‘Հովհաննես Իգիթյան. Գուցե Ռոբերտ Քոչարյանը երկու տարի հետո վերադառնա, բայց միայն որպես վարչապետ’

773

Գյումրիի քաղաքապետի ընտրություններն անցել են հանդարտ, պարզապես լրագրողներն են գույները խտացրել: Նման կարծիք հայտնեց ԱԺ հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանի հետ տեղի ունեցած բանավեճի ընթացքում: Նրա ընդդիմախոսը հեգնանքով հակադարձեց, թե միգուցե լրագրողնե՞րն էին կրակոցները կազմակերպել և հետո լուսաբանել:

Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի աղմկահարույց խորհրդակցությանը՝ Սուքիաս Ավետիսյանը կարծիք հայտնեց, թե որևէ հակասություն չի տեսնում Սերժ Սարգսյանի՝ կառավարության հետ խորհրդակցության ժամանակ և համագումարին հնչեցրած հայտարարությունների միջև: 

«Ընդհանուր առմամբ՝ խոսքը գնացել է պետական գնումների քաղաքականության մասին, դա չի նշանակում, որ տնտեսությունը վատ վիճակում է, Սերժ Սարգսյանը շատ ճիշտ է ասել ու շատ լավ է նշել խնդիրները»,- ասել է նա: 

«Ուզում եմ հավատալ Սերժ Սարգսյանի անկեղծությանը, իր ելույթը ցույց տվեց, որ ինքը հասել է մի կետի, որից հետո անհնարին է ղեկավարել երկիրը, իսկ նախագահի թիմը աշխատանքները ձախողել է»,- կրկին հակադարձեց Հովհաննես Իգիթյան՝ նշելով, որ ինքը չի համարում, թե Սերժ Սարգսյանն ամենամեծ օլիգարխներից է, և եթե վերջինս չի կարողանում իր ընտանիքին ու ընկերներին սաստել, ուրեմն պետք է հրաժարական տա:

Իգիթյանի կարծիքով՝ գալիք նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանին հակակշիռ թեկնածու չի լինի, քանի որ ընտրություններին հաղթում են ադմինիստրատիվ ռեսուրսը և փողը, իսկ դրանք ունի միայն Սերժ Սարգսյանը: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա, ըստ Հովհաննես Իգիթյանի, վերջինս կշարունակի հեղինակազրկման ուղին՝ առաջադրելով Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը հնարավոր է միայն երկու տարի հետո՝ որպես ՀՀ վարչապետ:

 

 

Նախորդ հոդվածը‘Հայ ֆուտբոլասերների արկածները Բուլղարիայում’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի բանտերից մեկում ծագած սկանդալը ստիպեց նախարարին հրաժարական տալ’