‘Ովքեր են Քոչարյանի իրական վերակենդանացնողները ‘

1353

Իշխանական, իշխանամերձ ու իշխանությունից սնվող լրատվամիջոցները, բնականաբար, նորից դարձ են կատարել ի շրջանս յուր: Հատկապես «անկախ» լրատվամիջոցների համար՝ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած խայտառակ այցը «մաքրելու» եւ պարզաջրելու ամոթալի գործն ավարտին հասցնելուց հետո, վերջիններս նորից անցել են իրենց բուն գործին, եւ խոսում են այն մասին, թե իբր Հայ ազգային կոնգրեսն ու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը զբաղված են Քոչարյանին վերակենդանացնելով: Բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը նրանց համար լավ «սնունդ» էր այդ առումով: Սակայն եթե մի փոքր ավելի ուշադիր նայենք իրադարձությունների զարգացմանը, ապա ակնհայտ կդառնա մի շատ տրիվիալ իրողություն. այսօր իրականում Ռոբերտ Քոչարյանի վերակենդանացմամբ զբաղված են բացառապես իշխանական եւ իշխանամերձ լրատվամիջոցներն ու վերլուծաբանները, բնականաբար՝ ոչ առանց Սերժ Սարգսյանի խնդրանքի: Իրականում ակնհայտ է, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը հենց Սերժ Սարգսյանի (հետեւաբար նաեւ` նրան սպասարկողների) փրկօղակն է:

Բանն այն է, որ Քոչարյանն այս պահին իշխանությունների եւ նրանց մերձակա լրատվամիջոցների համար դարձել է միակ փրկությունը, նրանց վերջին փամփուշտը: Այդ է պատճառը, որ այսօր Հայաստանում ինչ որ կատարվում է, քաղաքական ուժերն ինչ որ անում են, եթե դա վտանգ է ներկայացնում իշխանությունների համար, ապա դրան հակադարձում են մեկ եղանակով`  Ռոբերտ Քոչարյանի անունը տալով, թե իբր ամեն կատարվող գործընթացի հետեւում կանգնած է հենց Քոչարյանը:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն իր ասելիքն ասել է Ռոբերտ Քոչարյանի մասով` Քոչարյանը մարած քարտ է, մեռած քաղաքական գործիչ ու գործոն, հետեւաբար՝ նրան անդրադառնալն առնվազն զավեշտալի է:

Իսկ ահա եթե հաշվենք, թե վերջին մեկուկես տարվա ընթացքում իշխանական, իշխանամերձ, իշխանության շահերը սպասարկող լրատվամիջոցները քանի՞ նյութ են գրել, որտեղ, թեկուզ քողարկված, սակայն, իրականում կարեւորել են Քոչարյանին՝ որպես գործոն, վերլուծաբանները քանի՞ նյութ են հրապարակել նույն բովանդակությամբ, ապա հաշիվն անգամ կկորցնենք:

Օրական առնվազն մեկ նյութ: Ասել է թե՝ հենց նրանք երբեք հանրությանը հնարավորություն չեն տվել նույնիսկ մոռանալ Քոչարյանի մասին, հանրությունը հենց մի օր չի լսել այդ անունը, հաջորդ օրը կրկնակի  չափաբաժնով են այդ անունը շրջանառել, կարեւորություն տվել: Այո, այսօր Հայաստանում քոչարյանիզմով զբաղվող, Քոչարյանին կարեւորող, նրան գերագնահատող ու նրան որպես գործոն դիտարկող, նրան որպես կարեւոր գործոն անընդհատ շրջանառության մեջ պահող առաջին եւ հիմնական ուժը, առաջին հերթին, այսպես կոչված՝ «անկախ» լրատվամիջոցներն ու նախկին ընդդիմադիրներն են: Հենց նրանք են, որ թույլ չեն տալիս, որպեսզի կտրվի Քոչարյան եւ քաղաքական դաշտ կապը, նրանք ամեն օր թարմացնում են կամ գոնե փորձում են թարմացնել այդ կապը, անգամ եթե նման բան վաղուց գոյություն էլ չունի, միեւնույն է` նրանք ամեն ինչ անում են, որպեսզի հանրությունն  այն տպավորությունն ունենա, թե Քոչարյանն ամենազոր է, որ նա ամեն ինչ վերահսկում է, ամեն տեղ նրա ականջներն են եւ այլն, եւ այսպես շարունակ: Արդյո՞ք կա մեկը, որն ավելի մեծ ջերմեռանդությամբ է վերակենդանացնում Քոչարյանին, քան «անկախ» մամուլը: Իրականում նման ջերմեռանդություն ցուցաբերող այլ ուժեր կամ մարդիկ ուղղակի գոյություն չունեն: Այնպես որ՝ ակնհայտ է, որ հենց այս մարդիկ են վերակենդանացնում կամ, ավելի ճիշտ՝ փորձում են վերակենդանացնել Ռոբերտ Քոչարյանին:

