‘Վահագն Խաչատրյան. Աննպատակ բյուջե է’

184142

iLur.am-ի զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը

Պարոն Խաչատրյան, ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվեցին 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ի՞նչ տպավորություն ունեք այդ բյուջեից, եւ քանի որ կառավարությունն այն որակել է «սոցիալական բյուջե», արդյո՞ք համամիտ եք այդ անվան հետ:

-Չգիտես ինչու՝ կառավարությունը փորձում է ամեն անգամ բյուջեին ինչ-որ անուն տալ: Իրականում լավ կլիներ՝ բացատրեին, թե ի՞նչ է նշանակում սոցիալական բյուջե: Բա ուրիշ ի՞նչ բյուջե պետք է լիներ: Բյուջեն հենց քաղաքացիներին անհրաժեշտ ծախսերը լուծելու, ֆինանսական, սոցիալական խնդիրները լուծելու համար է: Եթե առողջապահության, սոցիալական կամ կրթական ոլորտներին տրամադրված գումարների տեսակարար կշիռը մեծ է, եւ դա նկատի ունենալով են «սոցիալական բյուջե» անվանում, խնդրեմ: Միայն թե, ցանկացած երկրում էլ այդպես է:

Ես խնդրին այլ կերպ եմ նայում, եւ դա ապացուցեցին բյուջեի վերջին քննարկումները: Մեր երկրում ընդհանրապես չես հասկանում, թե իշխանություններն ի՞նչ են ուզում անել, ի՞նչ նպատակներ են դրված: Որեւէ կոնկրետ ծրագիր այդտեղ չկա: Ամենամեծ թերությունը՝ չի երեւում այդ փաստաթղթի նպատակը, իսկ չի երեւում՝ քանի որ այն ձեւակերպված չէ: ՀՀԿ-ն խուսափում է կոնկրետությունից, որովհետեւ, նախ, պետք է ասի, թե ինչ է ուզում անել, ու ներկայացնի, թե ինչ ճանապարհով է ցանկանում դա անել: Ի վերջո, բյուջեն նաեւ տնտեսական զարգացման ծրագիր է, ուստի՝ պետք է այնտեղ հստակ երեւա նպատակը:

Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ ի տարբերություն նախորդ կառավարության ներկայացրած ծրագրերի՝ այս տարվա բյուջեում մուտքերը քիչ են ավելացել: Նախորդ տարիներին մոտ 100 մլրդ դրամի չափով էր ավելանում բյուջեն, հիմա՝ 50 մլրդի չի հասնում:

-Սա նշանակում է, որ տնտեսությունը հայտնվել է անհեռանկարային վիճակում: Կառավարությունը 2015թ. բյուջեն կազմել է՝ հիմքում ունենալով այդ տարվա բյուջեն, այս տարի գրանցված ցուցանիշները: Իսկ այս տարվա բյուջեի կատարումը հայտնվել է անհեռանկարային վիճակում: Այսօրվա իշխանությունն էլ չի տեսնում որեւէ ապագա՝ բյուջեի եկամուտների ավելացման հարցում: Բյուջեի եկամուտների ավելացման աղբյուրներից մեկը պետք է լինի ստվերի կրճատումը կամ տնտեսության զարգացումը:

ինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասել էր, թե բյուջեի եկամուտները կավելանան ԵՏՄին անդամակցելուց հետո, երբ 1,13 գործակցով ավելանան մաքսատուրքերը:

-Կա նման հաշվարկ, կանխատեսվում է մաքսատուրքերի անվան տակ մինչեւ 250 մլն դոլար լրացուցիչ հարկի ավելացում: Բայց որքանո՞վ իրականություն կդառնա դա, դեռ հարցական է՝ նկատի ունենալով ԵՏՄ անդամ երկրների ներսում տեղի ունեցող իրադարձությունները, ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները, ռուբլու արժեզրկումը: Ի վերջո, ԵՏՄ-ի ստեղծման հիմնական նպատակը ՌԴ տնտեսությունը պաշտպանելն էր: Դա նշանակում է ներքին արտադրության խթանում, դա նշանակում է ներմուծման ծավալների կրճատում: Իսկ դա նշանակում է՝ մաքսատուրքերի կրճատում: Եթե ՌԴ-ն լուծում է այս խնդիրը, մենք այդ լրացուցիչ մաքսատուրքերի ակնկալիքը չպետք է ունենանք: Այնպես որ, այս ամենը դեռ խոսակցություններ են: Նույն փոխնախարարը ասել էր, թե 2015թ. բյուջեի նախագծում հաշվի չեն առել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հետեւանքները, չեն արել համապատասխան հաշվարկներ: Հասկանում եմ, թեեւ այդ փաստաթուղթը դեռ ուժի մեջ չի մտել, բայց զուտ մասնագիտական առումով՝ պետք է համապատասխան հաշվարկներ արած լինեին ու հիմա հստակ ներկայացնեին: Տարբեր մակարդակներում միայն հայտարարում էին, թե ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը կարող է ՀՀ ՀՆԱ 4-5 տոկոսի աճ ապահովել: Բայց սա էլ իրականության հետ որեւէ առնչություն չունի, եւ մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու, գոնե՝ առաջին մի քանի տարիներին: Նկատի ունեմ, օրինակ, գնաճը: Դրսից ներմուծվող շատ ապրանքների մաքսատուրքերի բարձրացման հետեւանքով գնաճ է սպասվում, ինչը նշանակում է կենսամակարդակի անկում: Եվ այս դեպքում ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք փոխհատուցելու սա, արդյո՞ք ներքին արտադրության հաշվին կարող ենք փակել այդ բացը: Որեւէ մեկը նման հաշվարկներ չի արել, ինչ ասել են՝ միայն սիրողական մակարդակով:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘ՀՀ «մշտական բնակչության» զգալի մասը մշտապես բնակվում է Հայաստանից դուրս. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Լիսկայի որդու մասնակցությամբ տեղի ունեցած վթարի դեպքով հարուցվել է քրգործ’