‘ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է «Մարշալ Բաղրամյան» զորավարժարան ‘

1024

Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարան, որտեղ տեղակայված են «Փոխգործակցություն 2012» զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումները:
Ինչպես ilur.am-ին հայտնեցին ՊՆ մամլո ծառայությունից, այցելության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է վրանային ավանում, ծանոթացել զորավարժություններին մասնակցող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հանդիպել է ազգային ստորաբաժանումների հրամանատարների հետ: Անցկացված խորհրդակցության ընթացքում Սեյրան Օհանյանը տվել է մի շարք ցուցումներ և հրահանգներ՝ զորավարժության նախապատրաստական աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:
Զորավարժության ընթացքում կիրառվող զինտեխնիկայի ցուցադրման հրապարակում անցկացված ստուգայցից հետո ՀՀ պաշտպանության նախարարը  ներկա է գտնվել «Փոխգործակցություն 2012» զորավարժության երկրորդ վարժանքին՝ մարտական հրաձգությամբ: 
Այցելության ավարտին Սեյրան Օհանյանը նշել է, որ զորավարժության նախապատրաստական աշխատանքների ընթացքում ցուցաբերված արդյունքները գոհացուցիչ են, և հավելել, որ Հայաստանը պատրաստ է «Փոխգործակցություն 2012» զորավարժությանը:

Նախորդ հոդվածը‘Գևորգ Ղազարյանը ներողություն է խնդրել’
Հաջորդ հոդվածը‘Հալեպի հայաշատ թաղամասում իրավիճակը հանդարտվել է’