‘Հրանտ Բագրատյան. Եթե ՀՀԿ-ն չգա արտահերթ նիստին, իրեն խայտառակ կանի’

914

«Ես Սերժ Սարգսյանին խորհուրդ կտայի բյուջետային լսումները մի հատ կարդար, հասկանար, ինքը տեղյակ չի»: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Հետադարձ կապ չունի, ո՞վ պետք է իրեն բացատրի, նույնիսկ կառավարությունն իրավիճակը չի հասկանում: Ո՞նց կարելի է լինել հանրապետության ղեկավար ու չիմանալ էս ամեն ինչը: Սրանից կարևոր էլ ի՞նչ կա: Ձեզ համար ի՞նչն է կարևոր: Բյուջեն: Բյուջեից դուրս, տնտեսությունից դուրս՝ քաղաքականությունն ի՞նչ է: «Մուտիլովկա»: Ռեալ կյանքը, ռեալ աշխատանքը բյուջեն է, երկրի տնտեսությունը: Էսօր էդ պատկերը ավելի լավ, քան կառավարությունը, գիտի ընդդիմությունը: Բյուջետային քննարկումնների հիմնական եզրակացությունը սա է»,- հայտարարեց Բագրատյանը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի նախաձեռնությամբ առաջիկայում կայանալիք արտահերթ նիստին՝ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ եթե Հանրապետական կուսակցության պատգամավորները չգան նիստին, իրենց խայտառակ կանեն:

«Այդ փոփոխություններում շատ սովորական բաներ են ասվում: Մենք ինչո՞ւ ենք ցուցակներում գրում նրանց, ովքեր արդեն 10 տարի է, ասենք, Մոսկվայում են: Շատ տրամաբանական է, չէ՞: Եթե մարդը արդեն 700 օր այստեղ չի եղել, ավտոմատ երբ մտնում, դուրս է գալիս, այդ ինֆորմացիան գալիս է բնակչության ռեգիստր: Կարող են գալ, այլ բան բացատրել, բայց այդ նիստին չգալ, նշանակում է, որ ՀՀԿ-ն ասում է, որ ձեզ հետ ազնիվ պայքարի ես պատրաստ չեմ: Տրամաբանությանը դեմ են, դրա համար քվորում չի լինի՞, պիտի անպայման անտրամաբանական օրակարգ լինի՞»,- ասաց Բագրատյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը տեղի կունենա նոյեմբերի 21-ին:

Նախորդ հոդվածը‘Ովքեր են Քոչարյանի իրական վերակենդանացնողները ‘
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայում կստեղծվի հատուկ ծառայությունների իրազեկիչների միասնական ռեեստր’