում` ինչպե՞ս է պատահել, որ Հայաստանից 104.2 հազար մարդ անվերադարձ հեռացել է, բայց «մշտական բնակչությունը» նվազել է ընդամենը 3.2 հազարով: Այստեղ հնարավոր է երկու տարբերակ. կամ վերջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 101 հազար երեխա, իսկ մահեր ընդհանրապես չեն արձանագրվել, կամ էլ 101 հազար մարդ օրինական ճանապարհով հեռացել է Հայաստանից, իսկ հետո` թաքուն, մթության քողի տակ ապօրինաբար հատել ՀՀ սահմանն ու վերադարձել երկիր:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ստացվում է, որ ՀՀ «մշտական բնակչության» զգալի մասը մշտապես բնակվում է Հայաստանից դուրս:
‘