Եւ ի դեպ, ինչպես ասում էին հին հռոմեացիները` «փնտրեք նրան, ում դա ձեռնտու է»: Այս պարագայում պետք է փնտրել հենց նրան: Ո՞ւմ է ձեռնտու, որպեսզի Քոչարյանը վերակենդանացվի, որպեսզի Քոչարյանի անվամբ մրոտեն այն գործընթացները, որոնք ձեռնտու չեն իշխանություններին: Բնականաբար՝ հենց իշխանություններին, իսկ ավելի կոնկրետ` իշխանությանը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի:

Քոչարյանի վերակենդանացման այս ամբողջ աղմուկը ձեռնտու է առաջին հերթին հենց Սերժ Սարգսյանին, հենց նա է, որ հույս ունի, թե Քոչարյանին վերակենդանացնելով, Քոչարյանի անունը իրականում նրա հետ կապ չունեցող գործընթացների հետ կապելով` հանրության մեջ հիասթափություն կառաջացնի այդ գործընթացների նկատմամբ: Ու եթե նա այդ խաղը շարունակում է անընդհատ ու չի դադարեցնում, նշանակում է՝ ինքն էլ հասկանում է, որ իր ուզած արդյունքին չի կարողանում հասնել:

Եւ ի դեպ, Քոչարյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա առերեւույթ ասում է, թե ինքը կապ չունի այսօրվա ԲՀԿ-ի հետ, սակայն դա անում է այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե իբր կապ ունի, իրականում հենց այդ խաղի մասին է խոսում: Տպավորություն է, որ հենց Սերժ Սարգսյանի խնդրանքով է Քոչարյանը նման հայտարարություն արել, որպեսզի հետո Սարգսյանն իր լրատվամիջոցների միջոցով հնարավորություն ունենա հայտարարելու, թե իբր քաղաքական դաշտում սկսված կոնսուլտացիաները, որոնք կարող են ավարտվել նաեւ հասարակական լայն կոնսոլիդացիայով,  արվում են Ռոբերտ Քոչարյանի ձեռքով:

Այնպես որ՝ կարող ենք արձանագրել, որ այսօր, ճիշտ այնպես, ինչպես եւ 2008-ին, քաղաքական դաշտի մի կողմում Սերժ Սարգսյանն է («անկախ» լրատվամիջոցներով եւ վերլուծաբաններով հանդերձ), որոնց հետեւում մեկ-մեկ երեւում են նույն Քոչարյանի ականջները, իսկ մյուս կողմում` ընդդիմությունն է ու հասարակությունը: Ուղղակի, հասարակության հնարավորինս լայն կոնսոլիդացիան կանխելու համար իշխանությունները երբեմն-երբեմն Քոչարյանի ականջները գետի այն ափից «ուղարկում են» եզրագծից այս կողմ: Բայց դա, ինչպես ասում են` ժամանակավոր երեւույթ է: Որքան էլ անկախ լրատվամիջոցներն ու նախկին ընդդիմադիրները փորձեն վերակենդանացնել Քոչարյանին եւ դրանով կանխել հասարակության համախմբումն ընդդեմ Սերժ Սարգսյանի, դա նրանց չի կարող հաջողվել. ժամանակը քիչ է, իրենց երեւակայությունն էլ անսպառ չէ:

Հ.Գ. Մնում է միայն հասկանալ, թե ինչո՞ւ «անկախ» լրատվամիջոցներին եւ նախկին ընդդիմադիրներին ձեռնտու են ճիշտ  նույն բաները, որոնք ձեռնտու են Սերժ Սարգսյանին:

 

Պարգեւ Ապրեսյան 

Կոլաժը` Մարկ Անտոնյանի ֆեյսբուքյան էջից

Նախորդ հոդվածը‘Իրանը վնասազերծել է արտասահմանյան հատուկ ծառայությունների գործակալների’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Եթե ՀՀԿ-ն չգա արտահերթ նիստին, իրեն խայտառակ կանի’