‘ՀՅԴ արտագաղթի կանխարգելմանն ուղղված ծրագրի հիմնադրույթները ‘

1009

«Մենք ապրելու ենք մեր երկրում». ՀՅԴ արտագաղթի կանխարգելմանն ուղղված ծրագրի հիմնադրույթները

Հայաստանի առջև ծառացած խոշորագույն մարտահրավերը ազգային անվտանգության սպառնալիքի վերաճած արտագաղթն է:

Վերլուծությունները փաստում են, որ երկրից հեռանալ ցանկացողների թիվը չափազանց մեծ է: Արտագաղթի հիմնական պատճառներն են աշխատանք և բավարար ապրուստ չունենալը, արդարության նկատմամբ հավատի բացակայությունն ու հեռանկար չտեսնելը:

Երկրում ստեղծվել է մի վիճակ, երբ, չկարողանալով ինքնադրսևորվել, շատերը՝ իրենց և սերունդների ապագայի անորոշությունից դրդված, լքում են հայրենիքը:

Երկրի բազմաբնույթ խնդիրների ամբողջական և համապարփակ լուծումների հիմքը ազգային մտածողություն ունեցող, բարոյական չափանիշներով ապրող նոր որակի քաղաքական վերնախավի (էլիտայի) ձևավորումն է։ Վստահ ենք՝ արմատական բարեփոխումներ նախատեսող յոթ առաջնահերթ գործողությունների ՀՅԴ պլատֆորմի իրագործումը կստեղծի այդպիսի վիճակ:

Բայց այն նախ պետք է ընկալելի դառնա քաղաքական իշխանության, ընդդիմության և հասարակության բոլոր շերտերի կողմից: Հետևաբար օր առաջ պետք է նպատակային քաղաքականությամբ, հասարակական ամենալայն շրջանակների համախմբամբ հասնել իշխանությունների որակական փոփոխության, երկրում ձևավորել քաղաքացու կյանքի, ազատության և սեփականության անձեռնամխելի իրավունքների երաշխավորման համակարգ: Այդ դեպքում հեռանալու որոշումը մարդիկ կփոխեն երկրում արժանապատիվ ապրելու որոշման:

Առ այդ առաջնահերթ է.

Տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը: Վարել անձի չվարկաբեկվածության, անհրաժեշտ ունակության ու փորձառության  վրա հիմնված կադրային  քաղաքականություն: Պաշտոնատար անձը պետք է գործի թափանցիկ և հաշվետու լինի հանրությանը: Քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդներին քաղաքական ու կառավարման համակարգում ինքնադրսևորման լայն հնարավորություն պետք է տալ:

Ստեղծել նոր աշխատատեղեր և արդարացի վարձատրության համակարգ։

Հարկային և մաքսային քաղաքականությունը դարձնել կանխատեսելի, ներդրումները խրախուսող: Վերանայել տուրքի, տուգանքի, պարտադիր այլ վճարի անվան տակ հոգուտ մասնավորի դրամ կորզելու գործելաոճը (կարմիր գծեր, չափագրող սարքեր և այլն):

Սոցիալականից անցնել արդյունաբերական գյուղատնտեսության:

Կրթությունը դարձնել որակյալ և մատչելի, ապակուսակցականացնել կրթական համակարգի ղեկավարումը:

Ապահովել յուրաքանչյուր քաղաքացու` նվազագույնից ոչ ցածր եկամուտ և բնակտարածք ունենալու իրավունքի իրացումը:

Ներդնել առողջության պարտադիր ապահովագրության համակարգ` սկսելով  ազատամարտիկներից և նրանց ընտանիքներից:

Վերացնել անպատժելիությունը, իրականացնել արդարադատության հաստատման օրենսդրակիրառական վերափոխումներ: Բացառել գերակա հանրային շահի և այլ հիմնավորումներով սեփականության իրավունքից զրկելը:

Բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը, իրականացնել վերաբնակեցում:

Դիմագրավել հակահայաստանյան քարոզչությանը, ձևավորել Հայաստանում արժանապատիվ ապրելու համոզում ու ազատ քաղաքացու կերպար: Քաղաքական իշխանության և նրա ծրագրերի քննադատությունը չպետք է դիտվի որպես երկրի քննադատություն, իսկ իշխանություններին և նրանց ծրագրերը քննադատողները չպետք է այն վերածեն երկրի քննադատության:

«Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագրի նշված ուղղությունները ներառում են կոնկրետ քայլեր:

Ծրագրի գործադրման մեջ պատասխանատվություն պետք է ստանձնի քաղաքական իշխանությունը, անելիքներ ունեն ընդդիմությունը, զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիական հասարակությունը, հասարակական-քաղաքական հատվածը, եկեղեցին, սփյուռքի ազդեցիկ շրջանակաները, մտավորականությունը և հատկապես երիտասարդությունը:

Ծրագրի արդյունավետ գործադրման երաշխիքը հասարակության լայն համախոհությունը, պահանջների բյուրեղացումն ու կազմակերպվածությունն է, ինչն ապահովելու նպատակով նշված բոլոր հասցեատերերի հետ, կարճ ժամանակահատվածում, իրականացվելու են ծրագրային գործողությունների և դրանց ճանապարհային քարտեզի քննարկումներ:

Լայն համաձայնությամբ ձևավորված ամբողջական ծրագրի գործադրմանը խոչընդոտող ցանկացած արգելք համախմբված հասարակության կողմից պետք է գնահատվի որպես անկախ պետականության սպառնալիք և վերացվի սահմանադրությամբ չարգելված  գործողություններով:

Պահի լրջությունը պահանջում է մեկտեղել բոլորիս ուժերը, ցուցաբերել կամք և վճռականություն, ձեռնարկել գործողություններ` վերականգնելու ապագայի նկատմամբ հավատը, նվազեցնելու արտագաղթի տեմպերը, հիմքեր ստեղծելու ներգաղթի կազմակերպման և պետականության հզորացման համար:

Համոզված ենք՝ ծրագրի կատարումը ներազգային համերաշխության և միասնականության ապահովման հիմքն է:

Նախորդ հոդվածը‘Հարցեր, որ պետք է հնչեին Սերժ Սարգսյանի ինքնաասուլիսի ժամանակ ‘
Հաջորդ հոդվածը‘Հայերի գյուտերը’